Այսօր ունենք այն, ինչ ունեինք մինչեւ ապրիլյան պատերազմը

13-01-2017 13:31:07   | Հայաստան  |  Հոդվածներ
«Առավոտ».Ինչո՞վ ենք պատրաստվում պատասխանել ու կանխել Ալիեւի քաղաքականությանը.
 


ԵԱՀԿ Մինսկի խումբը գրեթե երկու շաբաթ անց հայտարարություն է տարածել դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի առնչությամբ, որում նշել են. «Բաքուն եւ Երեւանը շարունակում են միմյանց մեղադրել 2016թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի համար, որը հանգեցրեց մարդկային զոհերի»:
 
Այնուհետեւ միջնորդներն արձանագրել են, որ հրադադարի խախտումները անթույլատրելի են եւ հակասում են այն պարտավորություններին, որոնք ստանձնել են կողմերը, որոնք կրում են ամբողջ պատասխանատվությունը ուժ չկիրառելու համար: Նրանք կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում` հնարավորինս կարճ ժամկետներում վերջնական տեսքի բերել ԵԱՀԿ-ի` միջադեպերի հետաքննության մեխանիզմը:
 
Համանախագահները նաեւ կոչ են արել անհապաղ վերադարձնել աճյունները` հիշեցնելով «խնդրի բացառապես հումանիտար բնույթը»: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է դիվերսիոն խումբը հայտնվել հայկական կողմում, ո՞վ է ձեռնարկել դիվերսիոն ներթափանցման հերթական փորձը, եւ առհասարակ, ո՞ր կողմը չի պահպանում անցյալ տարվա Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները… Այս հարցերի մասին հերթական անգամ խոսք չկա: Իհարկե, միջնորդների շարունակական չեզոքությունը կամ, ինչպես ընդունված է ասել, բալանսավորված դիրքորոշումը նորություն չէ, տարիներ շարունակ հենց այդպես են նրանք առաջնորդվել, որպեսզի իրավիճակն էլ ավելի չսրեն: Բայց ապրիլյան պատերազմից հետո չեզոքության դրսեւորումն Ալիեւի «ձեռքերն ազատելու» համար նպաստավոր պայմաններ է ստեղծում: ԵԱՀԿ Մինսկի խումբը, իհարկե, եղել եւ մնում է միակ այն ձեւաչափը, որով հայկական կողմը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը հավատարիմ է մնացել:
 
Այլ է իրավիճակը Բաքվի պարագայում. Մինսկի խումբը մշտապես Ադրբեջանից ամենատարբեր մակարդակներով քարկոծվել է, ու շարունակվում է նույն քաղաքականությունը: Ապրիլյան պատերազմից ինն ամիս է անցել, այդքան խոսվել է «դասեր քաղելու» անհրաժեշտության մասին: Ի՞նչ արդյունքներ է արձանագրել հայկական կողմը՝ առաջնագծում իրականացված աշխատանքներից բացի: Ի՞նչ աշխատանք է տարվել, որպեսզի ապրիլին ադրբեջանական կողմի գործած վայրագությունների մասին այսօր միջազգային հանրությունն ունենար ավելի հստակ պատկերացում: Մի՞թե պարզ չէ, որ «բոլորի համար առանց հետաքննության մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել», ոճով շարունակական հայտարարությունները ազդեցություն չեն ունենում անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների վրա: Կամ եթե` հոգու խորքում «բոլորի համար պարզ է», միեւնույն է՝ բոլորը շարունակում են չմատնանշել մեղավորին, սադրողին, սանձարձակին: Հետեւաբար ինչ-որ բան պետք է փոխվի մեր կողմից վարվող քաղաքականության մեջ:
 
Այլապես մի օր կպարզվի, որ հայկական կողմի նկատմամբ ոչ դրական շեշտադրումներով հայտարարությունները, ակնարկները սկսում են ավելի ու ավելի հաճախակիանալ: Ցավալին այն է, որ այսօր ունենք այն, ինչ ունեինք մինչեւ ապրիլյան պատերազմը: Անպատժելիությունից ոգեւորված, կարծես, իրավիճակից արդյունքներ «քաղում» է բացառապես Ալիեւը: Ադրբեջանի նախագահը կառավարության ընդլայնված նիստում օրերս անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ Չինարիի վրա ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը` նշելով. «ՀԱՊԿ-ի նախկին ղեկավարները քաղաքական մեծ սխալ են գործել՝ որդեգրելով հայամետ դիրքորոշում եւ կիրառելով անընդունելի ձեւակերպումներ (ԼՂՀ)։ Այսօր մենք գիտենք նրանց ճակատագիրը…»։ Այնուհետեւ նա կրկին հոխորտացել է, թե պատրաստ են լուծել խնդիրը. «Մենք ունակ ենք ցանկացած պահի հարցը լուծել ռազմական ճանապարհով»։ Դեկտեմբերի վերջին ամփոփելով 2016թ. դիվանագիտական արդյունքները՝ Ադրբեջանի պաշտոնական «Ազերթաջ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ բաց ու հստակ նշել է, որ Ադրբեջանն ապագայում եւս շարունակելու է Ղարաբաղյան հակամարտության միջազգայնացմանն ուղղված քաղաքականությունը` չսահմանափակվելով միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով. «Ղարաբաղյան հակամարտության ընթացքում որեւէ կառույց չի կարող մենաշնորհային դիրք զբաղեցնել»:
 
Ալիեւը շարունակելու է իր մարտավարությունը` սպառնալիքները, դիվերսիոն փորձերն առաջնագծում, ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ քննադատությունը եւ այլ ատյաններում ԼՂ հարցը բարձրացնելու ավանդական քաղաքականությունը, ընդ որում` հայկական կողմին «ապակառուցողական քաղաքականության» մեջ մեղադրելով: Իսկ մենք պատրաստվո՞ւմ ենք հակադրվել, պատասխանել ու հնարավորինս կանխել այդ քաղաքականությունը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից