ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգը կատարելագործվում է


ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգը կատարելագործվում է

  • 18-01-2017 18:46:46   | Հայաստան  |  Տնտեսություն

Հունվարի 18-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը ներկայացրեց պետական գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով ինչպես կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին, այնպես էլ նախարարության կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքներով այդ ոլորտում նկատված բացթողումներին և դրանք շտկելու նպատակով կատարված քայլերին: Նա նշեց, որ ինչպես բոլոր առցանց համակարգերը, այնպես էլ էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգը պարբերաբար կատարելագործվում է, և գնումների համակարգի շարունակական բարեփոխումները ֆինանսների նախարարության առաջնահերթություններից է:
 
2016թ. վերջին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել և սույն թվականի հունվարի 14-ին ՀՀ Նախագահի կողմից վավերացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է ապահովել հնարավորինս թափանցիկ, արդյունավետ գնումներ՝ պատկան մարմինների կողմից ցածր գնով ապրանքներ ձեռք բերելու համար: Այս նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը 2017թ. հունվարից ներդրել է մի համակարգ, որով պետական գնումներին մասնակցող անձանց տեխնիկական, որակական և ֆինանսական  տվյալները հասանելի են դառնում բոլորին: Այլ կերպ ասած՝ եթե նախկինում հրապարակվում էր հաղթողի անունը, և գործը կարող էր քննվել միայն բողոքի առկայության դեպքում, ապա այժմ այս համակարգի ներդրմամբ բոլորը տեղեկացված են լինում մասնակցության տվյալների և արդյունքների մասին: Բարեփոխման արդյունքում բարձրանում  է գնումների ընթացակարգերի թափանցիկության և հրապարակայնության, հետևաբար նաև հասարակության կողմից վերահսկողության աստիճանը, ինչն էլ սահմանափակում է հայտերի գնահատման ժամանակ գնահատող հանձնաժողովի՝ հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ներկայացրած մասնակիցներին հաղթող ճանաչելու վերաբերյալ սուբյեկտիվ որոշումների կայացումը և ոչ լավագույն առաջարկի ընտրությունը:
 
Կարեն Թամազյանը հույս հայտնեց, որ այսուհետ հասարակությունը հետամուտ կլինի այս գործընթացի վերահսկողությանը, իսկ պետությունն էլ իր հերթին հասարակության մասնակցության արդյունքում ավելի աչալուրջ կլինի ներկայացված բոլոր դիտողություններին և առաջարկներին: Բանախոսը մասնավորապես ընդգծեց, որ ապրիլին ուժի մեջ կմտնի նոր օրենք, որի առավելություններից մեկն էլ մասնակիցների հետ փոխկապակցված անձանց մասին տվյալների լրացումն է, ինչը ևս մեկ դրական քայլ է կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու համար. «Սա այս պահին այն տեսանելի ճանապարհն է, որով հասարակությունը կկարողանա «զսպաշապիկ» հագցնել ոչ պարտաճանաչ թե՛ ապրանք ձեռք բերող պետական մարմիններին,  թե՛ մրցույթի մասնակիցներին»:
 
Կարևորելով գնման գործընթացի թափանցիկությունը՝ նախարարությունը հրապարակայնացնում է գնումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝գնումների պայմանագրերը:
 
Հաջորդ կարևոր քայլն այն է, որ մինչ գնման ընթացակարգին հայտի ներկայացումը ARMEPS համակարգը նախապես իրականացնում է տվյալ հայտի ստուգում, և եթե այն համակարգ վերբեռնելու համար սահմանված պահանջներին անհամապատասխան է, հայտը չի ընդունվում՝ մասնակցին ներկայացնելով կատարված բացթողումը: Այս գործառույթի իրականացման արդյունքում կնվազեն նշված համակարգի միջոցով պատրաստված հայտերը չբացելու հետևանքով այդ հայտերի մերժման դեպքերը, ինչն էլ կհանգեցնի մրցակցության աստիճանի բարձրացմանը:
 
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կառավարման և համակարգման բաժնի պետ Վահե Մահտեսյանն  էլ հանգամանորեն ներկայացրեց էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում հայտերի տեղադրման եղանակը: Նա նշեց, որ հնարավոր է մտնել gnumner.am կայք, որտեղ հրապարակվում է գնումներին առնչվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ պայմանագրի մասին հայտարարությունը: «Փոփոխված համակարգը, ըստ էության, հնարավորություն է տալիս տեսնել և՛ հայտերը, և՛ մերժման պատճառները»,- խոսքը ամփոփեց Մահտեսյանը:
 
Հանդիպման վերջում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կ. Թամազյանը պատասխանեց լրագրողների՝ գնումների ոլորտին առչվող հարցերին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play