Հունվարի 10 եւ 11-ին Երեւանում կանցկացվեն «Թափառող շուն» ղարաբաղյան արտ-ստուդիայի, պոեզիայի թատրոնի հյուրախաղերը


Հունվարի 10 եւ 11-ին Երեւանում կանցկացվեն «Թափառող շուն» ղարաբաղյան արտ-ստուդիայի, պոեզիայի թատրոնի հյուրախաղերը

  • 28-12-2016 22:54:03   |   |  Մշակույթ
Հունվարի 10 եւ 11-ին Երեւանում կանցկացվեն  «Թափառող շուն» ղարաբաղյան արտ-ստուդիայի, պոեզիայի թատրոնի հյուրախաղերը: Թատրոնը  գործում է Լեռնային Ղարաբաղում առաջին ոչ պետական համալսարաններից մեկի՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանին կից:
 
Թատերախումբը կներկայացնի ամանորյա կատակերգություն՝ «Ձմեռ պապը գալիս է կեսգիշերին եւ երկու անգամ» (10 հունվարի)  եւ  Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պատմվածքի հիման վրա բեմադրած երաժշտական պոետիկ ներկայացում՝ «Նավ, որի վրա կատարվում են սիրո մասին երազները», ինչպես նաեւ Լորկայի, Խիմենեսի եւ Մաչադոյի պոեզիան (11 հունվարի): 
 
Ներկայացումները տեղի կունենան Ստանիսլավսկու անվան Պետական ռուսական դրամատիկական թատրոնում: Տոմսերը կարելի է պատվիրել 097- 11-02-55 հեռախոսահամարով:
 
Ինչպես «Նոյյան Տապանին» տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովան, արտ-ստուդիայի առաջին ելույթը կայացել  է 2013 թվականին «Թափառող շան նկուղը» բեմադրությամբ, որը մեծ հաջողություն է ունեցել եւ հանդիսատեսի խնդրանքով ցուցադրվել է եւս երկու անգամ: «Մեծապես ոգեւորված լինելով մեր այդ հաջողությամբ եւ հանդիսատեսի ջերմ ընդունելությամ՝  մենք թատրոնն անվանեցինք առաջին ներկայացման անվանմամբ՝ «Թափառող շուն», եւ սկսեցինք ավելի եռանդուն աշխատել. մինչ այժմ բեմադրվել է 8 ներկայացում»,- պատմում է թատրոնի գեղարվետական ղեկավար, սցենարների հեղինակ եւ բեմադրիչ Ժաննա Կրիկորովան: 
 
Ըստ նրա, Արցախում ներկայացումները ցուցադրվում են Շ.Ազնավուրի անվան Մշակույթի տանը՝ միշտ լեփ-լեցուն դահլիճներով: Թատրոնի դերասանները համալսարանի ուսանողներն են, կան նաեւ շրջանավարտներ եւ դասախոսներ: Ամենաերիտասարդ դերասանը 18 տարեկան է, իսկ ամենաավագը՝ ԼՂՀ փրկարար ծառայության փոխգնդապետ 53-ամյա Ալեքսանդր Հակոբջանյանն է, ով համալսարանում երկրորդ մասնագիտությունն է ստանում: 
 
Այս բոլոր տարիների ընթացքում թատրոնն ինքուրույն է վաստակել իր ֆինանսական միջոցները տոմսերի վաճառքի միջոցով, սակայն, ինչպես նշեց Ժ.Կրիկորովան, համալսարանը հնարավորինս աջակցություն է ցուցաբերում թատրոնին, իսկ 2016 թվականին «Թափառող շուն» պոեզիայի թատրոնը ստացել է նաեւ ԼՂՀ Մշակույթի նախարարության աջակցությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ