Տեր-Պետրոսյանն առաջինն է.Նախընտրական պատկեր

16-01-2017 18:26:20   | Հայաստան  |  Հոդվածներ
Խորհրդարանի ընտրությանն ընդառաջ ներքաղաքական դաշտ կոչված տիրույթում շարունակվում է ընտրությանը մասնակցելու հավակնություն ունեցող կամ հայտ ներկայացնող ուժերի ձեւաչափային աշխույժ որոնումը, ամենատարբեր վարկածներով եւ վարիացիաներով: Այդ տեսանկյունից գործընթացը բավական բուռն է եւ աշխույժ:
 


Տրամագծորեն հակառակ է պատկերը բովանդակային դաշտում, որտեղ ընտրությունից 3-4 ամիս առաջ դեռեւս տեսանելի չէ այն, ինչը լինելու է իշխանության մրցակից:
Դա չի նշանակում, որ իշխանությունն ինքը ներկայացրել է բավական հարուստ բովանդակություն, որին մրցակից բովանդակությունը դեռեւս ձեւավորված կամ ձեւակերպված չէ: Նախ, իշխանությունն ինքնին արդեն իսկ բովանդակություն է, հատկապես Հայաստանի պարագայում առկա մի շարք առանձնահատկություններից ելնելով:
Հետեւաբար, նախընտրական շրջանում եւ քաղաքական պայքարում ընդհանրապես ընդդիմադիր ուժերը կամ պետք է ներկայանան առավել մեծ ֆիզիկական ուժով, քան իշխանությունը, կամ իշխանությանը հակադրեն բովանդակային «այլընտրանք», դրա միջոցով կարողանալով լուծել թե հանրային, թե արտաքին ընկալման մի շարք հարցեր:
Այդ տեսանկյունից, խնդիրն առայժմ լուծել կամ լուծմանն ուղղված առարկայական առաջին քայլ կատարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, հայտարարելով, որ իր գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ընտրական գործընթացում առաջնորդվելու է «խաղաղություն հիմա» մոտեցումով եւ հանդես է գալու Արցախի խնդրի «փուլային» կարգավորման շուրջ Տեր-Պետրոսյանի հայտնի մոտեցման շեշտադրումով, վերհաստատելով «խաղաղության կուսակցություն» լինելու հաստատակամությունը:
Տեր-Պետրոսյանի այդ մոտեցումը հնարավոր է քննարկել, իսկ գուցե շատ շատերի համար դա քննարկելի էլ չէ ու պետք է մերժել, եւ վերջ: Դա բոլորովին այլ հարց է: Տվյալ պարագայում մի բան է փաստ, որ միայն Տեր-Պետրոսյանն է ներկայացրել նախընտրական շրջանի բովանդակային հայտը, որը շոշափում է թե ներքին, թե արտաքին լսարանը, թե նաեւ իբրեւ հասցեատեր դիտարկում է նաեւ անմիջապես իշխանությանը:
Տեր-Պետրոսյանը փաստացի արձագանքել է ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որտեղ նա խոսում էր քաղաքական դաշտի խոշորացման, ընդդիմություն-իշխանություն հստակեցման, այլ կերպ ասած փաստացի երկբեւեռ կամ երկբեւեռ դոմինանտությամբ քաղաքական դաշտի ձեւավորման մտադրության մասին:
Մասնակցել խորհրդարանի ընտրությանը, նշանակում է նվազագույն մասով ընդունել այդ ծրագիրը եւ կամա թե ակամա գործակցել իշխանության հետ այդ հարցում: Հետեւաբար, տվյալ պարագայում այդքան էլ հիմնավոր չի թվա Տեր-Պետրոսյանի մոտեցումը իշխանության հետ գործարք կամ դրա առաջարկ, պատրաստակամություն որակելը, եթե դա փորձի անել խորհրդարանի ընտրությանը մասնակցել ձգտող որեւէ այլ ուժ: Մասնակցել ընտրությանն՝ արդեն իսկ նշանակում է գնալ իշխանության հետ գործարքի, իշխանության թելադրած կանոնով խաղի:
Տեր-Պետրոսյանն արել է  բովանդակային «այլընտրանքի» ձեւավորման քայլ, ներկայացնելով երկբեւեռ մոդելի իր պատկերացումը. դաշտի բաժանում Արցախի խնդրի մոտեցումով եւ ըստ այդմ քաղաքական կյանքի նախագծում «խաղաղության» ու «պատերազմի» մոդելով, իհարկե զգալիորեն պայմանական խաղաղության եւ պատերազմի, դրա թե դրական, թե բացասական հնարավոր վեկտորներով:
Այդուհանդերձ, Տեր-Պետրոսյանը ընտրական գործընթացին մասնակցում է քաղաքական բովանդակության հայտով: Այլ հայտ չլինելու պարագայում դա չի նշանակելու, որ Առաջին նախագահն իր ուժով ինքնաբերաբար դառնալու է իշխանությունից հետո երկրորդը, կամ իշխանությունը ստիպված ընդունելու է նրա հայտն ու համատեղ երկարաժամկետ խաղի առաջարկը:
Բայց, այստեղ խնդիրը միայն իշխանության ընդունել-չընդունելը չէ: Առավել եւս խնդիրն այն չէ, որ անպայման պետք է ներկայացնել իշխանության ծրագիր-մոդելին համապատասխան բովանդակային մոտեցում կամ առաջարկ: Ի վերջո, այդ առաջարկը նախ եւ առաջ պետք է ներկայացնել հանրությանը, նաեւ արտաքին քաղաքական գործընկերներին, ինչը անխուսափելի է, քանի որ Հայաստանը պետություն է, ոչ թե «մարդաբնակ կղզի»:
Հայաստանը ներկայում որպես պետություն, թեկուզ ինքնիշխանության լուրջ խնդրով, առնչվում է թե ներպետական, թե տարածաշրջանային եւ աշխարհքաղաքական լրջագույն գործընթացների, անվտանգությանն առնչվող հիմնարար հարցերի: Եվ առավել եւս ինքնիշխանության ներկայիս խնդրի պայմաններում դրանց վերաբերյալ քաղաքական հստակ եւ առարկայական օրակարգի առկայությունը դառնում է ընտրական փուլի բովանդակային անհրաժեշտություն:
Ազնվությունը, անկեղծությունն ու «ժողովրդին սիրելիությունը» Հայաստանում վաղուց արդեն քաղաքական կենսունակ եւ մրցունակ բավարար ռեսուրսներ չեն՝ քիչ թե շատ շոշափելի հաջողության հավակնելու համար, եւ առավել եւս միջազգային արդիականության հավակնելու համար, ինչը Հայաստանի քաղաքական կյանքում օբյեկտիվորեն կարեւոր գործոն է եւ ամենեւին ինքնաբերաբար չի հանդիսանում կոլաբորացիոնիզմի հոմանիշ. այդ բնորոշումը եւս կախված է բովանդակային շեշտադրումներից, ինչպես նաեւ դրանց որոշակի բացակայությունից:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից