«Հայաստանի դիրքերն ավելի կթուլանան և կվատանա մեր տնտեսական իրավիճակը».Քաղաքագետ


«Հայաստանի դիրքերն ավելի կթուլանան և կվատանա մեր տնտեսական իրավիճակը».Քաղաքագետ

  • 11-01-2017 13:16:32   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով 2017 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում առանձնապես լուրջ փոփոխություններ չեն լինի, քանի որ, ըստ նրա, մինչև ապրիլ իշխանությունները մտածելու են միայն ընտրությունների ու վերարտադրվելու մասին:
 
«Մինչև ապրիլ իմաստ չունի խոսել արտաքին քաղաքականության հարցերի մասին, դրանից հետո, երբ արդեն իշխանությունները կվերարտադրվեն, կարծում եմ, որ չեն ստորագրի Եվրամիության հետ պայմանագիրը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:
 
Նա նշեց նաև, թե կասկածում է, որ «իշխանությունները կհամարձակվեն Ռուսաստանի գլխից թռնել, դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է, որ մենք աշխատենք ԵՄ-ի հետ»: 
 
ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում էլ, ըստ քաղաքագետի, Հայաստանի դիրքերն ավելի կթուլանան:
 
«Ապրիլին վերջնական պարզ կդառնա, որ չեն թողնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար դառնա Հայաստանի ներկայացուցիչը», - ասաց Ստեփան Գրիգորյանը:
 
«Բայց դա էլ մի կողմ», - ասաց քաղաքագետը՝ ապա ավելացրեց. «Քանի որ մենք ԵԱՏՄ-ի հետ կապեցինք մեր ամբողջ առևտուրը, պարտավորություններ ստանձնեցինք, որ այլ երկրների հետ ազատ առևտրի գոտի չենք ունենալու՝ դրա դիմաց ոչինչ չենք ստանում, դա կնշանակի, որ էլ կվատանա մեր տնտեսական իրավիճակը: Կլինի կոլապսային իրավիճակ, առանց այդ էլ 2016 թվականին բոլոր ցուցանիշներն անկում ապրեցին, դա կշարունակվի նաև այս տարի»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play