«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հայտադիմումները բացվել են


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հայտադիմումները բացվել են

  • 11-01-2017 15:22:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հայտարարում է 2017 թվականի մասնակիցների հավաքագրման մեկնարկի մասին: Սույն թվականի հունվարի 9-ից բոլոր այն երիտասարդները, ովքեր տիրապետում են հայերենի, ցանկանում են փոխել ոչ միայն իրենց կյանքը, այլև Հայաստանում ապրող երեխաների, կարող են անկախ մասնագիտությունից և աշխատանքային փորձից դիմել ծրագրին և դառնալ մասնակից: Ծրագիրը միտված է բացահայտելու երիտասարդների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Ծրագիրն արդեն ունի 42 մասնակից Հայաստանի տարբեր մարզերում: Նրանցից յուրաքանչյուրն աշխատում է դպրոցում, ակտիվ ներգրավված է համայնքի առօրյայում, մասնակցում է միջոցառումների ու նպաստում է այդ համայնքերի զարգացմանը: 
 
  «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի մարզերի այն դպրոցներում, որտեղ կա համապատասխան ուսուցիչների պակաս: Ծրագրի հիմնադիր և նախագահ Լարիսա Հովհաննիսյանն ասում է, որ նման ծրագիրը կնպաստի ոչ միայն Հայաստանում կրթության որակի բարձրացմանը, այլև առաջնորդի բացառիկ կարողություններով կօժտի ծրագրին մասնակցած բոլոր երիտասարդներին. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ունի երկարաժամկետ նպատակ՝ գերազանց կրթությունը հասանելի դարձնել Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխայի համար: Մեր գործունեության այս 3 տարիների ընթացքում աշակերտների մոտ արդեն նկատվել է ակադեմիական աճ, սակայն բացի երեխաների քաղած օգուտներից, ծրագիրը պատրաստում է առաջնորդների մի ողջ սերունդ:  Նախքան մասնակիցներին դպրոցներ ուղարկելը, մենք վեցշաբաթյա ինտենսիվ դասընթաց ենք կազմակերպում նրանց համար և վերապատրաստում նրանց որպես ուսուցիչ, աշխատում նրանց հաղորդակցման հմտությունների վրա, նպաստում ինքնազարգացմանը: Ծրագրի երկու տարիների ընթացքում մեր մասնագետները շարունակում են աշխատել մասնակիցների հետ`զարգացնելով նրանց առաջնորդական հմտությունները և մասնագիտական կարողությունները: Եվ հավատացնում եմ Ձեզ, որ ծրագիրն ավարտելուն պես նրանք ձեռք են բերում նոր որակներ, որոնք շատ կարևոր դեր կխաղան իրենց կարիերայի հետագա զարգացման հարցում», - ընդգծել է Լարիսա Հովհաննիսյանը: 
  Այս պահի դրությամբ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 5 մարզի 35 գործընկեր դպրոցում: Մեր երկու հոսքի 42 մասնակիցներն աշխատում են շուրջ 2663 երեխայի հետ: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակաբար համագործակցում է նոր դպրոցների ու համայնքների հետ, որպեսզի հասանելի դառնա Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր մարզերում ապրող յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը, որն արդեն հասանելի է www.teachforarmenia.org կայքում: 
  «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն անկախ ծրագիր է, որը համագործակցում է ՀՀ կառավարության, մարզպետարանների, բոլոր համայնքների դպրոցների, համալսարանների, տեղական և արտասահմանյան կազմակերպությունների և անհատների հետ:  Մոդելը, որի հիման վրա ստեղծվել է ծրագիրը, 25 տարվա պատմություն ունի։ Այն սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է, որը կիրառվել է աշխարհի շուրջ 40 երկրում: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն