ՀԱՊԿ-ը լուրջ ճաքեր է տալիս. ինչպե՞ս պիտի գործի Հայաստանը


ՀԱՊԿ-ը լուրջ ճաքեր է տալիս. ինչպե՞ս պիտի գործի Հայաստանը

  • 28-12-2016 14:03:49   | Հայաստան  |  Հարցազրույցներ

1in.am Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Հայաստանի նախագահները: Իրադարձության ուշագրավ նորություններից մեկն այն էր, որ անդամները կրկին չհաստատեցին Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, քանի որ նիստին ներկա չի եղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչի պատճառով քվորում չի եղել և հարցը չի քննարկվել: ՀԱՊԿ գործող քարտուղար Նիկոլայ Բորդյուժան գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կդիտարկվի Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստին, որը կայանալու է 2017 թ. ապրիլին:
 
Հեյդար Ալիևի շքանշանակիրը
 
Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուն ռոտացիոն սկզբունքով պիտի ընտրվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում դեռ մեկ տարի առաջ՝ 2015 թ. դեկտեմբերին Մոսկվայում կայացած նիստի ժամանակ: Բայց այն ժամանակ ՀԱՊԿ անդամները որոշեցին, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների սրման պայմաններում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը կարող է դիտվել որպես բացահայտ քայլ Թուրքիայի դեմ, ուստի որոշում կայացվեց մեկ տարով երկարացնել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարումը: Հայաստանի ներկայացրած թեկնածուն չհաստատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը նաև հոկտեմբերին Երևանում կայացած նստաշրջանի ժամանակ, թեև Բորդյուժան մինչ այդ հայտարարել էր, որ Երևանում կհայտարարվի նոր գլխավոր քարտուղարի անունը: Հոկտեմբերին Երևանում կայացած գագաթնաժողովին չէր եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ պատճառաբանելով, թե իբր վատառողջ է: Այս անգամ Պետերբուրգի նիստին չէր մասնակցում Ադրբեջանի մեկ այլ դաշնակից պետության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը վերջերս Բաքվում Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել է Հեյդար Ալիևի անվան շքանշանով:
 
ՀԱՊԿ-ը անվտանգության երաշխավոր չէ
 
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, գնահատելով ՀԱՊԿ-ը որպես անվտանգային կառույց և անվտանգության երաշխավոր, հիշեցնում է՝ վերջին 2-3 տարիներին, երբ Հայաստանը ենթարկվում էր Ադրբեջանի ռազմական հարձակումներին, ՀԱՊԿ-ը որևէ կերպ չէր արձագանքում և հստակ դիրքորոշում չէր հայտնում դաշնակից պետության դեմ հարձակումները կանխելու համար: Իսկ սա արդեն խոսուն փաստ է ՀԱՊԿ-ի մասին:
 
«Եթե խոսում ենք անվտանգության մասին, ապա տեսնում ենք, որ այստեղ բացակայել է ՀԱՊԿ-ը և իր դիրքորոշումը, և մենք դարձել ենք խոցելի, ենթարկվել ենք հարձակումների և ունեցել ենք զոհեր այդ հարձակումների հետևանքով: Սա միանշանակ է, ապացուցված է և փաստարկված: Ինչ վերաբերում է նրան, որ Բելառուսը չի մասնակցել, և դա է եղել պատճառը, որ չենք կարողացել, փաստորեն, ունենալ ղեկավարում այդ մարմնում, սա էլ այն շարքին է պատկանում, որ իրականում մենք չունենք գործընկերներ և դաշնակիցներ ՀԱՊԿ-ում: Եվ եթե Ռուսաստանի հետ ունենք որոշակիորեն այլ հարաբերություններ, ապա ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ մեր հարաբերությունները, կարելի է ասել, գտնվում են հակասությունների մեջ: Եվ կան ՀԱՊԿ անդամ պետություններ, որոնք ավելի գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունեն հենց Ադրբեջանի հետ և դիտարկում են Ադրբեջանը՝ որպես իրենց գործընկեր տարածաշրջանում և նույնիսկ նաև եղբայրական պետություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Զարուհի Փոստանջյանը:
 
Պատգամավորը համոզված է, որ ՀԱՊԿ-ի ձևաչափը որևէ կերպ չի կարող հանդիսանալ անվտանգության երաշխիք Հայաստանի համար, հետևաբար Հայաստանը պետք է ամբողջությամբ վերանայի իր ազգային անվտանգության հայեցակարգը, որն իր մեջ պիտի ներառի այլընտրանքային մոտեցումներ:
 
«Այս պահին, կարծում եմ, դա առաջին հերթին նաև պիտի միտված լինի հայ-իրանական ռազմավարական և ռազմական հարաբերությունների ընդլայնմանը»:
 
Հարցին, թե այս պայմաններում ինչպե՞ս պիտի գործի Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում, Փոստանջյանը պատասխանեց. «Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը պիտի ձգտի վերականգնել իր ինքնիշխանությունը: Այդ ինքնիշխանության վերականգնումը կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ ժողովուրդն ունի իր ազգային իշխանությունները: Տվյալ պարագայում կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը չի ներկայացնում մեր ազգային իշխանությունը: Նա ուղղակի ենթակա անձ է, և ինչպես նրան թելադրեն և կարգադրեն, նա պատրաստ է իրականացնել այդ թելադրանքը և կարգադրանքը, թեպետ դա կհակասի հայ ժողովրդի շահին: Եվ դա էլ անում է»:
 
Անձերն ու ինստիտուտները
 
Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Գևորգ Մելիքյանը փաստում է, որ ի տարբերություն, օրինակ, ՆԱՏՕ-ի, որին պետությունները միանում են որոշակի ընդհանուր շահերի սկզբունքով, ՀԱՊԿ-ում, ընդհակառակը, շատ երկրներ փաստացի ունեն ուղղակիորեն իրար հակասող շահեր՝ նույնիսկ անվտանգության ոլորտում: Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ը չի կայացել որպես լուրջ ռազմաքաղաքական դաշինք: Թեև փորձագետը չի կարծում, որ այդ հակասությունները կարող են հանգեցնել ՀԱՊԿ-ի փլուզմանը, եթե նույնիսկ այն գործում է որպես ձևական կազմակերպություն:
 
Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց՝ ՀԱՊԿ-ի հիմնական նշանակությունն այն է, որ այդ կառույցը լեգիտիմացնում է կազմակերպությանը անդամակցող երկրների միջև զենքի վաճառքը, և ռազմական հարաբերությունների իրավական հիմք ստեղծում այս կամ այն երկրի, օրինակ՝ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև: Ըստ էության, ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի կետերից մեկն է:
 
ՀԱՊԿ-ը պետք է Ռուսաստանին՝ նաև որպես աշխարհաքաղաքական գործիք Արևմուտքի հետ հակադրության համատեքստում. Ռուսաստանը այն ներկայացնում է որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք: Բայց ՀԱՊԿ-ի խնդիրն այն է, որ այն չունի որոշումների կայացման ինստիտուցիոնալ մեխանիզմներ. ամեն ինչ որոշվում է անձերի մակարդակում:
 
«Երբ հետևում ենք ՀԱՊԿ-ի ներսում տեղի ունեցող տարբեր զարգացումներին, տեսնում ենք, որ այդ կառույցը լուրջ ճաքեր է տալիս: Ժամանակին դրված չի եղել այդ կառույցը՝ որպես ինստիտուտ ֆունկցիոնալ դարձնելու խնդիրը: Հիմա միայն Ռուսաստանը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ կառույցին, և արտաքին քաղաքականության հայեցակարգում, որ ընդունվեց 1 ամիս առաջ, ձևակերպումներ կան, որ ՀԱՊԿ-ը պիտի դառնա ավելի ֆունկցիոնալ: Կառույցն ինքնին զուրկ է ներսում ժողովրդավարական կառավարման ձևերից, որոշումներն ընդունվում են մի քանի երկրների ղեկավարների մակարդակում: Կոլեգիալ քննարկումներ չկան, ինչպես որ տեսնում ենք ՆԱՏՕ-ում կամ այլ ինստիտուտներում, որոնք կայացած կառույցներ են: Պարզ է, որ ինչ-որ մի պահից սկսած այն պետք է խնդիրներ առաջացներ տարբեր մակարդակներում: Հայաստանը գլոբալ առումով դժգոհ չի ՀԱՊԿ-ից. զենքը տրամադրվում է Հայաստանին, Հայաստանը օժանդակություն է ստանում այդ կառույցից, բայց երբ նա սկսում է աշխատել արդեն որպես ինստիտուտ, արդեն խնդիրներ են ծագում, որովհետև գիտենք՝ եվրասիական երկրներում ինստիտուտների կայացումը գլոբալ խնդիր է: Եվ նման տարաձայնությունները, որոնք բնականաբար քաղաքական հիմք ունեն, անձնական խնդիրներ՝ Լուկաշենկո, Նազարբաև, Սարգսյան, խոսում է դրա մասին, որ չեն կարողանում ինստիտուցիոնալ մոտեցում ցույց տալ, և ամեն ինչ անձերի մակարդակում է որոշվում: Փաստացի չկա կանոնակարգ, կան պահի տակ ընդունված որոշումներ, հետաձգումներ, ինչն, իհարկե, շատ բացասաբար է անդրադառնում կառույցի հեղինակության վրա: Իսկ Հայաստանը, որպես սպառող, ընդամենը փորձում է հասկանալ՝ ինչպե՞ս անի, որ առավելագույնս ամրապնդի իր դիրքերն այդ կառույցում, բայց տեսնում ենք, որ նույնիսկ քարտուղարության հարց չի կարողանում լուծել»,- նշեց Գևորգ Մելիքյանը։
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ