Ադրբեջանցիները ստիպված են նոր հարձակում գործել Ղարաբաղի վրա.Քաղաքագետ
13-01-2017 18:25:03 | Հայաստան | Հարցազրույցներ
Լրագրի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը
Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Ձեզ համար անակնկա՞լ էր այդ հայտարարությունը, ինչու, ի վերջո, հավասարության նշան դրվեց կողմերի միջև։
Սա նորություն չէ, ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ փորձել է պահել հավասարակշռության սկզբունքը, որովհետև ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացն առնվազն վերջին մեկ տարում վտանգի մեջ է։ Մինսկի խումբը չի կարող այնպիսի անզգույշ հայտարարություններ անել, որովհետև համանախագահները գիտեն, որ եթե հայամետ լինեն, ազերիները շատ դժգոհ կլինեն, եթե ադրբեջանամետ լինեն, հայերը դժգոհ կլինեն։ Եվ այդպես հետևանքն ահավոր կլինի: Այսօր պետք է փրկել Մինսկի խմբի գործընթացի էությունը, դրա համար հավասարակշռությունը պահելով՝ համանախագահները փրկում են իրենց ձևաչափը։
Բայց չէ՞ որ ակնհայտ էր, որ հարձակվող կողմն Ադրբեջանն է, հայկական կողմը հայտարարեց, որ ունի դրա ապացույցները, դիվերսանտի դին, ըստ էության, դրա համար էին պահում։
Համանախագահները վաղուց գիտեն, որ ադրբեջանցիներն են սադրանքների դիմում։ Վերջին միջադեպի ժամանակ էլ պարզ էր, որ Ադրբեջանն է հարձակվողը, բայց, ինչպես արդեն ասացի, համանախագահները փորձում են չեզոքության վիճակը պահել։ Ես վստահ եմ, որ եթե Ադրբեջանը չկարողանա քանդել Մինսկի խումբը, ապա գոնե կփորձի չեզոքացնել նրա գործունեությունը։
Հիմա այս քայլով Ադրբեջանը կարողացա՞վ չեզոքացնել Մինսկի խմբի գործունեությունը: Ընդհանրապես, ինչ կլինի, եթե այդ խմբի գործունեությունը չեզոքացվի՝ հաշվի առնելով, որ սա միակ կառույցն է, որ զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ։
Համանախագահներն առաջարկել են ճանապարհային քարտեզ, բայց եթե հայերն ու ադրբեջանցիները, ըստ համանախագահների, չունեն քաղաքական կամք այդ հարցը լուծելու, խնդիրը մտնում է փակուղի։ Այդուհանդերձ, Մինսկի խումբը մնում է այսօր, հատկապես քառօրյա պատերազմից հետո, պատասխանատվությունն ավելի մեծ է հայերի ու ադրբեջանցիների համար։ Բոլորը գիտեն, որ ադրբեջանցիները որևէ զիջում չեն անելու, որովհետև նրանց համար միայն տարածքային ամբողջականության սկզբունքն է, որ գոյություն ունի, հայերը, իմանալով, որ ադրբեջանցիները ոչ մի զիջում չեն անելու, սպասում են։ Դա է պատճառը, որ ոչ մի դրական քայլ չկա։ Ադրբեջանցիները ձգտում են քանդել Մինսկի խմբի ֆորմատը կամ չեզոքացնել այն, իսկ հայերի համար շատ կարևոր է, որ այդ ձևաչափը պահպանվի, դրա համար էլ ադրբեջանցիների հարձակումներին հայերը ստիպված են դիմադրել առանց որևէ նոր քայլ անելու, որպեսզի չչեզոքացվեն բանակցությունները, փակուղի չմտնի հարցը։
Համանախագահների հայտարարությանը Հայաստանի արձագանքն ինչպե՞ս եք գնահատում։ Շատերը քննադատեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքը։
Առաջին անգամ չէ, որ Էդվարդ Նալբանդյանի խոսքերը քննադատվում են թե կուսակցությունների, թե հասարակության կողմից։ Դժբախտաբար, Հայաստանի դիվանագիտությունը չունի նպատակներ։ Հայաստանի դիվանագիտությունը սկզբունքներ ունի, գործելակերպ էլ ունի, բայց նպատակ ու ռազմավարություն չկա։ Ո՞րն է հայերի նպատակը, ինչպես կարելի է հասնել այդ նպատակին։ Ղարաբաղի անկախության ճանաչումը և կամ միացումը Հայաստանի՞ն: Ժողովրդավարության օրինակը (մոդելը) դառնալ ամբողջ Հարավային Կովկասո՞ւմ: Ո՞րն է Հայաստանի դիվանագիտական նպատակը:
Իսկ ընդհանրապես, այսօր Մինսկի խմբին այլընտրանք կա՞, որպես ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող մարմին։
Չկա, Մինսկի խմբի ձևաչափը ամենահարմարն է, այդ թվում այն, որ ԵԱՀԿ-ի որոշումները կատարման համար պարտադիր չեն։ Մինսկի խմբի համանախագահները կարող են առաջարկներ անել, դիտորդներ ուղարկել շփման գիծ, կարող են այցելել Բաքու, Երևան, Ստեփանակերտ, բայց պարտադրող որոշումներ չեն կարող ընդունել։ Միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, որի որոշումները պարտադիր են։ Հայերն այդ ձևաչափի կարիքն ունեն, իսկ ադրբեջանցիները չունեն։ Ադրբեջանցիները փորձում են Եվրոպայի խորհրդում կամ ՆԱՏՕ-ում բարձրացնել Ղարաբաղի հարցը, բայց այդ փորձերը ոչ մի արդյունք չեն տվել, բացի 1-2 բանաձևերը, որոնք, խոշոր հաշվով, իմաստ չունեն։ Եվ ադրբեջանցիները գիտեն դա։ ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որ 1993 թվականին ընդունվեցին, բայց անհնար է գործադրել, որովհետև ադրբեջանցիներն ասում են՝ պետք է իրագործել այդ բանաձևերը, որտեղ ներառված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ բանաձևերի մեջ Հայաստան բառը չկա իբրև մասնակցող կողմ հակամարտության մեջ, բացի մեկ դրվագից։ Իսկ այդ մեկ դրվագը այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խնդրում են (ոչ թե պահանջում), որ Հայաստանը գործադրի իր ազդեցությունը ղարաբաղյան ուժերի վրա։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն գործադրեց իր ազդեցությունը, այլ ուղղակի գնաց սեղանի շուրջ ադրբեջանցիների հետ բանակցելու, փոխանակ Ղարաբաղի իշխանությունները բանակցեին։ Այսինքն՝ այդ բանակցությունները, որոնք հիմք են միջազգային իրավունքի առումով, հնարավոր չէր կիրառել ամենասկզբից։ Եթե հիշում եք, Հեյդար Ալիևը միշտ հայտարարում էր, որ չի կարող գործադրել այդ բանաձը, որովհետև այդտեղ Հայաստանն իբր հակամարտության մասնակից կողմ գոյություն չունի։ Ու այսօր իր որդի Իլհամ Ալիևը շեշտը դնում է այդ բանաձևերի վրա. Եվ պետք է նրան բացատրել, թե ինչպե՞ս կարելի է գործադրել այդ բանաձերը այսօր, եթե դրանք 15 տարի առաջ անհնար էր գործադրել, մանավանդ երբ բովանդակությունը չի փոխվել: Իսկ Հայաստանը չի օգտագործում այդ փաստաթղթերում առկա իրեն ձեռնտու դրույթները, դա է Հայաստանի սխալը, ու դա շարունակվում է Լևոն Տեր-Պետրոսյանից մինչ այսօր։ Չկարողացան օգտագործել այդ դրույթները։ Եթե 1994 թվականի զինադադարից հետո ՀՀ իշխանությունները ճանաչեին Ղարաբաղի անկախությունը, այս հարցը կավարտվեր։ Այն ժամանակ Ռուսաստանը թույլ էր, Ադրբեջանը ծնկի եկած էր, չէր կարող դիմադրել, այսինքն՝ ոչ ասել, բայց մենք կորցրինք այդ ժամանակը մինչև այսօր։
Շատ փորձագետներ նշում են, որ այս տարի լարվածությունը շփման գծում կմեծանա, այս տարի ավելի մեծ է պատերազմի վտանգը, քանի որ ձեռք բերված պայմանավորվածություններից որևէ մեկը Ադրբեջանը չի պատրաստվում կյանքի կոչել։ Դուք կիսո՞ւմ եք այդ մտահոգությունները։
Այո, շատ հավանական է, որ մարտին կամ ապրիլին, կամ մայիսին ադրբեջանցիները, հաշվարկելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ոչ մի դատապարտում չեղավ իրենց հասցեին, դա համարեն կանաչ լույս։ Ցավոք, ոչ մի պետություն չդատապարտեց, բայց քանի որ շատ փոքր արդյունք ստացան, իսկ դիվանագիտական առումով ընդհանրապես դա պարտություն էր Բաքվի համար, քանի որ քառօրյա պատերազմից հետո եղան Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները։ Այսօրվա վիճակը հետևյալն է. ադրբեջանցիները ստիպված են նոր հարձակում գործել Ղարաբաղի վրա, որպեսզի ստեղծված հավասարակշռությունը փոխվի, որպեսզի դիվանագիտական գործընթացը փոխվի, որպեսզի ստիպեն հայերին ավելի մեծ զիջումների գնալ։
Սակայն այստեղ 3 հարց կա. նախ՝ քառօրյա պատերազմից հետո ադրբեջանցիները շատ մեծ կորուստներ ստացան, արդյոք Ալիևը պատրա՞ստ է այդ մասշտաբների նոր կորուստներ ունենալ։ Ես կարծում եմ, որ իրենց համար դա կարելի է, որովհետև ադրբեջանցիների համար կյանքն, ըստ երևույթին, արժեք չունի։ Երկրորդ, ազերիները եթե պատերազմի մեջ մտնեն, ո՞ւմ համար պիտի պայքարեն: Իրենց իշխանությունների՞ համար (Ալիևի նախագահության), թե՞ իրենց ազգի համար (նկատի ունենալով, որ Ադրբեջանի ազգ գոյություն չունի): Երրորդ՝ քառօրյա պատերազմի ժամանակ հայերը ցույց տվեցին, որ պատրաստ են դիմադրություն ցույց տալ, իսկ այսօր հայկական կողմն ավելի պատրաստ է, քանի որ ավելի շատ միջոցներ, ռեսուրսներ է տրամադրում ճակատի համար։ Ազերիներն ունեն թե ռազմավարություն, թե նպատակ, բայց սկզբունք և բանակ չունեն, իսկ հայերն ունեն թե սկզբունքներ, թե բանակ, բայց ռազմավարություն և նպատակ չունեն, սա է տարբերությունը։