Նախարարը չի կարող հայտարարել, որ Իրան-Հայաստան երկաթուղու գաղափարը դարձել է բլեֆ


Նախարարը չի կարող հայտարարել, որ Իրան-Հայաստան երկաթուղու գաղափարը դարձել է բլեֆ

  • 13-01-2017 18:30:45   | Հայաստան  |  Վերլուծություն

Թեեւ կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել Իրան-Հայաստան երկաթուղու ներդրում գտնելու ուղղությամբ, այդուհանդերձ աներկբա է, որ նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ լուծարման մասին կառավարության որոշումը փաստացի նշանակում է Իրան-Հայաստան երկաթուղային նախագծի գաղափարի տապալման խոստովանություն: Այդ ՓԲԸ հիմնական նպատակը լինելու էր հենց այդ գաղափարի սպասարկումը:

Թեեւ, մյուս կողմից, Հայաստանի պետական կառավարման համակարգի որեւէ օղակի բուն նպատակը իշխող համակարգի պայմաններում հանդիսացել ու հանդիսանում է փողի խողովակից օգտվելը: Դա անուղղակի խոստովանել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ասելով, թե մսխման կամ չարաշահումների տեսանկյունից ռիսկային է Հայաստանի բյուջեի 1/3-ը: Այդ հայտարարության համար Զաքարյանը արժանացավ Սերժ Սարգսյանի նկատողությանն ու սպառնալիքին:

Այնպես որ, հնարավոր է ՓԲԸ-ն լուծարվում է փողի խնայողության համար կրճատումների քաղաքականության կամ տրամաբանության շրջանակում, որ սկսել է Կարեն Կարապետյանը:

Այդուհանդերձ, աներկբա է, որ եթե երկաթուղու շինարարության ուղղությամբ հեռանկարը լիներ գործնական, փող չէին խնայի այդ ՓԲԸ հաշվին:

Միեւնույն ժամանակ, նախարարն իհարկե չի կարող հայտարարել, որ Իրան-Հայաստան երկաթուղու գաղափարը ձախողված է կամ դարձել էր բլեֆ: Նա պետք է ասի, որ Հայաստանը շարունակելու է ջանքը:

 

Այդ ջանքի մասին Հայաստանը հայտարարել է 2008 թվականին: Սերժ Սարգսյանը այդ թվականի հոկտեմբերի 2-ին հանդես եկավ ԱԺ ամբիոնից հնչեցված ուղերձով, որում հայտարարեց, որ եկել է գլոբալ նախաձեռնությունների ժամանակը:

Որպես այդպիսի նախաձեռնություն Սարգսյանը նույն պահին էլ հռչակեց երեքը` Իրան-Հայաստան երկաթուղի, Համահայկական բանկ, Նոր ատոմակայան: Երեք նախագծերից թղթից քար է դարձել միայն Համահայկական բանկը, թեեւ պարզ չէ այդ քարի իմաստը: Այսինքն, բանկը շենք ունի, բայց պարզ չէ, թե ինչով է զբաղված դրանում տեղավորված կառույցը եւ որն է դրա դերը, ինչով է զգացվելու դրա պակասությունը Հայաստանի համար:

Մնացյալ երկուսը՝ երկաթուղին եւ ատոմակայանը, ընդհանրապես թղթի վրա են: Արդեն մոտենում է տասնամյակը:

Փաստացի, հռչակված գլոբալ երեք նախաձեռնությունները տասնամյակի ընթացքում լիարժեք դրսեւորվեցին որպես բլեֆ:

Դա՞ էր արդյոք դրանց հռչակման նպատակը կամ իմաստը հենց սկզբից: Դժվար է ասել: Սերժ Սարգսյանը 2008 թվականի Մարտի 1-ից հետո դառնալով նախագահ, գտնվում էր չափազանց երերուն իրավիճակում: Նա ուներ իրավիճակը արագորեն մեղմելու, հարթելու, ընդհանրացնելու, լարվածությունը թուլացնելու, օրակարգը փոխելու խնդիր: Այդ իրավիճակում նա դիմեց արտաքին «նախաձեռնողականության» եւ գլոբալ նախագծերի օգնությանը:

Միեւնույն ժամանակ, կակածից վեր է նաեւ, որ անկախ զուտ Սարգսյանի իշխանական կամ անձնական խնդիրներից, Հայաստանի համար գլոբալ նախագծերի անհրաժեշտությունը հասունացած է վաղուց: Ավելին, Արցախի դեռեւս առաջին պատերազմից հետո է Հայաստանի համար առաջացել դրա անհրաժեշտությունը, թե որպես տնտեսա-քաղաքական գործոն, թե որպես հանրային կամ ազգային համախմբման միջոց, գաղափար, որի շուրջ հնարավոր է կոնսոլիդացնել հայությանն ընդհանրապես, դրա միջոցով նաեւ բարձրացնելով Հայաստանի պետականության կշիռն ու նաեւ այդ գլոբալ նախագծերի աշխարհքաղաքական արժեքն ու լրջությունը:

Այդ պատմական համատեքստի իմաստով, 2008 թվականը ոչ միայն գլոբալ նախագծերի ժամանակն էր, այլ 2008 թվականին այդ նախագծերը նույնիսկ ուշացած էին:

Բայց, ինչպես ասում են, գլոբալ նախագծից բլեֆ մեկ քայլ է, եթե նպատակն ընդամենը մանր քաղաքական խնդիրների լուծումն է, իսկ նախագծերը որեւէ կապ չունեն դրանք հնչեցնող մարդու թե անհատական երազանքների, թե պատկերացումների, մտածողության մասշտաբի հետ, այն համակարգի բնույթի եւ որակի հետ, որը գլխավորում է այդ նախագծերը հռչակող մարդը:

Որովհետեւ գլոբալ նախագծերը թե համապետական, թե համազգային, թե աշխարհքաղաքական իմաստով կենսունակ ու գրավիչ, համոզիչ եւ վստահելի են դառնում այն դեպքում, երբ դրանք ներկայացնող իշխանությունն ունի համապատասխան ռեսուրսներ: Եվ եթե այդ ռեսուրսները միլիարդավոր դոլարները չեն, ապա այդ դեպքում դրանք կարող են փոխարինվել միայն կառավարման որակներով, արժեքներով, մտածողությամբ, դրանից բխող հանրային լեգիտիմությամբ, վստահելիությամբ, որպես այդ ամենի արդյունք՝ պետական ինքնիշխանությամբ:

Այդ ամենի բացակայությունը ցանկացած գլոբալ նախագիծ կարճ ժամանակում վերածում է բլեֆի, նույնիսկ, եթե անգամ նախագիծը հռչակողը չի ունեցել այդպիսի նախնական նպատակ:

 

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն