«Մենք ունենք այսօրվա վտանգավոր քաղաքականությունը փոխելու խնդիրը».Ստյոպա Սաֆարյան


«Մենք ունենք այսօրվա վտանգավոր քաղաքականությունը փոխելու խնդիրը».Ստյոպա Սաֆարյան

  • 11-01-2017 15:46:29   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը

 

Պարոն Սաֆարյան, տարեվերջին Ադրբեջանի դիվերսիոն հարձակման վերաբերյալ ՀԱՊԿ անհասցե հայտարարությանը հետևեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ պակաս անհասցե հայտարարությունը։ Ձեզ համար անակնկա՞լ էր սա, և արդյոք ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքը համարժեք էր։

Սպասելի էր, որովհետև եթե 2016-ի ապրիլին քառօրյա պատերազմ է տեղի ունենում, դրա արդյունքում որևէ գնահատական չի տրվում, այդ դեպքում խնդիրն առավելապես պետք է փնտրել ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթներում՝ մինչ Մինսկի խմբի կամ որևէ այլ կազմակերպության վրա մեղքը բարդելը։ Հավանաբար կհիշեք, որ երբ հարց տվեցին Էդվարդ Նալբանդյանին, թե ինչու միջազգային հանրությունը հասցեական գնահատական չի տալիս, թե ով է պատերազմը սկսել, նա պատասխանեց. «Դե բոլորն էլ գիտեն»։ Դե եթե բոլորը գիտեն ու չեն ասում, և դա նորմալ է պաշտոնական Երևանի համար, բնականաբար, ինչու պիտի նորմալ չլինի, որ էլի բոլորը գիտեն, որ հայ-ադրբեջանական սահմանի վրա հարձակման  հեղինակն Ադրբեջանն է, ինչու պետք է նորմալ չլինի, եթե այդ մասին չբարձրաձայնեն։ Ես իհարկե վստահ եմ, որ միջադեպի հենց առաջին օրը Հայաստանը ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև ԵԱՀԿ-ին է տեղյակ պահել, առաջին հերթին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկին և երեք համանախագահներին: Եվ քանի որ Հայաստանը հայտարարել է, որ իր տրամադրության տակ կան անհերքելի փաստեր, որոնք ապացուցում են Ադրբեջանի դիվերսիան Հայաստանի նկատմամբ, նշանակում է դրանք նույնպես տրամադրվել են։ Այսինքն՝ դրանք տրամադրվել են, և մենք ունենք այսպիսի հայտարարություն, և պետք է հասկանալ, թե ինչու այդքանից հետո նման հայտարարություն է ընդունվել. որովհետև արդեն սովորական է դարձել, որ Հայաստանը համակերպվում է, լավագույն դեպքում պաշտոնական մակարդակավ հայտարարություններ է անում, սրտնեղում է, թե ինչու հասցեական հայտարարություններ չեղան, բայց ոչ ավելին։ Այդ կտրվածքով, իհարկե, Հայաստանն է մեղավոր, որ նման վարքագիծը շարունակվում է։

Ի վերջո, ինչ են ասել համանախագահներն այս հայտարարության մեջ: Եթե ավելի պարզ լեզվով թարգմանենք, իմաստը հետևյալն է. հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հարձակում, երկու կողմերով իրար եք մեղադրում, թե ով է դա արել, դուք եք մեղավոր, որովհետև հետաքննությունների մեխանիզմ ներդրված չի։ Ու քանի ու այդ մեխանիզմը ներդրված չի, այն, ինչ մենք կարող ենք անել, կոչ անելն է, որ նման բաներ այլևս չլինեն։ Երկրորդ բանը, որ կարող ենք անել՝ կոչ ենք անում Երևանին վերադարձնել ադրբեջանցու դին մարդասիրության կոնտեքստում։ Այսինքն՝ մենք մեղավոր չենք, դուք եք մեղավոր, որ մեխանիզմ չեք ներդրել, հետևաբար, մինչև հիմա իրար մեղադրում եք։ Եթե չեք ուզում իրար մեղադրել, եթե ուզում եք, որ ամեն ինչ պարզվի, հետաքննության մեխանիզմները ներդրեք։ Սա է Մինսկի խմբի համանախագահների տեքստի բովանդակությունը։

 

Ձեր կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից երկուսի փոփոխությունը ազդեցություն ունեցե՞լ է ընդունված հայտարարության վրա։ Հնարավո՞ր է, որ նրանք նոր են և չեն տիրապետում հակամարտության նրբություններին։

 

Ոչ, իհարկե։ Եկեք հիշենք, թե ինչ հայտարարություն արեց ԵԱՀԿ-ն 2014-ին հայկական ուղղաթիռի խոցումից հետո. գրեթե նույնատիպ հայտարարություն, որ շատ մտահոգված ենք, կոչ ենք անում կողմերին թույլ տալ, որ հանվեն դիերը, և ոչինչ։ Ալիևը հաշվել է բոլորի ատամները։ Ադրբեջանի գիտի, թե նման միջադեպերի դեպքում ինչով է ամեն ինչ ավարտվելու։ Հայաստանի սխալը գալիս է նրանից, որ բացի փաստերը դեկտեմբերի 29-ին կամ 30-ին միջազգային կառույցներին ներկայացնելը, նաև պետք է պահանջ ներկայացնել միջադեպի հետաքննություն սկսելու վերաբերյալ։ Որովհետև արդեն կա Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որը շրջում է իրականությունը և ամեն բան բարդում հայկական կողմի վրա։ Ցավոք սրտի, հայկական կողմին էլ են համոզել, որ որևէ մեխանիզմ ներդնելու համար պետք է Ադրբեջանի համաձայնությունը։ Ինչպես ԼՂՀ կարգավիճակի հարցն է դարձել Բաքվի պատանդը, այնպես էլ ցանկացած մեխանիզմի ներդրում դարձել է Ալիևի պատանդը։ Այսինքն՝ Ալիևն իր ձեռքին ունի լծակներ, որոնք օգտագործում է բոլորի դեմ, և Հայաստանը երբեք չի վիճարկում, թե ինչու պիտի Ադրբեջանի կամքից կախված լինի այնպիսի գործիքների կիրառումը, որոնք արդեն ամրագրված են այն փաստաթղթերում, որոնց արդեն միացել են Հայաստանն ու Ադրբեջանը՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում։

 

Ես նորից եմ հարց տալիս Հայաստանի ԱԳ նախարարին. իսկ ինչո՞ւ հնարավոր եղավ փաստահավաք առաքելության իրականացումը Ադրբեջանի պահանջով, իհարկե Հայաստանն էլ չառարկեց, բայց դա եղավ առանց որևէ լրացուցիչ մեխանիզմ ստեղծելու։ Ինչու, օրինակ, այն ժամանակ հնարավոր եղավ փաստերը պարզել, քանի որ փաստահավաք առաքելության նպատակը փաստերը պարզելն է, նույնկերպ պետք է Չինարիի կամ որևէ այլ միջադեպի դեպքում գալ և ուղղակի ապացուցել, որ փաստն այն է, որ դիակը այստեղ է, և մարտերը տեղի են ունեցել ՀՀ տարածքում։ Ինչո՞ւ այս դեպքում փաստահավաք առաքելությունը առանց որևէ հատուկ որոշման, ինչի մասին հիմա ականարկում են, հնարավոր չէ։ Սա է խնդիրը, որ Հայաստանը մինչև հիմա չի արել՝ մտածելով՝ դիակը կպահեմ, եթե Մինսկի խմբի համանախագահները կբարեհաճեն գալ Երևան, կհամոզվեն, որ դիակը հայկական կողմում է, կհամոզվեն, որ դիվերսիան Ադրբեջանն է արել, դիակը հետ կտամ։ Իսկ նրանք Երևանին, բառիս բուն իմաստով, շախ և մատ հայտարարեցին։

Հայտարարության մեջ, իհարկե, նրանք խոսում են նաև հետաքննության մեխանիզմների ներդրման, հրադադարի ռեժիմը հարգելու մասին, բայց այն, ինչ սպասում էր Երևանը, տեղի չունեցավ և չէր էլ ունենալու։ Եթե Երևանը սպասում էր, որ դիակն իր մոտ պահելով որևէ մեկին կստիպի անել հասցեական հայտարարություններ, դա չէր լինելու։ Դա ուրիշ կերպ պետք է լիներ, պետք էր ստեղծել ապացույց, որը շրջանցելու հնարավորություն չունենային Մինսկի խմբի համանախագահները։ Հայաստանը չստեղծեց այդպիսի ապացույց ԵԱՀԿ ֆորմատի շրջանակներում։ Հայաստանն այդպիսի ապացույցներ ունի իր իրավասության տիրույթներում, բայց ԵԱՀԿ մանդատի ներքո այդպիսի ապացույցներ չստեղծեց, այդպիսի ապացույցներ ստեղծելու պահանջ և պրոցես չսկսեց, և հիմա Ադրբեջանն, իհարկե, ձևը սովորել է։ Թող ՀՀԿ-ի որևէ պաշտոնյա՝ Հերմինե Նաղդալյանից սկսած, վերջացրած մնացածով, որոնք ասում էին, որ մենք Թալիշի և այլ բարբարոսությունների ու վանդալիզմի հետ կապված դիմել ենք միջազգային ատյաններ, պատասխանեն՝ հիմա կարո՞ղ եք ասել, թե դա ինչ գնահատականներ է բերել ապրիլյան պատերազմի արդյունքում, ոչ մի։ Ու այդ դեպքում ինչո՞ւ Ալիևը պիտի անպատիժ չլինի։ Հիմա էլ Ալիևը համարել է, որ սա իր հաղթանակն է։ Ի վերջո, ընդունվեց, որ կողմերն իրար են մեղադրում։ Այսինքն՝ միջազգային հանրությունը, այնուամենայնիվ, չի ասում, որ Ադրբեջանը մեղավոր է։ Սա իսկապես վտանգավոր է, և այդ վտանգը տեսնում է Էդվարդ Նալբանդյանը, և պատական չէ, որ նա ասում է՝ չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը նման ընկալում ունենա։ Բայց Ադրբեջանն արդեն այդ ընկալումն ունի, որովհետև սա արդեն որերորդ միջադեպն է։ Ադրբեջանը արդեն խոշոր միջադեպերի հետ կապված սովորել է, և պատահական չէ, որ Բաքուն հայտարարեց, որ ապրիլին ես չեմ հարձակվել, դուք եք հարձակվել։ Այս արատավոր շղթայից Հայաստանը դուրս չի եկել և չի էլ ուզում դուրս գալ։ Սա տապալված քաղաքականություն է։

 

Իսկ մենք Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք ունե՞նք։

Ոչ, բայց որ կազմակերպության ֆորմատում էլ այսքան փնթի, անսկզբունքային, անհետևողական ու ոչ պրոֆեսիոնալ աշխատենք, նույն խնդիրներն ունենալու ենք։ Խնդիրը Մինսկի խումբը չէ, Մինսկի խմբից ավելի լավ տեղ մենք չենք ճարելու։ Այդ խումբը հակամարտությունը չի լուծելու, բայց հակամարտության կառավարման առումով ավելի լավ ֆորմատ չկա։ ՄԱԿ-ն է, ՄԱԿ-ն էլ որոշելու է միջազգային խաղաղապահներ տեղակայել, բայց արդյոք դա հակամարտության կառավարման լուծում է, իհարկե ոչ։ Այսինքն՝ Մինսկի խմբին այլընտրանք չունենք, բայց հաստատապես այս իրավիճակին այլընտրանք կարող ենք ունենալ, եթե ունենանք այլ արտաքին քաղաքականություն և այլ պահանջներ։

 

Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը անգամ ՀԱՊԿ-ում չունի այնքան դերակատարություն, որ Բորդյուժային հայ պաշտոնյայով փոխարինելու հարցը կյանքի չկոչվեց։

Նույնիսկ համեմատելու բան չէ, որովհետև չի կարելի ՀԱՊԿ-ի հայտարարությունը համեմատել Մինսկի խմբի հետ, որովհետև Մինսկի խումբը հակամարտության լուծումներ փնտրելու առաքելություն ունեցող կազմակերպություն է, իսկ ՀԱՊԿ-ն իր անդամին պաշտպանելու կազմակերպություն է։ Չանդրադառնամ այդ երկու կառույցների հայտարարությունների ընդհանրություններին, որովհետև, ըստ էության, ՀԱՊԿ-ն էլ գրեթե նույնքան անհասցեական, անպատժելիություն թույլ տվող տեքստ էր տարածել։  Խնդիրը հիմա միջազգային հարաբերություններում Հայաստանի վարած քաղաքականության մեջ է. եթե մենք խոսում ենք ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի կշռի մասին, ապա ո՞վ է մեղավոր, որ մենք դարձել ենք ռուսական քաղաքականության կցորդը։ Ո՞վ է մեղավոր, որ մենք դաշնակիցներ չունենք։ Ռուսաստանի քաղաքականությունն, անշուշտ, Ղարաբաղյան խնդրում պրոբլեմ է մեզ համար, բայց արդյոք այդ խնդրից դուրս մենք ուրիշ խնդիր չունենք։ Մենք ունենք այսօրվա վտանգավոր քաղաքականությունը փոխելու խնդիրը և հրամայականը։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ