Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «ՍՈՒԱՐԴԻ» ընկերություն (Տեսանյութ)


Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «ՍՈՒԱՐԴԻ» ընկերություն (Տեսանյութ)

  • 13-01-2017 19:15:14   | Հայաստան  |  Տնտեսություն



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 13-ին այցելեց իտալական «ՍՈՒԱՐԴԻ» ճանապարհաշինական ընկերության հայաստանյան մասնաճյուղ:
 
«ՍՈՒԱՐԴԻ»-ն Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն 4 տարի։ Երկու տարի առաջ էլ ստեղծվեց «Պոլիտալի» ընկերությունը, և Աբովյան քաղաքում կառուցվեց արտադրական թաղամաս, որտեղ գործում են իտալական տարբեր ընկերությունների արտադրամասեր: Այստեղ է տեղակայված ժամում 90 տոննա 
արտադրողականությամբ ասֆալտի գործարանը, սառեցված պիցցայի արտադրամասը, վարչական գրասենյակներ:
 
Նախարարը բարձր գնահատեց ընկերության կողմից տեղական հումքով և իտալական տեխնոլոգիաներով արտադրության կազմակերպումը:
 
«Ուրախ եմ տեսնել, որ իտալական ընկերությունը հաջողությամբ աշխատում է հայաստանյան շուկայում: Հուսով եմ, որ «ՍՈՒԱՐԴԻ»-ն տարիների ընթացքում կմեծացնի իր գործունեության ծավալները և կավելացնի աշխատակիցների քանակը»,- ասաց նախարարը:
 
«Պոլիտալի» ընկերությունն ունի 100-ից ավելի աշխատակից: Նրանց մեծ մասը հայեր են: Ընկերության տնօրեն Ֆիլիպպո Դուզիոնին նշեց, որ լիարժեք հարմարվել են հայկական շուկայում, պատրաստվում են իրականացնել բազմաթիվ նոր նախագծեր: «Իտալացի գործարարների շրջանում մեծ հետաքրքրություն կա հայաստանյան շուկայի հանդեպ, և մենք էլ ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի տարբեր ոլորտներում մասնագիտացված մեծ ու փոքր ընկերություններ գան և ներդրումներ անեն այստեղ»,- նշեց Դուզիոնին:
 
«Պոլիտալի» ընկերության տարածքում է նաև Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի ներկայացուցչությունը, որը սերտ համագործակցում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացնելու 
ճանապարհաշինական կոնֆերանս, որի ընթացքում ոլորտի հայ և իտալացի մասնագետները հնարավորություն կունենան փոխանակվել փորձով և քննարկել մասնագիտական հարցեր:
 
Վահան Մարտիրոսյանը նաև վստահեցրեց, որ նախարարությունը պատրաստ է մշտապես աջակցել «Պոլիտալի» ընկերությանը և օտարերկրյա ներդրողներին:
 
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն