Թուրքիայի իշխանությունները որևէ ցանկություն չունեն բացահայտել Հրանտ Դինքի սպանությունը. դա կլինի ինքնախոստովանություն. Սարգիս Հացպանյան (տեսանյութ)


Թուրքիայի իշխանությունները որևէ ցանկություն չունեն բացահայտել Հրանտ Դինքի սպանությունը. դա կլինի ինքնախոստովանություն. Սարգիս Հացպանյան (տեսանյութ)

  • 18-01-2017 15:42:20   | Հայաստան  |  Հասարակություն



Հրանտ Դինքի սպանության բացահայտումն ինքնախոստովանություն կլինի Թուրքիայի իշխանությունների կողմից:  Նման կարծիք հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը` անդրադառնալով պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին:
 
Ըստ նրա` այս պահին Հ. Դինքի սպանության գործով դատավարությունն ընթացքի մեջ է, սակայն անցած տասը տարիները ցույց են տալիս, որ Թուրքիայի հանրապետությունը` որպես պետական միավոր որևէ ցանկություն չունի բացահայտել կատարված հանցագործությունը:  
Ս. Հացպանյանի փոխանցմամբ, ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս տարի Թուրքիայի իշխանություններին դեմ արտահայտվող բազմաթիվ մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ արդեն կոչ են արել հանրությանը հունվարի 19-ին` ժամը 15:00-ին, Հրանտ Դինքի սպանության ճիշտ օրն ու ժամին  հավաքվել նրա հիմնադրած «Ակոս» թերթի խմբագրտան շենքի առջև: 
«Հույս ունենանք, որ կլինի մարդկանց հոծ բազմություն. դա ցույց կտա, որ այդտեղի հասարակությունը, հատկապես այժմյան սերունդը հետամուդ է մեր եղբոր, մեր ազգակցի դավադրաբար սպանության գործին»,- ասաց Ս. Հացպանյանը` միաժամանակ ընդգծելով, որ 10 տարի առաջ, երբ Հ. Դինքի սպանության կապակցությամբ փողոցները մարդաշատ էին և բոլոր գոչում էին, որ իրենք Հ. Դինք են, Թուքրիան ավելի ժողովրդավար էր, քան այսօր: 
Փորձագետի գնահատմամբ` Թուրքիայի հասարակությունն այժմ վախեցած է, քանի որ այդ երկրի բանտերը լցված են բանտարկյալներով, ինչպես նաև Թուրքիայի իշխանություններն անթաքույց կերպով ցույց են տալիս, որ գնում են դեպի միապետություն:   
Բանախոսն անդրադառնալով Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ ներկայացված դատական հայցին, որում պահանջում են զրկել նրան ոչ միայն պատգամավորի մանդատից, այլև Թուրքիայի քաղաքացիությունից, մասնավորապես, նշեց. «Կարո Փալյանի հետ կատարվածն այդ նույն հասարակության կողմից ընկալվեց «արդյո՞ք Կարոն կարժանանա Հ. Դինքի ճակատագրին», նույնիսկ երկու-երեք հոդվածագիրներ իրենց թերթերի սյունակներում գրեցին, որ Կարո Փալյանը Հրանտ Դինք է. սա շատ լուրջ մեսիջ է»: 
Ս. Հացպանյանի խոսքերով` Կ. Փալյանը ցեղասպանություն եզրույթն օգտագործելով և Թուրքիայի մեջլիսում այդ մասին բարձրաձայնելով մի աննախադեպ իրավիճակում հայտնվեց, երբ նրան որպես պատիժ զրկեցին խորհրդարանի երեք նիստերին մասնակցելու իրավունքից:  
«Կ. Փալյանի վիճակն իսկապես շատ մտահոգիչ է, քանի որ նա շարունակում է անդավաճան կերպով պահպանել իր համառ և ուղղամիտ կեցվածքը, սակայն քաղաքականության մեջ երևի դիվանագիտության կարիքն իրոք կա.  մեզ համար մեծ «շռայլություն» կլինի կորցնել Կ. Փալյանի նման քաղաքական գործչին, հետևաբար հայկական լրատվամիջոցները ևս պետք է բարձրաձայնեն այն մասին, որ հայ ժողովուրդը մտահոգված է նրա ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգներից»,- ընդգծեց նա` շեշտելով, որ Կ. Փալյանը կարողանում է իրավական տեսանկյունից իրեն պաշտպանել` դատական հայցեր ներկայացնելով Մարդու իրավունքների և Սահմանադրական դատարան:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն