«Սառը պատերազմի ուրվականը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա».Քաղաքագետ

13-01-2017 19:09:53   | Հայաստան  |  Հոդվածներ
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ 
 


Արևմուտքի և Ռուսաստանի միջև փաստացի նոր Սառը պատերազմ հիշեցնող դիմակայություն է սկսվել
Դա դրսևորվում է գրեթե բոլոր ոլորտներում՝սոցիալ-տնտեսական, գաղափարական, ռազմական, հոգեբանական:
Արևմուտք-Ռուսաստան դիմակայության նոր փուլը բացասական հետևանքներ է թողնում նաև Հայաստանի վրա, քանի որ Ռուսաստանը փորձում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հետ ունեցած հակամարտության մեջ:
 
 
ՆԱԽԱԲԱՆ
 
Խորհրդային Միության փլուզումից և դրա հետ մեկտեղ միջազգային հարաբերությունների Յալթա-Պոտսդամյան համակարգի վերացումից հետո թվում էր, թե վերջապես  Արևմուտքի և ԽՍՀՄ-ի միջև երկար տարիներ գոյություն ունեցած Սառը պատերազմն ավարտվել է, և այլևս հետդարձի ճանապարհ չկա: Սակայն այդ իրադարձություններից երկու տասնամյակ անց աշխարհը թևակոխել է Սառը պատերազմ հիշեցնող մի նոր դարաշրջան, որտեղ ԽՍՀՄ-ին փոխարինելու է եկել նրա իրավահաջորդ Ռուսաստանը, որը ձեռնոց է նետել Արևմուտքին և նոր աշխարհակարգին: 
 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ԽՍՀՄ-ի փլուզումը 21-րդ դարի աշխարհաքաղաքական չարիք է համարում, բազմիցս հայտարարություններ է արել, որոնցից ակնհայտ է, որ վերջինս ձգտում է աշխարհաքաղաքական ռևանշի: Այս նոր իրողությունները, բնականաբար, չեն բխում Հայաստանի շահերից. նա ավանդաբար համարվել է Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկիր, ով, սակայն, ձգտում է խորացնել հարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, ինչը չի ողջունվում Կրեմլի կողմից: Ըստ այդմ, Ռուսաստանը Հայաստանին ներքաշում է Արևմուտքի հետ ունեցած իր հակամարտության մեջ, ուստի մեր երկրի եվրոպական նկրտումները կարող են վերջնականապես ի դերև լինել: 
 
ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈՐ ՓՈՒ՞Լ
 
Համաշխարհային քաղաքական քարտեզի վրա Խորհրդային Միության վերացումից հետո՝ ընդհուպ մինչև 2000-ական թվականների վերջերը, Արևմուտքի և Ռուսաստանի միջև սկսվեց հարաբերություների բարելավման շրջան, սակայն այդ «ձնհալը» երկար չտևեց: Նավթի համաշխարհային գների աճը և միաժամանակ Ռուսաստանի հզորացումը փոխեց ուժերի հարաբերակցությունն աշխարհում, որն էլ հանգեցրեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնությունների մեծացմանը: 2000-ական թվականների կեսերից սկսած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարեց, որ միաբևեռ աշխարհն անարդար է, որ պետք է լինի երկբևեռ, միմյանց հակազդող բևեռներ, ինչը, ըստ էության, նշանակում էր վերադարձ երկբևեռ աշխարհակարգին և Սառը պատերազմին: 
 
Ոմանք Սառը պատերազմի երկրորդ փուլի սկիզբ են համարում ՌԴ նախագահ Պուտինի 2007թ. մյունխենյան ճառը, որտեղ Կրեմլի ղեկավարը ձեռնոց նետեց միջազգային հարաբերությունների գործող համակարգին: Այդ ելույթի հիմնական թեզերն էին՝ միաբևեռ աշխարհի մոդելն անընդունելի է և վտանգավոր, աշխարհում խախտվել է հավասարակշռությունը, ռազմական ուժի կիրառման միակ մեխանիզմը պետք է լինի ՄԱԿ-ի որոշումը, ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնվել դեպի Արևելք, ինչը հակասում է Ռուսաստանի ազգային շահերին, Մոսկվան մշտապես վարել և շարունակելու է վարել անկախ արտաքին քաղաքականություն և այլն: Դրան հետևեց 2008թ. ռուս-վրացական կարճատև պատերազմը, որի ժամանակ էլ խիստ սրվեցին Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները, և ուրվագծվեց Սառը պատերազմի նոր փուլի սկիզբը: 
 
Սակայն վերլուծաբանների մեծ մասի կարծիքով՝ Սառը պատերազմի նոր փուլը սկսվել է ուկրաինական իրադարձություններից հետո, երբ 2014թ. Ռուսաստանը բռնազավթեց Ղրիմը, ինչի հետևանքով խարխլվեց միջազգային հարաբերությունների համակարգը: Սառը պատերազմի առաջին փուլում, որքան էլ Արևմուտքի և ԽՍՀՄ-ի հարաբերությունները լարված էին և թշնամական, եղել էին դեպքեր, երբ հակամարտող կողմերից մեկը ներխուժել էր մեկ այլ պետության տարածք, պատերազմական գործողություններ վարել այնտեղ (օրինակ, ԱՄՆ-ի ներխուժումը Վիետնամ, ԽՍՀՄ-ի ներխուժումը Աֆղանստան), սակայն մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքի մի մասի բռնազավթումն աննախադեպ էր: 
 
Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Արևմուտքը կտրուկ փոխեց իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, և դրանից հետո այդ երկրի նկատմամբ հետևողականորեն իրականացվում է պատժամիջոցային և մեկուսացման քաղաքականություն: Ղրիմի դեպքերից հետո նրան հեռացրեցին G-8-ից, և սահմանվեցին միջազգային պատժամիջոցներ: Դա Արևմուտք-Ռուսաստան առանցքով հանգեցրեց հարաբերությունների լարմանը, Սառը պատերազմի նոր փուլի սկսմանը:
 
Սառը պատերազմի բնութագրիչ գծերն են՝
Հակամարտող բևեռների միջև ազդեցության գոտիների ստեղծումը 
Նրանց միջև հակամարտության տարածումը գրեթե բոլոր ոլորտներում՝ սոցիալ-տնտեսական, գաղափարական, ռազմական, հոգեբանական
Սպառազինությունների մրցավազքը, ռազմական ծախսերի կտրուկ աճը, երկու բևեռների կողմից իրենց ռազմական ներուժի, այդ թվում՝ միջուկային զենքի պաշարների ավելացումը
Հոգեբանական պատերազմը, որը հաճախ դրսևորվում էր քարոզչական պատերազմի տեսքով
ԽՍՀՄ-ի և Արևմտյան բլոկի միջև ուղղակի ռազմական բախումների սպառնալիքը, ինչպես դա եղավ Բեռլինի, կորեական և կարիբյան ճգնաժամերի ժամանակ
Սուր քաղաքական և գաղափարական դիմակայությունն Արևմուտքի և ԽՍՀՄ-ի միջև 
Տարբեր երկրներում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից ռազմական բազաների ստեղծումը 
Տնտեսական պատերազմը, ԱՄՆ-ի կողմից նավթի համաշխարհային գների նվազեցումը, ինչի հետևանքով ժամանակին փլուզվեց ԽՍՀՄ-ը:
 
Այդ բոլոր բնութագրիչ գծերը տարբեր ձևերով և ուժգնությամբ պահպանվել են նաև այժմ: Ընդ որում, երկրորդ փուլն ունի նաև իր առանձնահատկությունները, որոնք բնորոշ չէին առաջին փուլին: Օրինակ, Սառը պատերազմի առաջին փուլի և միջազգային հարաբերությունների Յալթա-Պոտսդամյան համակարգի բնութագրիչ գծերից մեկն էլ այն էր, որ Եվրոպան բաժանված էր ազդեցության գոտիների, հակամարտող բևեռները ճանաչում էին դրանք և չէին խառնվում միմյանց ներքին գործերին: Այսպես, ժամանակին խորհրդային զորքերի ներխուժումը Հունգարիա և Չեխոսլովակիա թեև քննադատության արժանացավ Արևմուտքի կողմից, բայց ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ուղղակիորեն չմիջամտեցին այդ իրադարձություններին: 
 
Այժմ, սակայն, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չեն ընդունում Եվրոպայում ազդեցության գոտիների առկայությունը, Ռուսաստանի գերիշխանությունը նախկին սոցիալիստական ճամբարի երկրների նկատմամբ: Արևմուտքը բազմիցս հայտարարել է, որ Սառը պատերազմի դարաշրջանն անցյալում է, և հետխորհրդային երկրներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել իրենց ուղին ու անդամակցել այն կազմակերպությանը, որին ցանկանում են՝ լինի դա ՆԱՏՕ-ն, ԵՄ-ը, ԵՏՄ-ը և այլն: Ռուսաստանը, սակայն, համաձայն չէ այդ դիրքորոշման հետ և կարծում է, որ այդ երկրները որևէ կազմակերպության անդամակցելիս պետք է հաշվի առնեն իր շահերը, և ինքն իրավունք ունի չթույլատրել անդամակցությունն այնպիսի կառույցներում, որոնք չեն բխում իր շահերից: 
 
Ըստ երևույթին հենց այս համատեքստում 2013թ. կտրուկ սրվեցին Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները: Այն ժամանակ Վիլնյուսի գագաթաժողովում նախատեսվում էր, որ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան ԵՄ-ի հետ կնախաստորագրեն, իսկ Ուկրաինան էլ կստորագրի Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը: Սակայն Ռուսաստանի գործադրած ահռելի ճնշումների հետևանքով Հայաստանը և Ուկրաինան հրաժարվեցին Եվրամիության հետ համապատասխան համաձայնագրեր կնքելուց: ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ավելի մերձենալու և ինտեգրվելու հետխորհրդային երկրների ցանկությունները Ռուսաստանը համարում է սպառնալիք իր ազգային անվտանգությանը և ամեն ինչ անում է այդ երկրներն իր աշխարհաքաղաքական ուղեծրում պահելու համար: 
 
Կրեմլի ներկայիս ղեկավարը բազմիցս է հայտարարել, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք հակասում է Ռուսաստանի ազգային շահերին և դրան ի պատասխան՝ համապատասխան քայլերի կդիմեն, սակայն, ինչպես վերջերս դիպուկ նկատեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ոչ թե Հյուսիսատլանտյան դաշինքն է ընդլայնվում, այլ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներն են ցանկություն հայտնում ընդգրկվելու դաշինքի կազմում։ 
 
Սթոլթենբերգը Ռուսաստանին նաև կոչ արեց հանդարտություն պահպանել կառույցի ընդլայնման հարցում՝ նշելով, որ դա ուղղված չէ այդ երկրի դեմ, սակայն ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը հայտարարեց, որ Ռուսաստանն իր միջուկային զենքը կշրջի (կթիրախավորի) դեպի ՆԱՏՕ-ի օբյեկտներ՝ ի պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի այն փորձերի, որոնք ուղղված են սեփական ուղեծրում նորանոր երկրներ ներքաշելուն:
 
 
ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ, ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՃ ԵՎ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺ
 
Սառը պատերազմի առաջին փուլը նախևառաջ բնութագրվում էր հակամարտող բևեռների միջև սպառազինությունների ահռելի մրցավազքով և ռազմական ծախսերի աճով: ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ն անընդհատ մեծացնում էին իրենց միջուկային զենքի պաշարները, ստեղծում նորանոր մահաբեր զենքեր և փորձում գերիշխել միմյանց նկատմամբ միջուկային զենքի պաշարներով: 
 
Վիլնյուսի գագաթաժողովին հաջորդած իրադարձություններից հետո սկիզբ առած Սառը պատերազմի նոր փուլում նկատվում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև սպառազինությունների նոր մրցավազք, ռազմական ծախսերի աճ և միմյանց սահմանների մոտ զորքերի թվաքանակի մեծացում:
 
Դեռևս 70-ական թվականներին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև բանակցություններ սկսվեցին ռազմավարական սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ, որից հետո կնքվեց 2 պայմանագիր (1972թ.) և (1979թ.): Դրանց հիման վրա ավելի ուշ ստորագրվեց ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման (ՌՀՍ) 3 պայմանագիր` ՌՀՍ-I (1991թ.),  ՌՀՍ-II (1993թ.) և ՌՀՍ-III (2010թ.): Այս ամենի շնորհիվ երկար ժամանակ հակամարտող բևեռները գնում էին ռազմավարական մարտագլխիկների քանակի ոչնչացման և որպես դրա արդյունք` ռազմական ծախսերի կրճատման ճանապարհով: 
 
Սակայն վերջին տարիներին նկատվում է հակառակ գործընթացը. կողմերը մեծացնում են իրենց միջուկային պաշարները, որոշ դեպքերում նաև հրաժարվում նախկինում ձեռք բերված համաձայնություններից: Այսպես, 2010թ. ԱՄՆ-ը և Ռուսաստանը ստորագրեցին ռազմավարական սպառազինության կրճատման նոր պայմանագիրը: Այն նախատեսում էր, որ կողմերը պետք է մինչև 2018թ. կրճատեն իրենց միջուկային մարտագլխիկները՝ դրանք հասցնելով մինչև 1550-ի: Մինչև 2013թ. Ռուսաստանը զգալիորեն կրճատեց իր միջուկային զինանոցը, սակայն վերջին տարիներին կրկին ավելացրեց այն: Այդ կապակցությամբ ԱՄՆ պետդեպարտամենտը 2016թ. ապրիլին հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանն իր մարտագլխիկները հասցրել է 1735-ի: 
 
2015թ. մարտի 10-ին Ռուսաստանը հայտարարեց, որ դուրս է գալիս Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրից, որը ստորագրվել էր 1990թ. և սահմանափակում էր Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալյան լեռները տեղակայված տանկերի, հրետանու, մարտական օդանավերի և ուղղաթիռների թիվը: 
 
Իսկ անցած տարվա հոկտեմբերի սկզբին Ռուսաստանը դուրս եկավ ԱՄՆ-ի հետ 2000թ. կնքված պլուտոնիումի օգտահանման պայմանագրից: Այն նախատեսում էր կողմերից 34 տոննա զինագործական պլուտոնիումի ոչնչացում, որը բավարար կլիներ 17 հազար միջուկային մարտագլխիկներ պատրաստելու համար: Պաշտոնական բացատրությունը հետևյալն է՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ կատարել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, մասնավորապես՝ Վաշինգտոնը մտցրել է հակառուսական պատժամիջոցներ, սկսել է մեծացնել ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի երկրներում և ռուսական սահմանների մոտ ու չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները: 
 
Վերջերս միջուկային զինանոցները մեծացնելու ցանկության մասին են հայտարարել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփը և ՌԴ նախագահը: Իսկ Ռուսաստանը ոչ վաղ անցյալում որպես ուժի ցուցադրություն ԶԼՄ-ներով հրապարակեց РС-28 նոր բալիստիկ հրթիռի լուսանկարները, որով արևմտյան մամուլում և հասարակության որոշ մասի մոտ տագնապ առաջացավ: ՆԱՏՕ-ում այդ զենքն անվանել են «Սատանա-2»: Արևմուտքում արդեն կարծիքներ են շրջանառվում, որ այն կարող է ոչնչացնել այնպիսի մի մեծ երկիր, ինչպիսին Ֆրանսիան է կամ ամերիկյան Տեխաս նահանգը: Արևմտյան փորձագետների և ԶԼՆ-ների կարծիքով նոր հրթիռի լուսանկարների հրապարակումն էլ ավելի է խորացնում Արևմուտքի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող անջրպետը, և շատերն արդեն նոր համաշխարհային պատերազմ են կանխատեսում: 
 
Սպառազինությունների նոր մրցավազքի հետ կապված մեծանում են նաև ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների և Ռուսաստանի ռազմական ծախսերը: Այդ ծախսերը կտրուկ ավելացրել են հատկապես Ռուսաստանի հետ սահմանակցող ՆԱՏՕ-ի արևելյան երկրները, մասնավորապես՝ Լեհաստանը և բալթյան երկրները՝ Մոսկվայից եկող սպառնալիքների պատճառով: Այսպես, Լատվիան իր պաշտպանական բյուջեն 2016թ. մեծացրել է գրեթե 60%-ով, Լիտվան` 35%-ով, Էստոնիան` 9%-ով: Իր պաշտպանական ծախսերը 9%-ով ավելացրել է նաև Լեհաստանը: 
 
Անցյալ տարի ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները, ընդհանուր առմամբ, պաշտպանության վրա ծախսել են 253 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ը՝ 618 մլրդ: Իր հերթին, Միացյալ Նահանգները 2017թ. կավելացնի Եվրոպայում իր դաշնակիցների զորքերին տրվող ֆինանսական հատկացումները՝ դրանք հասցնելով մինչև 3,4 մլրդ դոլարի: 2016թ. այն եղել է 789 մլն դոլարի սահմաններում (այսինքն կավելանա 4 անգամ): ԱՄՆ-ը 2017թ. ևս 117մլն դոլար կհատկացնի Դաշինքի անդամ չհանդիսացող Ուկրաինային և 51 մլն դոլար՝ Մոլդովային ու Վրաստանին՝ Ռուսաստանին հակազդելու համար:
 
Իր ռազմական ծախսերն ավելացնելու մասին է հայտարարել նաև ՆԱՏՕ-ն: 2016թ. կառույցի ռազմական բյուջեն հասել է 3 մլրդ դոլարի: Ինչպես նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ կառույցի անդամ երկրները 2015թ.-ից սկսած վերջին մեկ տասնամյակում առաջին անգամ ավելացրել են իրենց ռազմական բյուջեները և չեն պատրաստվում կանգ առնել: «2015թ. Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ծախսերը աճել են 0.6%-ով, 2016թ.՝ 1.5%-ով»,-ասել է կառույցի գլխավոր քարտուղարը: Վերջինիս խոսքերով՝ դա ամենամեծ աճն է  Սառը պատերազմի ավարտից հետո: 
 
ՆԱՏՕ-ի վերջին՝ վարշավյան գագաթաժողովում որոշում ընդունվեց, որ անդամ երկրներից յուրաքանչյուրն իր ՀՆԱ-ի մոտավորապես 2%-ը պետք ուղղի ռազմական ծախսերի ավելացմանը, ինչը բավականին մեծ թիվ է: Համեմատության համար նշենք, որ 1985-1989թթ. ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներն իրենց պաշտպանության վրա ծախսել են իրենց ՀՆԱ-ի 3,1%-ը: Այդ թիվը 2%-ից բարձր է մնացել Սառը պատերազմի ավարտից ևս մի քանի տարի անց և 2008թ.-ից սկսած կրճատման միտում ուներ, սակայն Ռուսաստանի գործողությունները Ղրիմում և Ուկրաինայի արևելքում կառույցի անդամ երկրներին ստիպել են ավելացնել իրենց ռազմական ծախսերը:
 
Կտրուկ աճում է նաև Ռուսաստանի ռազմական ծախսերը: Այսպես, 2015թ. Ռուսաստանի պաշտպանական ծախսերը կազմել են 2,9 տրլն ռուբլի, իսկ 2016թ. ՌԴ դաշնային բյուջեում պաշտպանական ծախսերը հասել են 3.1 տրիլիոն ռուբլու: (Մոտ 47 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 4%-ը): Մոսկվան ամենից շատ գումար ծախսել է ռազմածովային ուժերի վրա: 
 
Ռազմական ծախսերին զուգահեռ հակամարտող բևեռները մեծացնում են իրենց ռազմական ուժերը նաև միմյանց սահմանին և ստեղծում նոր ռազմաբազաներ: Այսպես, անցած տարի Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում որոշում ընդունվեց այդ կառույցի արևելյան սահմանին տեղակայել բազմազգ գումարտակներ: Ըստ այդմ որոշվեց, որ 4000 հոգանոց այդ զորամիավորումները կտեղակայվեն ռոտացիոն հիմունքներով և Լատվիա զինվորներ կուղարկվեն Կանադայից, Լիտվա` Գերմանիայից, Էստոնիա` Մեծ Բրիտանիայից և Լեհաստան` ԱՄՆ-ից: 
 
Իսկ բոլորովին վերջերս համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որտեղ երևում է, որ ԱՄՆ-ից Գերմանիա է բերվել շուրջ 2800 միավոր տանկեր և այլ զինտեխնիկա, ինչը աննախադեպ քայլ է և ամենամեծ զրահատանկային տեխնիկայի խմբաքանակն է, որ տեղափոխվել է Եվրոպա Երկրորդ համաշխարհայինի ավարտից սկսած: 
 
Ի պատասխան ՆԱՏՕ-ի դեպի Արևելք ծավալման և Ռուսաստանի սահմանների մոտ զինված ուժերի քանակի ավելացման՝ Մոսկվան հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի Լեհաստանում և Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի գումարտակների տեղակայման դեմ: Ըստ ամերիկյան հետախուզության զեկույցի` վերջերս Կալինինգրադում իսկանդեր համալիրների տեղակայման պատճառը նույնպես Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի գործողություններից դժգոհությունն է: 
 
Ներկայումս ՆԱՏՕ-ն և այդ կառույցի առաջատար երկիրը՝ ԱՄՆ-ը, քայլեր են ձեռնարկում իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմանի մոտ ավելի մեծացնելու ուղղությամբ: Ընդ որում, դա արվում է թե՛ ցամաքում և թե՛ ծովում: Այսպես, 2016թ. ամռանն ԱՄՆ-ը համաձայնագիր կնքեց Իսլանդիայի իշխանությունների հետ այդ երկրում ամերիկյան ռազմաբազայի տեղակայման հարցով: Կեֆլավիկ ավիաբազան ամերիկյան զինուժին ծառայում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչև 2006թ., ապա այն փակվեց: Այժմ Միացյալ Նահանգները մտադիր է վերաբացել ավիաբազան:  
 
ԱՄՆ-ն ուժեղացնում է նաև իր ռազմական ներկայությունը Նորվեգիայում: Ներկայումս վերջինս քննարկում է ԱՄՆ-ի ծովային հետևակի 300 զինծառայողի հնարավոր տեղակայումը երկրի Վերնես ռազմաբազայում, որը գտնվում է ռուս-նորվեգական սահմանից 1000 կմ հեռավորության վրա։ Հետագայում այդ թիվը կարող է ավելի մեծանալ: 
 
ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացումը Ռուսաստանի հյուսիսում զգալիորեն զայրացրել է վերջինիս: Դրա հետ կապված վերջին ժամանակներս Բալթիկ ծովի շրջանում նկատվում է ՆԱՏՕ-ՌԴ առճակատման որոշակի սրացում: Մասնավորապես, անցած տարվա ընթացքում տեղի ունեցան մի քանի միջադեպեր. Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի նավերը կամ ինքնաթիռները վտանգավոր տարածության վրա բավականին մոտեցան միմյանց ու մանևրեցին: Նման միջադեպերը դարձան նաև դիվանագիտական դիմակայության առարկա, իսկ կողմերի արտաքին քաղաքական գերատեսչությունները համապատասխան հայտարարություններ տարածեցին այդ կապակցությամբ: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն արդեն իսկ քայլեր են ձեռնարկում Բալթիկ ծովում և Հյուսիսային բևեռում գերիշխանություն հաստատելու, իրենց ռազմական ներկայությունը մեծացնելու համար: 
 
Ներկայումս ՆԱՏՕ-ն ցանկանում է մեծացնել նաև իր ներկայությունը Սև ծովում: Այժմ քննարկվում է Սև ծովում  Հյուսիսատլանտյան դաշինքի նավատորմի ստեղծման հարցը: Նախաձեռնությունը Ռումինիայինն է, որին իր հավանությունն է տվել նաև Թուրքիան: Որպես դրա ստեղծման պատճառ նշվում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը, որը փոխել է ուժերի հավասարակշռությունը սևծովյան ավազանում: 
 
Ռուսաստանն իր հերթին ցանկանում է մեծացնել իր ռազմական ներկայությունն աշխարհի մի շարք կետերում և վերականգնել մի շարք ռազմաբազաներ, որոնք պատկանել են ԽՍՀՄ-ին: 2016թ. հոկտեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշում ընդունեց Սիրիայի Տարտուս քաղաքում ստեղծել մշտական ռազմածովային բազա:
  
Դեռևս 1971թ.-ից այնտեղ կար նյութատեխնիկական ապահովման կետ, որից օգտվում էին ԽՍՀՄ-ի ռազմական նավերը: Այժմ արդեն դրա հիմքի վրա մշտական ռազմածովային բազա ստեղծելու փաստաթղթերն անցնում են միջգերատեսչական համաձայնեցման ընթացակարգ: Ռազմածովային բազայի ստեղծումը հնարավորություն կտա Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունը Միջերկրական ծովում:
 
Մոսկվան դիտարկում է նաև Կուբայում, Վիետնամում և որոշ այլ երկրներում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցը: Խորհրդային ժամանակներում Կուբայում կար ԽՍՀՄ ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոն, իսկ Վիետնամում՝ ռազմածովային բազա: Այդ բազաները փակվել էին 2002թ.: Բացի վերոնշյալ երկրներից ներկայումս բանակցություններ են տարվում նաև Վենեսուելայի, Նիկարագուայի և Եգիպտոսի հետ: 
 
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մեծ լարվածություն առաջացնող թեմա է նաև Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղակայելու Միացյալ Նահանգների ցանկությունը, որը, ըստ ամերիկյան կողմի հավաստիացումների, պետք է եվրոպական երկրներին պաշտպանի մի շարք անկանխատեսելի, “իզգոյ” երկրների (Իրան, Հյուսիսային Կորեա) հնարավոր հրթիռային հարձակումից: Սակայն Ռուսաստանում կարծում են, որ իրենց սահմանների մոտ այդպիսի համակարգերի տեղակայումն ուղղված է հենց իրենց դեմ, և այն կխախտի միջուկային հավասարակշռությունը: 
 
 
ՓՈԽԱԴԱՐՁ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ 
 
Սառը պատերազմի առաջին փուլում Արևմուտքի կողմից ԽՍՀՄ-ի դեմ կիրառվող ռազմավարության կարևոր գործիքներից էր ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների կողմից խորհրդային գազի գնման ծավալների կրճատումը, որոշ տնտեսական պատժամիջոցներ (օրինակ Ջեքսոն-Վենիկի բանաձևը), ԽՍՀՄ-ին վարկերի տրամադրման դադարեցումը և վերջապես՝ Սաուդյան Արաբիային համոզելը, որպեսզի վերջինս արհեստականորեն իջեցնի նավթի համաշխարհային գները, որով կտրուկ կերպով նվազեցին ԽՍՀՄ-ի եկամուտները: 
 
Ղրիմի բռնակցումից հետո ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, ԵՄ երկրները սկսեցին այդ նույն մեթոդներով Ռուսաստանին պատժելու քաղաքականությունը: Պատժամիջոցներ են կիրառվել նավթագազային, բանկային, ռազմարդյունաբերական ոլորտների բազմաթիվ ռուսական ընկերությունների, ինչպես նաև առանձին անհատների դեմ: Մասնավորապես, պատժամիջոցների ներքո են հայտնվել «ՎՏԲ բանկը», «Ռուսաստանի Խնայբանկը», «Գազպրոմբանկը», «Ռոսսելխոզբանկը» և այլն: Խիստ պատժամիջոցներ են կիրառվել նաև ռազմարդյունաբերական ոլորտի մի շարք ձեռնարկությունների նկատմամբ, ինչպես օրինակ՝ «Կալաշնիկով» կոնցեռնի, Տուլայի զինագործարանի, «Սիրիուս» կոնցեռնի և այլնի դեմ: 
Ի պատասխան Արևմուտքի քաղաքականության`Ռուսաստանն արգելել է իր նկատմամբ պատժամիջոցներ կիրառած երկրներից մի շարք գյուղատնտեսական ապրանքների, մսամթերքի, ձկնեղենի, թեթև արդյունաբերական որոշ ապրանքների և դեղորայքի ներմուծումը:  
 
Ռուսաստանի տնտեսության վրա պատժամիջոցները և նավթի գնի անկումն ահռելի վնաս են հասցրել: Ըստ տարբեր գնահատականների՝ 2014թ.-ից սկսած Ռուաստանի տնտեսությունը պատժամիջոցների և նավթի գնի անկման հետևանքով մոտ 600 մլրդ դոլարի վնաս է կրել: 
 
2014թ. տվյալներով՝ նավթադոլարային եկամուտները կազմում էին Ռուսաստանի բյուջեի եկամտային մասի 52%-ը: Եթե մինչև 2014թ. նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմում էր 100 դոլարից ավելի, ապա դրանից հետո այն իջավ երկու անգամ՝ երբեմն նույնիսկ տատանվելով 45-48 դոլարի սահմաններում: 
 
Եվրամիությունը ներկայումս ուղիներ է փնտրում նաև ռուսական գազից ունեցած կախվածությունը թուլացնելու համար: Դա հնարավորություն կտա մեծացնել ԵՄ-ի էներգետիկ անկախությունը և Կրեմլին զրկել իր քաղաքական զինանոցում ունեցած ազդեցիկ զենքից՝ գազից: Հենց այդ նպատակով էլ Բրյուսելը ստեղծել է «Հարավային գազային միջանցք» ծրագիրը, որով նախատեսվում է TAP և TANAP գազամուղերի միջոցով 2019թ.-ից սկսած  ադրբեջանական գազի տեղափոխումը եվրոպական մի քանի երկրներ: Այդ ծրագրի միջոցով նախատեսվում է տարեկան մոտ 10 մլրդ խմ գազի տեղափոխում Ադրբեջանից եվրոպական երկրներ: Ճիշտ է՝ այդ ծրագիրն իր ծավալներով, ընդհանուր առմամբ, չի կարող փոխարինել ռուսական գազին, սակայն որոշակիորեն կթուլացնի ռուսական գազից ունեցած ԵՄ-ի կախվածությունը: Քննարկվում է մի քանի երկրներից դեպի ԵՄ նոր գազամուղեր կառուցելու, ինչպես նաև հեղուկացված գազի ներկրման ծավալները մեծացնելու հարցը: Ներկայումս ԵՄ-ը Ռուսաստանից գնում է իր կողմից ներմուծվող գազի մոտ 1/3-ը, որը դոլարային արտահայտմամբ կազմում է տարեկան մոտ 400 մլրդ դոլար: 
 
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
 
Սառը պատերազմի բնորոշ գծերից մեկն էլ տեղեկատվական և հոգեբանական պատերազմն է: Եթե նախկինում այդ պատերազմում կողմերը փորձում էին ցույց տալ կապիտալիստական և սոցիալիստական հասարակարգերի առավելությունները, ապա այժմ այդ պատերազմն արդեն տեղի է ունենում այլ մակարդակում: Արևմուտքն իրեն ներկայացնում է որպես ժողովրդավարության փարոս, մարդու իրավունքները և ազատությունները հարգող մի տարածք, իսկ Ռուսաստանին՝ բռնապետական, համաշխարհային անվտանգությանը և իր հարևանների համար վտանգ ներկայացնող պետություն: 
 
Ռուսական քարոզչամեքենան, ընդհանուր առմամբ, նման է խորհրդային քարոզչությանը, չնայած որոշակիորեն փոխվել են մեթոդները: Եթե խորհրդային քարոզչությունը նպատակ էր հետապնդում Արևմուտքի բնակիչների վզին փաթաթել այն տեսակետը, որ սոցիալիստական համակարգն ավելի լավ և արդար է կապիտալիստականից, ապա ներկայիս ռուսականը փորձում է վախեր սերմանել արևմտյան հասարակություններում: Այս դեպքում մեխը դրվում է հատկապես այդ հասարակությունների ներքին հակասությունների վրա: 
 
Օրինակ, 2016թ. ռուսական մի շարք ԶԼՄ-ներ տարածեցին մի տեղեկություն, որտեղ նշվում էր, որ 13-ամյա ռուս աղջիկը պատմել է, որ հինգից ոչ պակաս փախստականներ, ովքեր ունեցել են արաբական ծագում, առևանգել են իրեն և 30 ժամ բռնաբարել, իսկ հետո կիսամերկ վիճակում թողել բեռլինյան փողոցներից մեկում: Տուժածը հայտնել էր, որ ոստիկանները չեն արձագանքել տեղի ունեցածին, և աղջկա հույսը միայն ԶԼՄ-ներն են: Սա հանգեցրեց նրան, որ Բեռլինում ռուսական համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույցեր անցկացրեցին ընդդեմ արաբ փախստականների՝ նրանց պատժելու և նրանցից պաշտպանվելու կոչերով: Գործը ստացավ նաև դիվանագիտական մեծ հնչեղություն. Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարները փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին միմյանց հասցեին: Այսպես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Գերմանիան իբր կոծկում է աղջկա բռնաբարության գործը, ինչին ի պատասխան՝ նրա գերմանացի կոլեգա Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը զգուշացրեց, որ պետք չէ այս գործը քաղաքական քարոզչության նպատակներով օգտագործել: Ավելի ուշ Բեռլինի դատախազությունը պարզեց, որ ռուս աղջկան ոչ ոք չի բռնաբարել, և նա ստել է: 
 
Սեփական ժողովրդին ներքին խնդիրներից շեղելու համար ռուսական իշխանական ԶԼՄ-ներն անընդհատ առաջ են մղում այն գաղափարը, որ Արևմուտքը ցանկանում է պառակտել Ռուսաստանը, այն բաժանել բազմաթիվ մասերի, և որ միայն Ռուսաստանն է ի զորու դիմակայել Արևմուտքին: Նույնիսկ ռուսական պետական РТР հեռուստաալիքով հայտարարվեց, որ Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ը վերածել ռադիոակտիվ մոխիրի: 
 
Ռուսաստանում մեծ ոգևորությամբ ներկայացվեց հատկապես Brexit-ի արդյունքները: Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալը մերձկրեմլյան լրատվամիջոցները ներկայացրեցին որպես Եվրոպայի վերջ և կանխատեսեցին նրա մոտալուտ վախճանը: 
 
Ռուսական քարոզչությունը որպես Արևմուտքի վարկաբեկման միջոց այն ներկայացնում է իբրև այլասերված արժեքներ ունեցող, փտող, դեպի կործանումը գնացող մի տարածք: Օրինակ, նրա կողմից օգտագործվող “գեյրոպա”, “լիբերաստ”, “պինդոս” և այլ ստորացուցիչ բառերը նպատակ ունեն այդ երկրի քաղաքացիների մոտ բացասական կողմերով ցույց տալ ԱՄՆ-ը, Եվրոպան և այնտեղ գործող արժեքները: 
 
Ռուսական հիբրիդային քաղաքականության մաս կազմող ագրեսիվ քարոզչությունն առաջացրել է Արևմուտքի զայրույթը, և դրան դիմակայելու վերաբերյալ բանաձևեր են ընդունվել Եվրախորհրդարանում և ՆԱՏՕ-ում: Մասնավորապես, վերջերս Եվրախորհրդարանն ընդունեց մի բանաձև, որով Ռուսաստանի քարոզչությունը համեմատեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության քարոզչության հետ և կոչ արեց ավելի գործուն միջոցներ ձեռնարկել դրանց դեմ պայքարելու համար: 
 
Փաստաթղթում նշվում է նաև, որ Ռուսաստանը մեծ գործիքակազմ է կիրառում ԵՄ-ի և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների դեմ՝ փորձելով կասկածի տակ դնել ժողովրդավարական արժեքները, երկպառակություն մտցնել Եվրոպայում և մարդկանց մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, որ ԵՄ-ի կառույցներն անգործունակ են:  
 
Անկասկած, քարոզչական նշանակություն ունի վերջերս նկատվող այն միտումը, որ ՌԴ նախագահ Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհում Արևմուտքից մի շարք աշխարհահռչակ դերասանների: Դրանով Պուտինը փորձում է աշխարհին համոզել, որ իր երկիրն այնքան էլ վատ տեղ չէ ապրելու համար, և որ այդ երկրի քաղաքացիություն ստանալը մեծ պատիվ է նաև աշխարհահռչակ դերասանների համար: 
 
 
ԿԻԲԵՐՊԱՏԵՐԱԶՄ 
 
Որոշ փորձագետներ Արևմուտքի և Ռուսաստանի միջև մոտ ժամանակներս կանխատեսում են նաև Սառը կիբերպատերազմ: Այդպիսի կանխատեսումներ սկսեցին արվել այն բանից հետո, երբ ամերիկյան և գերմանական հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրեցին հաքերային հարձակումների մեջ: Մասնավորապես, ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանը հաքերային հարձակումներ է իրականացրել Դեմոկրատական կուսակցության Ազգային խորհրդի համակարգիչների դեմ, կիբերգրոհների շնորհիվ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում վերջին նախագահական ընտրական գործընթացի վրա: 
 
Ինչպես նշել է ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը՝ հաքերային հարձակումներ են եղել ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլ նաև եղել է ապաքարոզչություն, կեղծ լուրերի տարածում և դասական քարոզչություն: Այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահի վարչակազմում մեղադրանք են ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին և հայտարարել, որ նա կարող է անմիջական մասնակցություն ունեցած լինել հաքերային գործողությանը: Իսկ գերմանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ռուսական հետք են գտել անցած տարվա նոյեմբերին ԵԱՀԿ-ի վրա իրականացված հաքերային հարձակումներում: 
 
Ռուսաստանի իրականացրած կիբերգրոհների հետևանքով ԱՄՆ-ն արդեն սկսել է այդ երկրի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու քաղաքականությունը: Օրերս պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ մի նոր օրինագիծ են շրջանառության մեջ դրել, որով լրացուցիչ պատժամիջոցներ են նախատեսվում Ռուսաստանի նկատմամբ: «Մենք հարձակման ենք ենթարկվել, մեր վրա հարձակվել է Ռուսաստանի Դաշնությունը, դա այլևս վեճի առարկա չէ»,- հայտարարել է ԱՄՆ սենատոր Կարբինը: 
 
Իսկ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի հրամանով 35 ռուս դիվանագետի արտաքսեցին երկրից, և որոշում է ընդունվել փակել Մերիլենդում և Նյու Յորքում ռուսական դիվանագիտական առաքելությունները: 
 
Ռուսաստանի և Արևմուտքի միջև վերջին տարիներին սկսած կիբերպատերազմները որոշ երկրների համար սեփական կիբերբանակներ ստեղծելու պատճառ են դարձել: Մասնավորապես, նախորդ տարվա գարնանն ԱՄՆ-ը և Գերմանիան հայտարարեցին այդ որոշման մասին:  ԱՄՆ-ի նոր ռազմական ռազմավարության մեջ նույնիսկ նշվում է, որ այդ երկրի վրա կիբերհարձակումը նշանակում է պատերազմական վիճակ, պատերազմ հայտարարելու առիթ՝ Casus belli, և նախատեսվում է հարձակում նաև ռազմական ճանապարհով: Գերմանիաի կիբերզորքերը բաղկացած կլինեն 13.500 աշխատակիցներից՝ ինչպես զինծառայողներից, այնպես էլ քաղաքացիական անձանցից: 
 
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության կազմում տեղեկատվական օպերացիաների զորքեր ի հայտ են եկել 2014թ.: Նշվում է, որ Ռուսաստանում նման կիբերբանակի ստեղծման մասին վաղուց էին մտածում, սակայն այդ հարցն ավելի արդիական դարձավ ԿՀՎ նախկին աշխատակից Սնոուդենի բացահայտումներից հետո, երբ պարզվեց, որ ամերիկյան հատուկ ծառայությունները մուտք ունեն սոցիալական ցանցեր և վերահսկում են դրանք: Այդ կառույցում կան մի շարք ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են ռազմական համակարգերը հաքերային հարձակումներից պաշտպանելով:
 
Ռուսաստանի կողմից հաճախակի հաքերային հարձակումները ստիպել են ՆԱՏՕ-ին, որպեսզի նա 2017թ.-ից կսկսի սեփական կիբերանվտանգության արդիականացումը և այդ նպատակով մտադիր է 70 մլն եվրոյից ավելի գումար հատկացնել։ Դեռևս 2014թ. Էստոնիայում անցկացվեց ՆԱՏՕ-ի «Cyber Coalition 2014» կիբերանվտանգության զորավարժություն, որն իր ընդգրկմամբ խոշորագույնն է եղել մինչ այս իրականացված նմանատիպ զորավարժություններից: Այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նշել է, որ կիբերգրոհները նույնքան վտանգավոր են, որքան սովորական գրոհները, դրանք կարող են կարևոր ենթակառուցվածքներ վնասել ու խանգարել ՆԱՏՕ-ի գործունեությանը։ Այդ մարտահրավերներին պատրաստ լինելու համար շատ կարևոր է «Cyber Coalition» զորավարժության անցկացումը: 
 
Ըստ զորավարժությունների սցենարի՝ ՆԱՏՕ-ի համապատասխան ստորաբաժանումները պետք է հետ մղեին հակառակորդի հարվածները վիրտուալ տարածքում: Այդ զորավարժությունների ընթացքում թեև չէր նշվում, թե որ պետության դեմ են ուղղված դրանք, սակայն փորձագետների մեծ մասի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է կոնկրետ թշնամիների՝ Իսլամական պետության և Ռուսաստանի կիբերհարձակումներին: Օրինակ, Պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների միացյալ թագավորական ինստիտուտի (Royal United Services Institute for Defence and Security Studies) կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռոբ Պրիտչարդի կարծիքով՝ այդ զորավարժություններում թշնամին այդքան էլ վերացական չէր. ՆԱՏՕ-ն կենտրոնանում է Ռուսաստանի, Իսլամական պետության և իսլամական շարժումների կողմից պոտենցիալ սպառնալիքների վրա: 
 
ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՍևՈՐՄԱՆ ԱՅԼ ՁևԵՐ
 
Շարունակությունն այստեղ
Արմեն Վարդանյան -
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից