Տոնական օրերին հակառակորդն ակտիվանում է և մենք պատրաստ ենք ցանկացած փոքր ոտնձգություն արագ կանխելու.Tert.am (Տեսանյութ)


Տոնական օրերին հակառակորդն ակտիվանում է և մենք պատրաստ ենք ցանկացած փոքր ոտնձգություն արագ կանխելու.Tert.am (Տեսանյութ)

  • 29-12-2016 15:39:05   | Հայաստան  |  Հարցազրույցներ



Տոնական օրերին հակառակորդն ակտիվանում է, հայկական կողմը այս մասին գիտի ու ավելին` ամեն տոնական օր սպասում է նման սադրանքների։
 
Երեկ` նախքան հակառակորդի` Տավուշի մարզում դիվերսիոն ներթափանցման փորձը Tert.am –ի հետ զրույցում այս մասին հայտնեց  N զորամասի շտաբի պետ` գնդապետ Աշոտ Սարգսյանը:
 
«Ամեն տոնական օր մենք սպասում ենք,  ամեն տոնական օր զգոնության բարձրացմամբ ենք անցկացնում, որպեսզի մեր հասարակությունն էլ հանգիստ նշի իր Նոր տարին: Մեր զգոնությունը բարձր է ու մենք պատրաստ ենք ցանկացած փոքր ոտնձգություն արագ կանխելու, որպեսզի այն հակառակորդի կողմից շարունակություն չստանա»,- ասաց Աշոտ Սարգսյանը:
 
Անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո բանակում արդիականացումներին, ինժեներական կահավորանքների ավելացմանը, վերջինս ասաց. «Մեր զինանոցում եղած զենքերը, ինչպես ցույց տվեց փորձը, սա բոլորը տեսան, ի վիճակի են լռեցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն: Սա բոլորը տեսել են: Եվ հայկական զինված ուժերը մշտապես համալրվել են, մենք զարգացրել ենք մեր սպառազինությունների  մակարդակը, ու այդ պրոցեսը նորից ընթանում է. արդիականացվում է բոլոր տեսակների սպառազինությունը, ռազմական տեխնիկան, դրա հետ մեկտեղ` անձնակազմի պատրաստվածությունը՝ նաև  մեր սպայական կազմի ռազմական կրթության առումով»:
 
Ամփոփելով, թե 2016 թվականն ինչ տարի էր մեր բանակի համար,ինչ կորուստներ ու ձեռքբերումներ ունեցանք, նշված զորամասի շտաբի պետն արձանագրեց. «2016 թվականի ապրիլյան պատերազմը ցավալի կորուստներ տվեց… Եվս մեկ անգամ ցավակցում եմ բոլոր զոհվածների`զինվորների, սպաների, հերոս տղաների հարազատներին: Բայցև` ուզում եմ նշել, որ այդ պատերազմով հակառակորդը ևս մեկ անգամ, ինչպես տարիներ առաջ, զգաց մեր բանակի ուժը: Իհարկե, երկար տարիներ զինվելով իրենք իրենց ներշնչել էին, որ իրենք հզոր են, այդ ուժը զգացին իրենց կաշվի վրա: Ու, իմ կարծիքով, դեռ երկար կզգան»:
 
Իսկ 2017 թվականի համար զինվորականը մեր Զինված ուժերին ցանկանում է «ավելի բարձր մարտական ոգի», որ հզորանա մեր զինվորների մարտական  պատրաստվածության աստիճանով,  սպաների ավելի  խորը գիտելիքով ու նոր փորձով։ Եվ, իհարկե, նորանոր սպառազինություններով:
 
«Ու թող խաղաղ երկնքի տակ մեր ողջ Զինված ուժերը ծառայեն, և զինվորներն իրենց ծառայությունն ավարտեն խաղաղությամբ:  Պատերազմ չլինի, չտեսնեն պատերազմ: Իհարկե, լինելու դեպքում մեր ԶՈւ-ն պատրաստ է հակառակորդին համապատասխան հակահարված տալու ցանկացած ոտնձգության դեպքում»,- մաղթեց սպան:
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ