Լավրովը նախատել է Բաքվին. Բաքվում շոկ է

17-01-2017 19:08:36   | Հայաստան  |  Հոդվածներ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա մամուլի ասուլիսն իսկական շոկ է առաջացրել Ադրբեջանում: Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ Լավրովն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակն ու ռազմական գործողություններն Ադրբեջանի ներքին գործը չեն: 

Նա կտրուկ հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրն ուժային լուծում չունի, որ Ռուսաստանը 2011 թվականից հանդես էգալիս միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման օգտին (թե ինչու դրանք չեն ներդրվում, նա կոչ է արել հարցնել ԵԱՀԿ-ից), որ կարգավորումը ենթադրում է Ղարաբաղի վերջնական կարգավիճակ եւ համապատասխանաբար՝ «դեօկուպացիա»:

Փաստացի, Լավրովը ոչ միայն մերժել է ուժային լուծման Ադրբեջանի իրավունքը, այլ նաեւ նախատել Բաքվին, որ չի համաձայնվում Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, որի պատճառով հարցը չի լուծվում:

Լավրովի հայտարարությունը Բաքվում շոկ է առաջացրել, իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն սկսել են արդարացումներ փնտրել դրան: Մասնավորապես, haqqin.az-ը գրում է, որ Լավրովին այդ պատասխանը սադրել են հենց ադրբեջանցի լրագրողները: Պարզվում է, նրանք հարց են տվել, թե ինչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը հանկարծ փորձի «հակաահաբեկչական գործողություն» ձեռնարկել եւ լուծել ղարաբաղյան հարցը՝ դիտարկելով այն որպես ներքին գործ:

Այս ամենում, թերեւս, հատկանշական է ոչ միայն Լավրովի արձագանքը՝ չնայած նա առանձնահատուկ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Մի քանի տարի առաջ այդ հարաբերությունները խիստ սրվել էին, երբ Բաքվում Պուտինի ներկայությամբ Սերգեյ Լավրովին «սխալմամբ» անպարկեշտ թյուրքական բառով դիմեցին: Այն ժամանակ շատ էին գրում Լավրովի հայկական ծագման եւ նրա նկատմամբ Ալիեւի հակակրանքի մասին: Լավրովը մոտ երեք տարի Բաքու չէր գնում, սակայն ի վերջո Ադրբեջանը ստիպված էր Լավրովին ընդունել որպես ռուսական արտաքին քաղաքականության պրովայդեր:

Այստեղ, սակայն, հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանը բարձրացնում է «հակաահաբեկչական գործողության» գաղափարը, ընդ որում հենց Մոսկվայում: Կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանը դրա համար է փորձում հասնել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը եւ չի համաձայնվում հետաքննությունների մեխանիզմների ներդրմանն ու ԵԱՀԿ մանդատի ընդլայնմանը:

Ըստ ամենայնի, Ադրբեջանը չի մոռացել, որ դեռ խորհրդային ժամանակաշրջանում Ռուսաստանի հետ համատեղ Ղարաբաղում պատժիչ գործողություններ է իրագործել: Արդյոք Բաքուն ներկայում էլ այդ «իրավունքն» է ուզում ստանալ:

lragir.am

 

 

 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից