Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը բաժակը վերեւից երկու հակամարտող կողմերի գլխին շուռ տալու դրսեւորում է.Մեկնաբան


Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը բաժակը վերեւից երկու հակամարտող կողմերի գլխին շուռ տալու դրսեւորում է.Մեկնաբան

  • 30-12-2016 16:41:08   | Հայաստան  |  Վերլուծություն

Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի անունից տարածված հայտարարությունը Հայաստանի հանրության շրջանում առաջացրել է իրարամերժ գնահատականներ: Կա հանրության մաս, որը ՀԱՊԿ հայտարարությունը գնահատում է չափավոր դրական, եւ կա մաս, որը դժգոհ է հայտարարությունից, այն դիտարկում է ընդհանուր, լղոզված, ոչինչ չասող:

Կարծիքները մոտավորապես հիշեցնում են բաժակի կիսալի կամ կիսադատարկ լինելու հայտնի վիճակին, հատկապես որ ՀԱՊԿ հայտարարությունից դժգոհություն է առաջանում նաեւ Ադրբեջանում, ինչի պատճառը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձեւակերպումն է, որ առկա է Բորդյուժայի հայտարարության մեջ` ապրիլի իրադարձությունների հիշատակման մասով:

Այդ արտահայտությունն իսկապես հետաքրքիր է, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մինչեւ վերջ հավատարիմ մնա դրան: Մյուս կողմից, դա իհարկե առավելապես բարոյական նշանակությունից զատ չունի այլ նշանակություն, քանի որ այն ՀԱՊԿ պաշտոնական մոտեցման արտահայտություն չէ, այլ գլխավոր քարտուղարի անունից արված անձնական խոսք: Ինքնախաբեություն է համարել, թե ՀԱՊԿ ճանաչեց Արցախը կամ Ադրբեջանին սպառնում է, թե կճանաչի:

Բայց, այդուհանդերձ դա իհարկե իր մեջ ուղղակի թե անուղղակի պարունակում է Ադրբեջանին ուղղված որոշակի նկատողություն-ազդակ, ինչի իմաստն ամենեւին էլ գուցե այն չէ, թե մյուս անգամ դիվերսիայի դեպքում կճանաչեն Արցախը: Բանն այն է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ Ադրբեջանի մասին ընդհանրապես խոսք չկա, եւ թեեւ տեղի ունեցածը գնահատվում է իբրեւ սադրանք, այդուհանդերձ տպավորություն է, թե այդ սադրանքը «բնակլիմայական երեւույթ» է եղել` ընկել է օդից կամ էլ գետնի տակից է աճել:

Պարզ չէ նաեւ` ՀԱՊԿ-ը տագնապել է եւ լրջորեն մտահոգվել, բայց դատապարտու՞մ է այդպիսի փորձը, կարծու՞մ է, որ այդպիսի փորձ կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Միաժամանակ, հետաքրքիր է նաեւ, որ Բորդյուժան խոսում է ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղի ունեցած սադրանքի մասին, զերծ մնալով պետական սահմանի խախտման արձանագրումից, ինչը առավել ազդեցիկ եւ լուրջ ձեւակերպում կլիներ:

Այդպիսով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը ավելի շուտ ոչ թե կիսադատարկ կամ կիսալի բաժակի խնդիր է, այլ բաժակը վերեւից երկու հակամարտող կողմերի գլխին շուռ տալու դրսեւորում, որով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փորձում է հերթական անգամ ազդարարել, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ՀԱՊԿ հակամարտությունը չէ եւ այդտեղ ՀԱՊԿ-ը կողմ չէ: Բորդյուժան մի առիթով էլ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական հակամարտությանը մոտենում է խաղաղասիրական սկզբունքից եւ որեւէ կողմից չի խախտոի այդ սկզբունքը:

Դա այն դեպքում, երբ ՀԱՊԿ ռազմա-քաղաքական դաշինք է, որի անդամ է Հայաստանը եւ որի խնդիրն այդ անդամի կողքին լինելն է, կողմ լինելն է: Առավել եւս, որ ՀԱՊԿ-ը միայն այդպես կարող է լրջորեն նպաստել խաղաղությանը եւ կայունությանը:

Տվյալ պարագայում, Բորդյուժայի երկիմաստ եւ ընդհանրական հայտարարությունն այն ազդակը կամ հաղորդագրությունն է, որ ՀԱՊԿ-ը հավակնում է լինել հակամարտության կառավարիչ, ոչ թե որեւէ մեկի դաշնակից:

Այդ իմաստով, որպես միջազգային կազմակերպության հայտարարություն, այն կարող էր հայկական կողմից ընկալվել նույնիսկ դրական, չնայած որոշ տողատակային հարցեր առաջացնող ձեւակերպումների: Բայց, որպես Հայաստանի ռազմա-քաղաքական հովանոց հանդիսացող կազմակերպության հայտարարություն, այն գործնականում հերթական վկայությունն է, որ իրականում այդպիսի հովանոց չէ եւ մտադիր էլ չէ լինել այդպիսին` որպես կազմակերպություն:

Ի դեպ, այդ տեսանկյունից առաջանում են նաեւ հարցադրումներ, թե արդյոք ՀԱՊԿ-ը պետք է անհապաղ զորք ուղարկեր Տավուշ` Ադրբեջանի դեմ կամ հրավիրեր արտակարգ նիստ Հայաստանի դեմ գրոհի հարցով:

Դա սպասումների գիտակցաբար, կամ ակամա չափազանցություն է, դրանք իռացիոնալության դաշտում ներկայացնելու համար: Որովհետեւ հանրության սպասումը թե ՀԱՊԿ-ի զորքը չէ, թե արտակարգ հավաքը չէ: Հանրության սպասումը շատ պարզ, դաշնակցային, հասցեական հայտարարությունն է, որտեղ հստակ կլինի ՀԱՊԿ անդամ պետություն Հայաստանի դեմ սադրանք կատարող կողմը, կհիշատակվի այն, նաեւ սադրանքի դատապարտման եւ կրկնվելու դեպքում համարժեք պատասխանատվության ենթակա լինելու հանգամանքը:

Ռազմա-քաղաքական դաշինքի համար դա գերբնական ջանք պահանջող հայտարարություն չէ: Իսկ եթե չկա այդ հայտարարությունը եւ դրա փոխարեն դիվանագիտական մանեւրներ եւ տողատակեր են, կնշանակի, որ գործ ունենք ոչ թե ռազմա-քաղաքական դաշինքի, այլ դրա տակ հանդես եկող բոլորովին այլ կառույցի հետ: Հանրությունն էլ արձանագրում է ընդամենը այդ հանգամանքը, հետեւություն անելով, որ Հայաստանի վերաբերմունքն էլ այդ կառույցին պետք է լինի համարժեք, որպեսզի Հայաստանը չթողնի անմեղսունակ պետականության տպավորություն: Այդ իմաստով, իր վերաբերմունքով ու գնահատականով հանրությունը գոնե կիսով չափ լցնում է հայկական պետականության բաժակը:

lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play