«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է հանրային կարծիքի հետազոտության հիմնական արդյունքները


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է հանրային կարծիքի հետազոտության հիմնական արդյունքները

  • 18-01-2017 20:00:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրային կարծիքի հետազոտությունը պարզել է, որ հարցմանը մասնակցած յոթ հայերից մեկը, իսկ օտարերկրացիների՝ քսանից մեկը տեղյակ է «Ավրորա» մրցանակի մասին:
Հունվարի 18, 2017, Երևան, Հայաստան – «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2016 թվականի հանրային կարծիքի հետազոտությունը պարզել է, թե որքանով է համաշխարհային լսարանը տեղյակ Հայաստանի, հայերի և «Ավրորա» մրցանակի մասին: 
 
Հետազոտությունն իրականացրել է New Place Consultancy ընկերությունը՝ Kantar Group-ի TNS Opinion միջազգային սոցիալական հետազոտությունների գործակալության խորհրդատվությամբ: Հետազոտությունը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր լսել են «Ավրորա» մրցանակի մասին, մեծամասամբ դրական վերաբերմունք ունեն դրա նկատմամբ: Դրական վերաբերմունքի պատճառների թվում նշվում է, որ մրցանակը մեծարման է արժանացնում այնպիսի մարդկանց, ում աշխատանքն այլապես չէր ճանաչվի, ինչպես նաեւ նպաստում է աշխարհում հայերի դրական կերպարի ձեւավորմանը:
Հանրային կարծիքի հետազոտությունն անդրադարձել է նաև աշխարհում Հայաստանի ու հայերի մասին իրազեկվածությանը: Արդյունքները ցույց են տալիս, որ համաշխարհային հանրությունը հիմնականում գիտի հայկական համայնքների, հայկական խոհանոցի և պատմության մասին:  
Այս հոլովակը ներկայացնում է հետազոտության մի քանի կարեւոր բացահայտումներ: 
Հետազոտությունը միեւնույն չափումները (գիտելիք, իրազեկվածություն, հետաքրքրություն, ներգրավվածություն) դիտարկել է նաև հայկական սփյուռքի շրջանում: Պարզվել է, որ հայերի մասին սփյուռքահայերի եւ օտարերկրացիների ընկալումները նման են. հայերն հիմնականում բնութագրվում են որպես հպարտ, ընկերասեր և հարգալից:
Հետաքրքրական է, որ չնայած հարցվածների մեկ երրորդի կարծիքով հայկական համայնքները կարևոր են իրենց երկրներում ինչպես պետական, այնպես էլ տեղական մակարդակներում, սակայն հարցվածների մեծամասնությունը համարում է, որ հայկական համայնքները փոքր դեր են խաղում իրենց երկրներում: Հայկական համայնքների ազդեցությունն ավելի շատ դիտարկվում է ինտելեկտուալ, մշակութային, սոցիալական և տնտեսական ոլորտներում: Քիմ Քարդաշյանը և Շերը գլխավորում են ամենաճանաչված հայ հայտնիների ցանկը՝ ինչպես համաշխարհային հանրության, այնպես էլ սփյուռքահայերի շրջանում:
Հայաստանի Հանրապետության մասին դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի նկատմամբ նշանակալի հետաքրքրվածություն կա որպես երկիր և որպես ճամփորդական ուղղություն: Չնայած համաշխարհային հանրության ներկայացուցիչները Հայաստանը չեն դիտարկում որպես գործարարությամբ զբաղվելու վայր, սփյուռքահայերի զգալի մասը ցանկանում է տեղեկանալ Հայաստանի գործարար միջավայրի մասին: Երկու հայերից մեկը եւ յոթ օտարերկրացիներից մեկը հավանական է համարում, որ ապագայում կայցելի Հայաստան:
Հետազոտությունն իրականացվել է երկու փուլով՝ 2016 թվականի մարտի և հունիս-հուլիս ամիսներին 10 երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Ֆրանսիա, Արգենտինա, Դանիա, Նորվեգիա, Հունաստան, Գերմանիա և Ռուսաստան:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների եւ մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը։ 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը եւ 100 LIVES նախաձեռնությունը։ 
«Ավրորա» նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Այն ներկայացված է երեք հիմնադրամների կողմից՝ 100 Lives հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին
Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվելու է 100.000 դոլար պարգեւ եւ բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրություն առաջ մղելու վրա։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։
 
Ավելին՝ www.auroraprize.com
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play