ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասում


ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասում

  • 11-01-2017 14:34:42   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ
 
Հարավային Կովկասի տարածաշրջանը, գտնվելով աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական և պատմամշակութային կարևորագույն խաչմերուկում և շրջապատված լինելով այնպիսի հզոր պետություններով, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, այսօր ավելի քան երբևէ կարևորված է մասնավորապես միջազգային անվտանգության տեսանկյունից: Սա պայմանավորված է նաև միջազգային անվտանգության ներկայիս բազմապիսի, ոչ ավանդական սպառնալիքներով:
 
Հարավային Կովկասում այսօր հատվում կամ բախվում են ինչպես տարածաշրջանի տերությունների շահերը, այնպես էլ վերջիններիս և եվրաատլանտյան պետությունների ու կառույցների տարատեսակ շահերը:
 
Հարավային Կովկասը ներկայումս ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ  պետությունների համար կարևորվում է նաև ռազմաքաղաքական նշանակություն  ունեցող տարածաշրջանների անմիջական հարևանությամբ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սիրիային, Իրաքին և Աֆղանստանին: 
 
Եվրաատլանտյան շահերը պահանջում են, որպեսզի Հարավային Կովկասը լինի կանխատեսելի, ինքնիշխան պետությունների խաղաղ, կայուն և անվտանգ գոտի: Այս պայմանների ապահովման հիմնական գրավականն է հակամարտությունների կարգավորումը և խաղաղության հաստատումը, ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացումը և տարածաշրջանի պետությունների ինտեգրումը եվրաատլանտյան կառույցներին և միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներին:
 
Ռուսաստանը, ով մինչև ԽՍՀՄ-ի փլուզումն ամբողջությամբ վերահսկում և կառավարում էր Հարավային Կովկասը, այսօր հասկանալի պատճառներով և յուրաքանչյուր առանձին դեպքով պայմանավորված՝ կասկածով և թշնամանքով է արձագանքում ՆԱՏՕ-ի ներթափանցմանը կամ ակտիվ ներկայությանը մեր տարածաշրջանում՝ պատրաստ լինելով ամեն գնով խոչընդոտել այդ գործընթացին: 
 
Այնուամենայնիվ, տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ն, առաջնորդվելով իր «բաց դռների» քաղաքականությամբ, շարունակելու և հնարավորինս խորացնելու է իր համագործակցությունը հարավկովկասյան պետությունների հետ: 
 
 
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի դերը հասկանալու և քննարկելու համար  անհրաժեշտ է դիտարկել ինչպես մեր տարածաշրջանին և դրա շուրջ ընթացող զարգացումներին վերաբերվող բազմաթիվ փոփոխական և անփոփոխ գործոններ, այնպես և ընկալել, ընդհանուր առմամբ, միջազգային հարթակում քաղաքական ու տնտեսական հարաբերությունների և մասնավորապես՝ միջազգային անվտանգության ասպարեզներում ներկայումս տեղի ունեցող գործընթացները: 
 
Հարավային Կովկասը պատմականորեն հանդիսացել և հանդիսանում է աշխարհաքաղաքական շահերի հատման կիզակետ, ինչը պայմանավորված է մասնավորապես այնպիսի անփոփոխ գործոնով, ինչպիսին մեր տարածաշրջանի ռազմավարական նշանակության աշխարհագրական դիրքն է: Խորհրդային տարիների ընթացքում Հարավային Կովկասը Խորհրդային Միության և ՆԱՏՕ-ի  առանձնահատուկ ուշադրության առարկան էր՝ որպես ՆԱՏՕ-ի և Խորհրդային Միության և, համապատասխանաբար, Վարշավյան համաձայնագրի կազմակերպության հետ անմիջական սահման կամ «ճակատային» գիծ ունեցող  տարածաշրջան:  
 
Խորհրդային Միության փլուզման, երկբևեռ աշխարհակարգի վերացման և Սառը պատերազմի ավարտի արդյունքում Հարավային Կովկասում նույնպես տեղի ունեցավ աշխարհաքաղաքական, տնտեսական և անվտանգության իրավիճակի կտրուկ փոփոխություն. ստեղծվեց անվտանգության որոշակի վակուում: Նորանկախ հարավկովկասյան երկրների միջև նոր տնտեսաքաղաքական հարաբերություններ ձևավորվեցին, բռնկվեցին ներպետական և միջէթնիկ զինված հակամարտություններ: Հարավային Կովկասը ԽՍՀՄ-ի հարավային ճակատի տարածաշրջանից վերածվեց Եվրոպայի հարավային «ծայրամասի» և արևմուտքից դեպի արևելք բազմաֆունկցիոնալ միջանցքի: Արդյունքում նաև տեղի ունեցավ տարածաշրջանային և արտատարածաշրջանային պետությունների ու կառույցների, ներառյալ ՆԱՏՕ-ի ներգրավվածություն մեր տարածաշրջան: Սառը պատերազմի ավարտը, դրա հետևանքով աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը, ինչպես նաև միջազգային անվտանգության նոր, ոչ ավանդական սպառնալիքների ծագումը և տարածումն իրենց ազդեցությունն ունեցան նաև Հյուսիսատլանտյան դաշինքի վրա՝ ստիպելով վերագնահատել մեր տարածաշրջանի նշանակությունը և փոփոխություն մտցնել նաև Հարավային Կովկասում Դաշինքի քաղաքականության մեջ: Մշակվեցին նոր իրավիճակին համապատասխանող համագործակցության շրջանակներ և ծրագրեր (Համագործակցություն հանուն խաղաղության և այլն), որոնք և դարձան նույն հարավկովկասյան պետությունների և ՆԱՏՕ-ի համագործակցության շրջանակը:
 
Պետք է նաև ի նկատի ունենալ, որ ՆԱՏՕ-ն, լինելով ինքնուրույն միջազգային կազմակերպություն և պաշտպանական Դաշինք, այնուամենայնիվ, հանդիսանում է Եվրաատլանտյան քաղաքական համակարգի բաղկացուցիչ մաս և սերտորեն, ինստիտուցիոնալ կերպով համագործակցում է մասնավորապես Եվրոպական Միության հետ: ՆԱՏՕ-ն և Եվրոպական Միությունը միևնույն արժեհամակարգերի վրա հիմնված կազմակերպություններ են և ունեն համընկնող ռազմավարական շահեր, համագործակցում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ խնդիրների շուրջ: 
 
2016թ. հուլիսին Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում երկու կազմակերպություններն Արևելքի և Հարավի առջև ծառացող ընդհանուր մարտահրավերների ենթատեքստում նախանշել են համագործակցության ուժեղացում պահանջող ոլորտները, այդ թվում` հիբրիդային սպառնալիքներին հակազդելու, պաշտպանության կարողությունների զարգացման, կիբեր պաշտպանության, ծովային անվտանգության և այլ ոլորտներ: ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համատեղ քննարկման խնդիրների ծավալը վերջին երկու տարիների ընթացքում զգալիորեն ընդլայնվել է, մասնավորապես Եվրոպական տարածության կամ դրա անմիջական հարևանությամբ անվտանգության հարցերի շրջանակներում: Եվրոպական Միությունը եզակի և կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար: Բացի այլ պայմաններից այս կազմակերպությունների սերտ համագործակցությունը և համընկնող շահերը բացատրվում են նաև նրանով, որ երկու դեպքում էլ անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը միևնույն եվրոպական պետություններն են: 
 
 
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
 
Հարավային Կովկասը, գտնվելով Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք առանցքների հատման կետում՝ Եվրոպայի, Ռուսաստանի, Մերձավոր և Միջին Արևելքի պետությունների, Կասպից և Սև ծովերի միջև, հանդիսանում է քաղաքակրթական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, առևտրատնտեսական և տրանսպորտային կարևորագույն ռազմավարական խաչմերուկ: Այն դիտարկվում է նաև որպես Կասպից ծովի ավազանի ու Միջինասիական տարածաշրջանի արևմտյան դարպաս և Եվրոպան Կենտրոնական Ասիայի ու դրա սահմաններից դուրս գտնվող պետությունների հետ կապող առանցք: Մասնավորապես, վերջին տարիների ընթացքում սիրիական, ուկրաինական ճգնաժամերի, Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Արևմուտքի հետ հարաբերությունների լարվածության, Թուրքիայում ընթացող զարգացումների,  Աֆղանստանում միջազգային ուժերի կողմից անցկացվող գործողությունների, միջազգային հարթակում Իրանի ակտիվացման, ինչպես նաև իսլամական ծայրահեղականության և ահաբեկչության տարածման պայմաններում մեծացել է նաև Հարավային Կովկասի նշանակությունը միջազգային ռազմական և տնտեսական անվտանգության տեսանկյունից: Ակնհայտ է, որ այն ուժը կամ ուժերը, որոնք կկարողանան վերահսկել Հարավկովկասյան տարածաշրջանը, կկարողանան  նաև իրենց տնտեսաքաղաքական և ռազմաքաղաքական շահերին համապատասխան մեծագույնս ազդել թե՛ Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանային զարգացումների վրա, թե՛ Հյուսիս-Հարավ, թե՛ Արևելք-Արևմուտք  փոխհարաբերությունների և համագործակցության և թե՛ միջազգային անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների վրա: 
 
Այս՝ մի շարք առումներով շահավետ աշխարհագրական դիրքը, որից բազմաթիվ գործոնների, ներառյալ Հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների պատճառով առ այսօր նվազագույնս օգտվել են հենց հարավկովկասյան երեք երկրները, դրդել և դրդում է թե՛ տարածաշրջանային՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա և թե՛ ներկայումս նաև արտատարածաշրջանային՝ ԱՄՆ, Եվրոպական Միություն, ՆԱՏՕ տերություններին և ուժային կենտրոններին՝ իրենց ազդեցությունը տարածելու մեր տարածաշրջանի պետությունների վրա՝ Հարավային Կովկասը դարձնելով միմյանց հետ մրցակցության մեջ գտնվող ուժային կենտրոնների  տարատեսակ շահերի և ռազմավարությունների բախման հարթակ: 
 
Եվրաատլանտյան շահերը պահանջում են, որպեսզի Հարավային Կովկասը լինի կանխատեսելի ինքնիշխան պետությունների խաղաղ, կայուն և անվտանգ գոտի: Նման մոտեցումը մեծագույնս համապատասխանում է նաև հարավկովկասյան պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի երկարաժամկետ շահերին: Այս պայմանների ապահովման հիմնական գրավականն է հակամարտությունների կարգավորումը և խաղաղության հաստատումը, ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացումն ու տարածաշրջանի պետությունների ինտեգրումը եվրաատլանտյան կառույցներին և միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներին:
 
Ռուսաստանը, ով չի հանդուրժում հորիզոնական հարաբերություններ նախկին ԽՍՀՄ ոչ մի պետության հետ, ներառյալ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով պահպանել իր գերիշխող դերն այդ պետություններում: Ռուսաստանի համար Հարավային Կովկասում իր՝ հնարավորինս ուժեղ ներկայությունը մասնավորապես կարևոր է ոչ միայն մեր տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս իր ազդեցությունը պահպանելու, այլ նաև Հյուսիսային Կովկասում կայունություն ապահովելու տեսանկյունից: Սակայն, ի տարբերություն եվրաատլանտյան կառույցների և պետությունների մոտեցումների ու գործելաոճի՝ Ռուսաստանն իր ազդեցության պահպանման գրավականը տեսնում է տարածաշրջանում պառակտման, անկայունության ու հակամարտությունների պահպանման, ինչպես նաև ոչ լեգիտիմ, կոռումպացված և դրանով իսկ խոցելի ու կառավարելի ռեժիմների պահպանման մեջ: 
 
 
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱՐ
 
Ներկայումս Հյուսիս-Ատլանտյան անվտանգության համակարգի համար Հարավային Կովկասի նշանակությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնց առկայությունը կամ զարգացումը կարող են այս կամ այն կերպ վտանգել ՆԱՏՕ-ի և Դաշինքի անդամ պետությունների աշխարհատնտեսական և ռազմաքաղաքական շահերն ու ծրագրերը: Կարելի է նշել մասնավորապես հետևյալ գործոնները.
 
Քաղաքական և անվտանգության տեսանկյուններից
 
Անկայունության և իսլամական ծայրահեղականության տարածում Հարավային Կովկասով դեպի Եվրաատլանտյան տարածաշրջան:
 
Տնտեսական ծանր ճգնաժամի պայմաններում անկանխատեսելի Ռուսաստանի ագրեսիվ նեոկայսերական ամբիցիաների աճի հետևանքով անկայունության և նոր կամ սառեցված հակամարտությունների սրեցում Հարավային, ինչպես նաև ժամանակի ընթացքում՝ Հյուսիսային Կովկասում:
 
Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական զարգացումների, ինչպես նաև քրդական հիմնահարցի հետ կապված ռազմական գործողությունների բացասական հետևանքներն անկայունության և բռնության տարածման տեսանկյունից:
 
Սևծովյան ավազանում սպառազինությունների հնարավոր մրցավազք: 
 
Տարածաշրջանում Իրանի ազդեցության աճը և վերջինիս միջամտությունը Սիրիայում և Եմենում ընթացող քաղաքացիական պատերազմներին:  
 
Պետք է նշել նաև Հարավային Կովկասի կարևորությունն Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ անդամ պետությունների կողմից իրականացվող ռազմական գործողությունների համար լոգիստիկայի և տարանցման տեսանկյունից (Հարավկովկասյան միջանցքով դեպի Աֆղանստան է տեղափոխվել ամերիկյան ոչ ռազմական բեռների զգալի մասը: 2014թ. Ռուսաստանը գերմանական օդուժին երկու անգամ արգելել է ռուսական օդային տարածքով Աֆղանստանում տեղակայված գերմանական զինուժին անհրաժեշտ փոխադրումներ կատարել):
 
Այս խնդիրները կարող են դառնալ լուրջ սպառնալիքներ միջազգային անվտանգության համար և այդ պատճառով գտնվում են ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում:
 
Քաղաքատնտեսական անվտանգության տեսանկյունից
 
Էներգետիկ անվտանգությունը կարևորագույն տեղ է գրավում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների քաղաքական և տնտեսական օրակարգում: 2016թ. հուլիսին Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում Դաշինքի անդամ պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ էներգետիկ զարգացումները կարող են ունենալ քաղաքական և անվտանգության հետ կապված զգալի հետևանքներ: Էներգակիրների կայուն և հուսալի մատակարարումը, ներմուծման ուղիների, մատակարարների և էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացումը, ինչպես նաև էներգետիկ ցանցերի փոխկապվածությունը կարևորագույն նշանակություն ունեն  քաղաքական և տնտեսական ճնշումների պայմաններում՝ ընտրության բազմազանության և էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:
 
Հարավային Կովկասի տարածքով Եվրասիական տարածաշրջանի՝ Ղազախստանի և Թուրքմենստանի, ապագայում հնարավոր է նաև Իրանի էներգակիրների փոխադրումը դեպի Եվրոպա հնարավորություն կտա վերացնել Ռուսաստանի գրեթե մենաշնորհային վերահսկողությունն էներգակիրների՝ դեպի Եվրոպա մատակարարման ծավալների և ուղիների նկատմամբ, ինչը, մասնավորապես, կարևոր է ներկայիս Ռուսաստան-Արևմուտք ճգնաժամային հարաբերությունների պայմաններում: 
 
Հարավային միջանցքը կարևոր է նաև Եվրոպա-Ասիա, արևմուտք-արևելք առևտրային հարաբերությունների զարգացման և լայնածավալ բեռնափոխադրումների տեսանկյունից:  
 
 
ՆԱՏՕ-Ի ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԵՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
 
Հարավային Կովկասի երեք պետությունները, ունենալով որոշ նմանություններ, պայմանավորված ինչպես ընդհանուր պատմական անցյալով, այնպես էլ քաղաքական, տնտեսական ու ռազմական բարեփոխումների իրենց ներկայիս ջանքերով և այդ նպատակով եվրաատլանտյան պետությունների ու կառույցների հետ համագործակցության շրջանակներով, սկզբունքորեն տարբերվում են, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերությունների և փոխգործակցության ներկայիս ծավալով ու բովանդակությամբ: 
 
Վրաստանն անկախության ձեռքբերման առաջին տարիներից ձգտել և ձգտում է հնարավորինս շուտ անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչը, սակայն, առ այսօր իրականություն չի դարձել հիմնականում Ռուսաստանի՝ այս հարցում կոշտ դիրքորոշման, ինչպես նաև հարավօսեթական և աբխազական հիմնախնդիրների պատճառով, որոնցում Ռուսաստանը որպես կողմ է հանդես գալիս: Հայաստանը և Ադրբեջանը, որոնք համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, երբևէ նման ցանկություն չեն արտահայտել: Ավելին, Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ և ներկայումս ոչ միայն քաղաքական, ռազմական և պաշտպանական առումներով ամբողջությամբ կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից, այլ նաև մասնավորապես Վրաստանի համար վերածվել է հնարավոր սպառնալիքի աղբյուրի: Բնականաբար, այս պայմաններում Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ կորցրել է իր նախկին ծավալն ու բովանդակությունը: 
 
Ադրբեջանը մեր տարածաշրջանում անվտանգության տեսանկյունից վարում է ամենադիվերսիֆիկացված քաղաքականությունը՝ ունենալով խորացված ռազմաքաղաքական համագործակցություն Թուրքիայի հետ, նաև զգալի ծավալներով սպառազինություններ է գնում ինչպես Ռուսաստանից, այնպես էլ այլ պետություններից, մասնավորապես Իսրայելից՝ համագործակցելով ՆԱՏՕ-ի հետ: Սակայն ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը վերջին տարիներին զգալիորեն թուլացել է: Սա հիմնականում պայմանավորված է Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների խնդիրների վերաբերյալ արևմտյան պետությունների ու կառույցների կողմից, ներառյալ ՆԱՏՕ-ի, հնչող սուր քննադատությամբ: Հարավկովկասյան պետությունների ներքին քաղաքական անկայունությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի բարդ հարաբերությունները, հարավօսեթական ու աբխազական հիմնախնդիրները և Հայաստանի խամաճիկ կարգավիճակն ու Հայաստանում Ռուսաստանի ռազմաքաղաքական աննախադեպ լայնածավալ ներկայության գործոնները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանի կայուն, անվտանգ և միասնական զարգացումը, այլ նաև,  բնականաբար,  սահմանափակում են Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի առավել ակտիվ ու արդյունավետ ներգրավման հնարավորությունները: 
 
ՆԱՏՕ-ն, բնականաբար, որոշ չափով հաշվի է առնում նաև Ռուսաստանի մոտեցումները և այն, թե ինչպես կազդեն Դաշինքի հարաբերությունները հարավկովկասյան պետությունների հետ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների վրա: Սա բացատրվում է նաև ահաբեկչության և իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում Աֆղանստանում ու Սիրիայում Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համագործակցությամբ և այս համագործակցությունից վերջիններիս ակնկալիքներով: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում, այդ ներգրավվածության արագությունը և խորությունը հիմնականում որոշվում են տարածաշրջանի պետությունների կողմից և վերջիններիս հստակ ցանկության հիման վրա, ունի անհատական մոտեցում և համագործակցության ձևաչափն ու ծավալը համապատասխանում են հարավկովկասյան երեք պետությունների հնարավորություններին և ռազմաքաղաքական զարգացման տեսլականին: Եվ, չնայած Ռուսաստանի հակազդեցությանը՝ ՆԱՏՕ-ն շարունակելու է իր համագործակցությունը՝ հիմնական շեշտը դնելով բոլոր ներգրավված կողմերի համար տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման շահավետության վրա: 
 
  ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովը վերահաստատեց Հարավային Կովկասի տարածաշրջանի համար Հյուսիսատլանտյան դաշինքի «բաց դռների» քաղաքականությունը։ Վարշավայում Դաշինքի անդամ պետությունները շեշտեցին Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գործունեության կարևորությունը: Ինչպես նշեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին՝ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում բոլոր այն երկրների համար, որոնք կիսում են մեր արժեքներն ու պատրաստ են մասնակցել Դաշինքի անվտանգության ապահովման աշխատանքներին: Վարշավյան գագաթաժողովը հաստատեց, որ մենք ոչ մի պատրանք չունենք Ռուսաստանի վերաբերյալ»: Արևելյան թևի ուժեղացումը, նրա վստահեցմամբ, ամենևին էլ Ռուսաստանի դեմ չէ ուղղված: «Բայց մենք պետք է իրատեսական լինենք՝ հիմք ընդունելով Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականությունը:  Հիմա մենք հասկացել ենք, որ Ռուսաստանը դարձել է կոպիտ ու անկայուն գործընկեր»,- ասել է նա:
 
 
ՆԱՏՕ-Ի ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 
«Առավել անկայուն գլոբալ անվտանգության միջավայրի ձևավորման պայմաններում հիմնվելով զսպման և պաշտպանության ամրապնդման սկզբունքների վրա՝ ՆԱՏՕ-ն ձգտում է ապահովել իր կայունությունն անվտանգության կանոնադրական տարածքից դուրս՝ դրանով իսկ նպաստելով Դաշինքի ընդհանուր անվտանգության ապահովմանը» (Վարշավա, 2016թ.):
 
Ինչպես արդեն նշվեց, ՆԱՏՕ-ն ցանկանում է նախկին ԽՍՀՄ-ի տարածքը տեսնել որպես խաղաղության և կայունության գոտի, ինչը Հարավային Կովկասի դեպքում՝ ղարաբաղյան, աբխազական ու հարավօսեթական հակամարտությունների առկայության և դրանցում Ռուսաստանի դերակատարության պայմաններում, մասնավորապես դժվար է, եթե ոչ անհնար: Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք ռազմական միջամտություն չի ունեցել այս հակամարտություններում, սակայն բազմիցս, կախված իրավիճակի փոփոխությունից, հանդես է եկել հայտարարություններով և քաղաքական քայլերով, որոնք ներգրավված կողմերի համար հաճախ զսպող նշանակություն են ունեցել: 
 
ՆԱՏՕ-ն այսօր առավել կայացած և հզոր ռազմաքաղաքական պաշտպանական կառույց է աշխարհում: Դաշինքի անդամ պետությունները տնտեսական, ֆինանսական, ռազմական և գիտատեխնիկական առումներով գտնվում են առաջատար դիրքերում, ինչը, բնականաբար, ազդում է նաև Դաշինքի հնարավորությունների վրա: 
 
Չնայած նրան, որ ՆԱՏՕ-ի հետ հարավկովկասյան երեք պետությունների համագործակցությունը և փոխադարձ ակնկալիքները տարբերվում են, Դաշինքի նշանակությունը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար հիմնականում ունի նույն բովանդակությունը: Կարելի է նշել հետևյալ հիմնական կետերը.
 
Անվտանգության համակարգի դիվերսիֆիկացում, ինչը մասնավորապես Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: 
 
Զինված ուժերի արդիականացում արևմտյան չափանիշների և զինվորական մշակույթի համաձայն, պաշտպանական հնրարավորությունների ընդլայնում, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինված ուժերի հետ փոխգործակցության հնարավորության ստեղծում:   
 
Մասնակցություն Դաշինքի և անդամ պետությունների կողմից իրականացվող խաղաղարար և խաղաղապահ գործողություններին՝ դրանով անվտանգության սպառողից դառնալով անվտանգություն ապահովող պետություններ. այն կարևոր է երկրի վարկանիշի համար, որը բացում է միջազգային համագործակցության նոր հեռանկարներ:
 
Եթե նույնիսկ ՆԱՏՕ-ն առ այսօր զգուշությամբ է վերաբերվում մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքորոշումներին, Դաշինքի ներկայությանը Հարավային Կովկասում, այնուամենայնիվ, այն զսպող հանգամանք է Ռուսաստանի նեոկայսերական ամբիցիաների և ագրեսիվ քաղաքականության տարածման ճանապարհին:
 
ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կարևոր են նաև Եվրոպական Միության հետ հարաբերությունների զարգացման ենթատեքստում:
 
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
Անհերքելի է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ դեր ունի և կունենա միջազգային անվտանգության, քաղաքական ու աշխարհատնտեսական ոլորտներում: Հարավկովկասյան տարածաշրջանի կարևորությունը հիմնականում պայմանավորված է իր առանցքային աշխարհագրական դիրքով՝ արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ առանցքների տրանսպորտային ու առևտրային խաչմերուկում: Կովկասը հանդիսանում է նաև Սև և Կասպից ծովերի տարածաշրջանների, Եվրոպայի և Ասիայի հատման կետ, ինչպես նաև Եվրոպան, Ռուսաստանը և Մերձավոր Արևելքը կապող օղակ, Եվրոպան Կենտրոնական Ասիայի և դրա սահմաններից դուրս գտնվող պետությունների հետ կապող առանցք: Միաժամանակ այն առանցքային դեր է խաղում տարածաշրջանի տերությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական հետաքրքրությունների համար: 
 
Ներկայումս հարավկովկասյան երեք պետությունները ձգտում են կառուցել սեփական, իրարից տարբերվող զարգացման մոդելներ և քաղաքական համակարգեր, ինտեգրված են տարբեր անվտանգության համակարգերի և տնտեսական համագործակցության շրջանակների մեջ: Քաղաքական անկայունությունը, միջպետական լարվածությունը, չկարգավորված հակամարտությունները մեր տարածաշրջանը դարձրել են պայթյունավտանգ, ինչը ոչ միայն խոչընդոտում է տարածաշրջանի կայուն առաջընթացին և աշխարհագրական դիրքից բխող միջազգային տնտեսական համագործակցության զարգացմանը, այլ նաև Հարավային Կովկասը դարձրել են միջազգային կայունության և անվտանգության հնարավոր սպառնալիքի աղբյուր:
 
ՆԱՏՕ-ն, ելնելով իր շահերից, ցանկանում է, որպեսզի Հարավային Կովկասը լինի կանխատեսելի ինքնիշխան պետությունների խաղաղ, կայուն և անվտանգ գոտի: Այս առումով Հյուսիսատլանտյան դաշինքի շահերը համապատասխանում են հարավկովկասյան պետությունների շահերին: Հետևաբար, ինչպես նշված է ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովի կոմյունիկեում՝ տեսանելի ապագայում Արևմուտքը  շարունակելու է պահպանել և հնարավորության սահմաններում ընդլայնել իր ներկայությունը մեր տարածաշրջանում՝ փորձելով բարձրացնել ՆԱՏՕ-ի դերը կայունության հաստատման գործում, հիմնվելով հարատև սկզբունքների վրա, այդ թվում` 360 աստիճան համապարփակ մոտեցման, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության՝ փոխլրացնելով միջազգային այլ դերակատարներին, մասնավորապես՝ ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, կենտրոնանալով ՆԱՏՕ-ի գործառույթների վրա և առաջնորդվելով համագործակցության սկզբունքներով, տեղական գործընկերոջ ներգրավմամբ, ներառմամբ, հարմարեցված համագործակցությամբ, երկարաժամկետ նվիրվածությամբ, առաջնահերթությունների կայունությամբ և ընդհանուր փոխկապակցվածությամբ:
 
 
Մարթա Այվազյան
Անվտանգության, ժողովրդավարության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play