Նոր տարին կրկին դիմավորում ենք բանտերում փակված քաղաքական բանտարկյալներով. Սարգիս Հացպանյան (տեսանյութ)


Նոր տարին կրկին դիմավորում ենք բանտերում փակված քաղաքական բանտարկյալներով. Սարգիս Հացպանյան (տեսանյութ)

  • 26-12-2016 17:58:30   | Հայաստան  |  Հասարակություն



«Նոր տարին կրկին դիմավորում ենք մեր երկրի բանտերում փակված  քաղաքական բանտարկյալներով»,- նշում է տարածաշրջանային հարցերով փորձագետ և վերլուծաբան Սարգիս Հացպանյանը` ամփոփելով անցնող տարին:  
 
Ըստ նրա, եթե ինքը լիներ վարչապետ Կարեն Կարապետյանի փոխարեն, ապա նման պայմաններում Ամանորը չէր նշի: 
Ս. Հացպանյանի խոսքերով` Մոսկվայի կողմից Կ. Կարապետյանի նշանակումով հերթական անգամ ՀՀ Սահմանադրությունը ոտնակոխ արվեց: 
«Իբրև վարչապետ` Կ. Կարապետյանն իր առաջին Նոր տարին անցկացնելու է բանտերում լիքը քաղբանտարկյալներով, ինչն ամոթ է առաջին հերթին իր համար»,- ասաց նա` կոչ անելով վարչապետին բռնել մինչ օրս Հայաստանը թալանած գողերի ձեռքը: 
Հաջորդ կարևոր իրադարձությունը, որն առանձնացրեց Ս. Հացպանյանը, դա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի այցն էր Հայաստան: 
Փորձագետի կարծիքով` Հայաստանում Հ. Ռոհանիի կողմից արված հայտարարությունները և ստորագրված մի շարք համաձայնագրերն ուղղակի մեսիջ էին ուղղված Բաքվին այն մասին, որ Հայաստանն ի դեմս Իրանի` ունի հավատարիմ հարևան և գործընկեր: 
Անդրադառնալով ավելի գլոբալ իրադարձություններին` Ս. Հացպանյանը աննախադեպ որակեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը, որի պարագայում ըստ նրա` ԱՄՆ-ն այլևս հանդես չի գա աշխարհակալ դիրքերից: 
Վերլուծաբանի գնահատմամբ` հայ-ռուսական հարաբերություններում կա էական տեղաշարժ` ի վնաս Հայաստանի: Նրա պնդմամբ` Հայաստանը կորցրեց իր օդային սահմանները, հետևաբար այսուհետ ռուսաստանյան ռազմական մեքենան կվարվի այնպես, ինչպես որ ցանկանա: 
Իսկ ռուս-թուրքական հարաբերությունները Ս. Հացպանյանի համոզմամբ` միշտ էլ ջերմ են լինելու` անկախ նրանից, թե Թուրքիայի տարածքում ռուսական ինքնաթիռ կխոցվի կամ ռուս դեսպան կսպանվի: 
Որպես 2016 թվականի ամենակարևոր իրադարձություն` բանախոսն առանձնացրեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը կանգուն է, իսկ այսօր Հայաստանի սահմանները պաշտպանող զինվորները ոչնչով չեն զիջում Արցախյան ազատամարտը կերտած հայորդիներին: 
Ս. Հացպանյանի գնահատմամբ` 2017 թվականն ավելի բարդ տարի է լինելու, քանի որ առջևում խորհրդարանական ընտրություններ են, որոնք վճռորոշ դեր կարող են ունենալ հայ ժողովրդի հետագա ճակատագրի հարցում:     
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play