Ես չեմ տեսնում քաղաքական կամք պայքարելու մենաշնորհների և կոռուպցիայի դեմ.Ստեփան Գրիգորյան


Ես չեմ տեսնում քաղաքական կամք պայքարելու մենաշնորհների և կոռուպցիայի դեմ.Ստեփան Գրիգորյան

  • 28-12-2016 16:30:53   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

 

Պարոն Գրիգորյան, ամիսներ առաջ Ձեզ Ռուսաստանից վտարելու հարցով որևէ պաշտոնական պատասխան, ի վերջո, ստացա՞ք։ Նորություն կա՞։

 

Իրենք պատասխանեցին մեր ԱԳՆ-ի հարցմանը։ Ես գնահատում եմ ԱԳՆ-ի այս քայլը, քանի որ այն շատ կարևոր է քաղաքացու շահերը պաշտպանելու տեսակետից, լինի ընդդիմադիր, փորձագետ կամ ընդդիմադիր փորձագետ։ Պատասխանը հոկտեմբերին եղավ։ Միտքը մոտավորապես հետևյալն է՝ Ռուսաստանն ասում է՝ մենք չենք փոխում մեր կարծիքը, մենք արգելեցինք Գրիգորյանին մուտք գործել Ռուսաստան մինչև 2030 թվականը, քանի որ իր աշխատանքի էությունը մեզ համար վտանգավոր է։ Ինձ համար շատ կարևոր էր, որ Ռուսաստանը խոստովանեց, որ սա քաղաքական որոշում է։ Գիտեք, իրենք կարող էին ինչ ուզեին մոգոնեին, ասեին՝ Գրիգորյանը կրիմինալ է, բայց իրենք ազնվորեն ասում են, որ իմ գործունեությունը եվրոպական, ամերիկյան կազմակերպությունների հետ, իմ դիրքորոշումը հետխորհրդային տարածքում տարբեր հարցերի վերաբերյալ իրենց համար սպառնալիք է։ Դուք գիտեք իմ դիրքորոշումը, ես համարում եմ, որ Հայաստանը սխալ արեց, որ ԵՏՄ մտավ, Հայաստանի տեղը Եվրոպայում է,  ժողովրդավարությունը պետք է զարգացնենք և կոռուպցիայի դեմ պայքարենք: Ես համարում եմ, որ Ռուսաստանը Հայաստանում աշխատում է  կոռուպցիոն մեխանիզմներով, օրինակ՝ «Գազպրոմի» միջոցով, այլ կոռուպցիոն մեխանիզմներով։ Եվ պարզ է, որ սա դուր չէր գալիս Ռուսաստանին։ Բայց ինձ համար կարևոր է, որ պաշտոնական պատասխանի մեջ հստակ է գրված՝ պատճառները քաղաքական են։

 

Հայաստանում ԱՄՆ դեսպանը նշել էոր ամերիկյան բիզնեսը հետ քաշվեցերբ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, մինչդեռ ՀՀ իշխանությունները հայտարարում էինոր մեր ձեռքերը չեն կապվել այդ անդամակցությունիցկարող ենք համագործակցել Արևմուտքի հետ։ ԻՆչպե՞ս եք գնահատում դեպանի այս հայտարարությունը։

 

Ոչ միայն Միացյալ Նահագների, այլ նաև ԵՄ դեսպանը հաճախ անդրադառնում են և ասում, որ ԵՏՄ-ի հետ է կապված, որ ներդրումները Եվրոպայից և Միացյալ Նահանգներից փոքրացան, երկրորդ՝ Հայաստանը ռեալ չի պայքարում կոռուպցիայի դեմ։ Սրանք իրար շաղկապված հարցեր են։ Դուք լսե՞լ եք ԵՏՄ-ի շրջանակներում պայքար գնա կոռուպցիայի դեմ. չեք լսել։ Բայց նրանք հասկանում են, որ դու պետք է ունենաս անկախ դատարաններ, որ ամերիկյան կամ եվրոպական կազմակերպությունները գան այստեղ ներդրում անեն, դու պետք է անպայման պայքարես կոռուպցիայի, օլիգարխիայի դեմ։ Տեսեք՝ հիմա եվրոպական կամ ամերիկյան ընկերությունները գալիս են այստեղ և պատի են հանդիպում։ Այդ պատը օլիգարխն է, որն ասում է՝ այս ոլորտ չմտնես, ես քեզ թույլ չեմ տալիս։ Հիմա ո՞վ կարող է պաշտպանել այդ ներդրողին՝ պետությունը, անկախ դատարանները, ինչը մենք չունենք։ Եվ ակնհայտ է, որ այդ հայտարարությունները միտված են մեր իշխանություններին գլխավոր թերությունները մատնանշելուն, որ ուղղեք գլխավոր թերությունները, և այդ դեպքում ներդրումները կավելանան։

 

Բայց չէ՞ որ մինչև ԵՏՄ մտնելն էլ միշտ եղել են կոռուպցիոն հանձնաժողովներ, որոնք շատ հաճախ «վերահսկել» են հենց օլիգարխները, մասնավորապես Հովիկ Աբրահմյանն էր, Գագիկ Խաչատրյանը և ուրիշներ։

 

Մենք պետք է մեկ բան հասկանանք՝ իրենք ուսումնասիրում են։ Ասենք՝ դու ստեղծում ես հատուկ հանձնաժողով, որը պետք է կոռուպցիայի դեմ պայքարի։ Իրենք ուսումնասիրում են տեսնեն՝ այդ հանձնաժողովն անկա՞խ է, թե ոչ։ Գիտեք, եթե դուք ստեղծում եք հանձնաժողով, որի ղեկավար են նշանակում վարչապետին՝ գործող կամ նախկին, ավտոմատ այդ հանձնաժողովն ինքնուրույն չէ, և դա բոլորը հասկանում են։ Ի՞նչ է, այդ մարդիկ իրենց դեմ պետք է պայքարե՞ն։ Հայաստանում բոլորս իրար ճանաչում ենք, գիտենք ովքեր են օլիգարխներ, ովքեր են իրենց շահը խառնում պետության շահի հետ՝ իրենց շահն առաջ տանելով։ Եվ այնտեղ էլ գիտեն։ Եվ այստեղ հարցը ոչ միայն ԵՏՄ անդամակցությունն է, այլ նաև իրենք հետևում են, թե դու ինչ ես անում ներսում։ Լավ, ԵՏՄ անդամ ես, բայց դու կարո՞ղ ես գոնե քո երկրի ներսում պայքարել։

 

Էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ մենք շատ հետաքրքիր ուսումնասիրություն անցկացրինք։ Բացի կենտրոնական էթիկայի հանձնաժողովից, կան նաև էթիկայի հանձնաժողովներ բոլոր գերատեսչություններում, նաև մարզպետարաններում և այլն։ Մենք հարցում ուղարկեցինք՝ ինչպես են ձևավորվում այդ էթիկայի հանձնաժողովները օրենքի համաձայն, ովքեր են անդամները և այլն։ Պարզվեց՝ ոչ մի բողոք ոչ մի հանձնաժողովում։ Մենք հարցում անցկացրինք մոտավորապես 25 հանձնաժողովներում, պատկերացնո՞ւմ եք՝ ստեղծվել են հանձնաժողովներ, որպեսզի բողոքներ լինեն, պարզվում է, սակայն, որ բողոքներ չկան։ Պարզ է դառնում, որ սրանք ձևական բնույթ են կրում։ Եվ եթե մենք հասկացանք, հավաստիացնում եմ ձեզ, որ ամերիկացիներն էլ  հասկացան։ Այսինքն՝ այն ինստիտուտները, որ դու Հայաստանում ստեղծում ես, ձևական ես ստեղծում։

 

Հատուկ ուզում եմ նշել, որ նոր նշանակված վարչապետը կարծես թե ակտիվ ինչ-որ բան ուզում է անել, բայց հայտարարեց, որ մեզ մոտ մոնոպոլիաներ չկան։ Կներեք էլի, կարծես մեզ բոլորիս ձեռք առնի։ Այս հայտարարությունը շատ կարևոր է եւ ուղղված էր հենց մեզ։ Ինքն ասում է, որ ես չեմ պայքարի մենաշնորհների, կոռուպցիայի դեմ, դա իմ գործառույթների մեջ չի մտնում։ Այսինքն՝ նա ուզում է ասել, որ բանան, շաքարավազ և ալյուր ներկրողին չեմ խանգարի։ Ես էլ ասում եմ՝ պետք չի խանգարել, բայց դու այլընտրանք ստեղծիր, ամեն ինչ արա, որ ներկրեն ալյուր, ծխախոտ, բանան նաև այլ մարդիկ։ Վարչապետը դա կարող է անել։

 

Այսինքն՝ ակնկալիքներ չկա՞ն այս կառավարությունից, որ ինչ-որ փոփոխություններ կլինեն։

 

Ինձ մոտ չկան, ես չեմ տեսնում քաղաքական կամք պայքարելու մենաշնորհների և կոռուպցիայի դեմ։ Եթե դու կազմակերրպություն ես ստեղծում և դրա մեջ մտցնում ես նախագահից կախվածության մեխանիզմ, ուրեմն դու չես ուզում, որ անկախ մարմին լինի։ Օրինակ՝ Ուկրաինայում, որտեղ վիճակը ծանր է, կոռուպցիան շատ բարձր է, դատախազությանը զուգահեռ ստեղծեցին դատախազական կոռուպցիայի դեմ ինստիտուտ։ Նրանք իրոք սկսեցին անկախ գործել, թեև ճնշումը չափազանց մեծ է: Իրենց չի ստեղծել նախագահը, իրենց ստեղծել է պառլամենտը։ Դեռ կտեսնենք հաջողություն կլինի, թե ոչ։ Մեզ մոտ զուտ ձևական է, և ես համարում եմ սա լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար։ Հարցը միայն ներքին քաղաքականության կոնտեքստում մի դիտարկեք, մենք ապրում ենք տարածաշրջանում, որտեղ բոլոր հարևանների մոտ գազը քաղաքացիների համար երկու անգամ էժան է։ Սա նշանակում է, որ Հայաստանում արտադրված ապրանքը շանս չունի մրցակից լինել, քանի որ ի սկզբանե շուկայականից թանկ է լինում: Թեև մեր ապրանքների որակը շատ բարձր է, բայց դու մրցունակ չես, քանի որ հումքը թանկ է։ Կամ շաքարավազի դեպքում, ապրանք արտադրողը, որը շաքարավազով է արտադրում, ինքը ի սկզբանե պարտված է մեր տարածաշրջանում՝ Վրաստանում, Իրանում, Թուրքիայում։ Այստեղ մենք կանգնած ենք իրոք լուրջ վտանգների առջև, քանի որ մրցունակ չենք ի սկզբանե։ Ինձ զարմացնում է, որ սա չի հասկանում իշխանությունը։ Գիտեք, եթե իշխանությունն ուզում է օգտագործել իր իշխանությունը և լավ ապրել, ինքը պետք է հասկանա, որ դաշտ պետք է ստեղծի։ Իսկ եթե դու մրցունակ չես հարևան երկրների հետ հումքի գների պատճառով, դու ի՞նչ շանս ունես զարգանալու։ Եվ նույն իշխանավորները կորուստներ ունենում են չէ՞ դրանից։ Եվ եթե դա իրենք չեն հասկանում, անիմաստ է նրանց դիմել։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ