Ընդլայնվել է Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը


Ընդլայնվել է Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը

  • 18-01-2017 18:33:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպող քարտուղարության կազմը համալրած  չորս մասնագետներին: Միջոցառմանը մասնակցում էին «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի խորհրդատու Համազասպ Դանիելյանը, նախարարության աշխատակիցներ:
 
Նախարարը նշեց, որ երկար քննարկումներից հետո որոշվեց համալրել քարտուղարության կազմը, քանի, որ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի կազմակերպման, սիրիահայերի ընդունման, անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման, նրանց խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներն իրականացնում էր նախարարությունում գործող՝ 5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, որը զբաղվում էր նաև սիրիահայերի դիմավորման գործընթացով: Նախարարը հույս հայտնեց, որ բաց մրցույթի արդյունքում համատեղ ընտրված չորս մասնագետները կնպաստեն Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման և լուծման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, նշված բոլոր կառույցների և օղակների բնականոն ընթացքն ապահովելուն: 
Համազասպ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց նախարարին և նախարարության թիմին՝ արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնեց, որ ընտրված մասնագետները բարեխղճորեն կիրականացնեն իրենց առաքելությունը: 
Սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը ներկայացրեց քարտուղարության նոր աշխատակիցների առաջիկա անելիքները և նշեց, որ նրանք ուսումնասիրելու են սիրիահայերի հետ իրականացված բոլոր աշխատանքները և ՀՀ սփյուռքի նախարարության, այլ պետական մարմինների, բարեգործական, հասարակական, միջազգային և այլ կառույցների հետ համատեղ մշակելու են սիրիահայերի հետագա ինտեգրման ռազմավարական ծրագիր, որը կնպաստի կարճաժամկետ ծրագրերից անցում կատարել երկարաժամկետ ծրագրերի:
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը շնորհակալություն հայտնեց աջակցության համար և կարևորեց համահայկական կառույցների հետ համատեղ իրականացվող աշխատանքները, նշեց, որ 2014 թ. ՀՀ սփյուռքի նախարարության և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր՝ արևմտահայերենի ուսուցողական նյութերի հրատարակման և տարածման, Հայաստանում արևմտահայերենի ուսուցման կենտրոն ստեղծելու, Հայաստանի բուհերում հայագիտական առարկաների գծով սովորող սփյուռքահայ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու և այլ հարցերի վերաբերյալ:  2016թ հոկտեմբերին նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հիմնարկության 60 ամյակին նվիրված գիտաժողով: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն