Հայկական բանակի փլուզումը կդառնա մեծ պատերազմի գլխավոր գործոնը.Քաղաքագետ


Հայկական բանակի փլուզումը կդառնա մեծ պատերազմի գլխավոր գործոնը.Քաղաքագետ

  • 08-01-2017 18:24:07   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ-ն սկսում է Ռուսաստանին խեղդելու, այն աղքատ ու անհեռանկար երկրի վերածելու ու աշխարհից մեկուսացնելու նոր քաղաքականություն: Սեւ ծովը դառնում է այդ գլոբալ գրոհի սկիզբը, եւ պետք չէ կարծել, թե ԱՄՆ-ն կսահմանափակվի աշխարհքաղաքական կամ ռազմա-տեխնիկական ինչ որ պայմանների հետ կապված միջոցներով:

Սեւ ծովն ու Հարավային Կովկասը կդառնան Ռուսաստանի դեմ Արեւմուտքի հարձակման «առաջնահերթ» պլացդարմ: Ինչ որ առումով Արեւմուտքը կրկնում է Ղրիմի պատերազմի փորձը, եւ դա բավական արդյունավետ է թվում, ընդ որում՝ ՆԱՏՕ-ի անդամներն այդ ուղղությամբ հաճույքով կընդունեն այդ քաղաքականությունը:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համար բավական խոչընդոտներ կան, որոնք ստեղծել է Ռուսաստանը, այդ թվում Հայաստանը, որը տարալուծվելու է Դաշինքի ռազմավարության մեջ: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պատրաստ են ենթարկել Հայաստանը: Հայաստանն իր քմահաճույքներով կարգին ձանձրացրել է ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին, եւ հիմա քիչ բան է մնացել նրան Դաշինքի խնդիրներին ենթարկելու համար:

Ընդ որում, Արեւմուտքում լավ են հասկացել, որ Հայաստանի ցանկացած իշխանական խմբավորում ենթարկվելու է ռուսներին: Նման Հայաստանը ոչ մեկին պետք չէ, նույնիսկ ռուսներին: Միակը, որ Հայաստանում հետաքրքրում է Արեւմուտքին, հայկական զինված ուժերն են, սակայն դրանք սկսում են փլուզվել, եւ դրանից պետք է խուսափել:

Հայկական բանակի փլուզումը կդառնա Հարավային Կովկասում մեծ պատերազմի գլխավոր գործոնը: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն շահագրգռված չեն դրանում: Հայկական բանակը պետք է դառնա Սեւ ծովում ու Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գերիշխանության քաղաքականության գործոններից մեկը:

ԱՄՆ-ն ոչ մի հույս չի կապում Հայաստանի ոչ նախագահի, ոչ էլ խորհրդարանի հետ: Հայաստանը որպես քաղաքական սուբյեկտ ոչ մի նշանակություն չունի, եւ հնարավոր է այդ հանգամանքը լիովին ձեռնտու է ԱՄՆ-ին:

Ռուսաստանն արդեն հետաքրքրություն է ցուցաբերում իր վասալների հանդեպ պատասխանատվությունը գցելու հարցում: Ռուսները փորձում են մի կողմ նետել ՀԱՊԿ-ը, որը Ռուսաստանին կապում է իր վասալների, նրանց անվտանգության հետ: Շուտով ՀԱՊԿ-ը կդադարի գործել ու գնահատվել որպես ռազմական կազմակերպություն: Այս կառույցն ավարտված է՝ որպես Ռուսաստանի շահերի համար վտանգավոր ու անպետք կազմակերպություն:

Արեւմտյան հանրությունը հասկացել է, որ Ռուսաստանի հանդեպ հարկ է ավելի մեծ ճնշում գործադրել, ընդհուպ նրան համընդհանուր ճգնաժամային իրավիճակի հասցնելը: Ռուսաստանը կանգնել է պետական կարգը կորցնելու հեռանկարի առաջ:

Ընդ որում, առաջին փուլում լինելու են ճնշման ոչ թե ներքին, այլ արտաքին միջոցներ:

Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները երբեւէ հուսալի չեն եղել: Թուրքիան հավատարիմ է մնում կոնյունկտուրային քաղաքականության սովորական մարտավարությանը, իսկ Ռուսաստանը սովորաբար միշտ սխալվում է, Թուրքիան ընկալելով որպես հավատարիմ ընկեր:

Երկու երկրները միմյանց դիտարկում են որպես սահմանափակ գործընկերներ, որոնք ընդունակ չեն ազատվել իրենց կայսերական հավակնությունների սարդոստայնից: Երկու երկրները եվրասիական տարածքում ունեն բավական բարդ մտադրություններ, որոնք կապված են նրանց կայսերական հավակնությունների հետ:

Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են նոր գործընկերների փնտրտուքը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Մերձավոր Արեւելքում ու Կենտրոնական Ասիայում, ինչպես նաեւ Բալկաններում: Միջազգային քաղաքականության նույնիսկ այս «միջակայքում» երկու երկրները հայտնվում են դիվանագիտական բախման իրավիճակում:

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար Թուրքիան չի կորցրել իր նշանակությունը: Դա հատկապես արտահայտվում է Սեւ ծովի խնդիրների մասով: Սեւ ծովը նոր դեր է ստանում, բայց ոչ Բուլղարիան, ոչ Ռումինիան որպես ՆԱՏՕ-ի անդամներ առայժմ ի վիճակի չեն դիմակայել Ռուսաստանին:

Նկատի առնելով Մոնտրեի համաձայնության գործոնը, Սեւ ծովում Թուրքիայի նշանակությունն առայժմ մեծ է: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար խնդիր է մնում Թուրքիան որպես գործընկեր ու հակառակորդ համատեղելը: Այնուամենայնիվ, Սեւ ծովի օրինակով կարելի է պարզել, թե որքանով է Թուրքիան մնում ՆԱՏՕ-ի դաշնակից ու Ռուսաստանի հակառակորդ:

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն առայժմ հնարավորություններ ունեն Թուրքիան «երկրորդ կարգի» դաշնակցի վիճակում պահելու համար: Թուրքիային դա լիովին ձեռնտու է: Թուրքիան մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-ից եւ վերջնականապես խզել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:

Կհաջողվի՞ Թուրքիային մնալ ՆԱՏՕ-ում ու մերձենալ Ռուսաստանի հետ: Այս պարագայում հարկ է պարզել, թե որքան է եվրոպացիների դերը ՆԱՏՕ-ում Թուրքիային պահելու հարցում, եւ ինչպես է դրան վերաբերվում ԱՄՆ-ն: Ըստ ամենայնի, Թուրքիան երկար ժամանակ կմնա ՆԱՏՕ-ի սպեցիֆիկ անդամ, որի դիրքերը բավական հարաբերական կլինեն:

Նախորդ փուլի իմաստով Թուրքիան արդեն դադարել է ՆԱՏՕ-ի անդամ լինել, եւ դա որեւէ կասկած չի հարուցում ՆԱՏՕ-ի անդամների ու հատկապես ԱՄՆ-ի մոտ: Ավելին, Թուրքիայի այս վիճակը ձեռնտու է ՆԱՏՕ-ին: Իսկ ձեռնտո՞ւ է Թուրքիային:

 

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն