Թալիշի հիմնահարցին ուրիշ հնչողություն պետք է տալ

19-01-2017 16:53:51   | Հայաստան  |  Հոդվածներ
«Առավոտ», Ցանկացած իրադարձություն, որն առաջացնում է սարսափի, վախի, հոգեկան ցավի տառապալից զգացում, հոգեկանի համար ցնցում է։
 


Հոգեկան տրավման դուրս է գալիս սովորականի շրջանակներից` պայմանավորված այն իրադարձությամբ, որը մարդկանց մեծամասնության մոտ առաջացրել է վախ, սարսափ, անզորություն։ Դա հատկապես վերաբերում է այն իրավիճակներին, որոնք անձն ընկալում է որպես իրեն կամ իր ընտանիքի անդամներին սպառնացող վտանգ։
 
Այս առումով Թալիշի ապրիլյան իրադարձությունները տրավմա են։
 
Այսօր թալիշցիների համար շատ կարեւոր է նաեւ այն վիճակի հաղթահարումը, երբ մարդուն թվում է, թե արտաքին իրադարձություններն իրենից կախված չեն, եւ ինքը ոչինչ չի կարող անել դրանք կանխելու կամ փոփոխելու համար։ Շրջապատող աշխարհի անվերահսկելիության կրկնությունը բավարար է, որպեսզի ձեւավորված անզորությունը սկսի գործել ինքնուրույն եւ ղեկավարի անձի վարքը։ Շատ հաճախ անզորություն ստեղծում են ոչ թե դեպքերն ու իրադարձություններն ինքնին, այլ այդ իրադարձությունների անվերահսկելիությունը։ Անզորությունն ստեղծում է թերարժեքության զգացողություն, իսկ երբեմն էլ զիջողական ու զոհային վարքագիծ։
 
Մարդն իրոք անօգնական է դառնում, եթե հարմարվում է այն մտքին, որ իրենից ոչինչ կախված չէ: Մանիպուլյացիան եւ հարկադրանքը անհնար եւ վտանգավոր են բնակեցման խնդիրը լուծելու համար, ուստի այստեղ անհրաժեշտ են միանգամայն ողջամիտ եւ իրատեսական քայլեր։ Նախ այն, որ Թալիշի բնակեցումը պետք է հստակ ուրվագծի ապագայի ռազմավարական հեռանկար։
 
Առաջիկայում այն պետք է բաց լինի քաղաքական ու պետական բարձր շրջանակների համար, բաց ոչ միայն տեղեկատվական քննարկումների, այլեւ պարբերական այցելությունների համար։ Պետք չէ հայացքն ուղղել դեպի դուրս, որոնել սոցիալական աջակցություն։ Դեպքերն ու իրադարձությունները պետք է ստանան իրենց ռացիոնալ բացատրությունը։ Հոգեվերլուծության լեզվով ասած` Թալիշն այսօր դաջվել է որպես անավարտ մնացած գործողություն, ինչը խոր լարվածություն է ստեղծել բոլորիս հոգեկանում եւ ոչ միայն չի թողնում այն մոռանալ, այլեւ ստեղծված վիճակը շտկելու պաշտպանական գործողությունների է մղում՝ թեկուզեւ գաղափարների տեսքով։
 
Յուրաքանչյուր մարդ արմատներով գնում է դեպի իր պատմությունը։ Այսօր Թալիշի համայնքը մասամբ է ցրված։ Թալիշցիները հիմնականում ապրում են Ալաշան կոչվող բնակավայրում։ Համայնքը չի ցրվել, չի տրոհվել, եւ նրա խմբային ինքնությունն ու ինքնանույնացումը այս կամ այն չափով պահպանված են։ Այսինքն՝ առկա է թալիշցիների ինքնորոշման, ինքնակառավարման ու ինքնահաստատման համակարգ։
 
Կա մի հետաքրքիր, հիմնականում ենթագիտակցական երկխոսություն, որը ծավալված է թալիշցու եւ նրա անցյալի, թալիշցու եւ նրա կանխատեսելի ապագայի հետ։ Այստեղ կարեւորագույն տարրեր են կոլեկտիվ հիշողությունը, Թալիշի սիմվոլների համակարգը։ Եթե թալիշցին մահացած համագյուղացուն այսօր հուղարկավորում է Թալիշում եւ հաճախակի, թեկուզ վտանգի պայմաններում, այցելում գյուղի սրբավայրեր, ապա սիմվոլների քայքայում չկա ու չի կարող լինել։ Ավելին, հողը թալիշցու հետ մոգական երկխոսության մեջ է։
 
Այստեղ, անտարակույս, մեծ է համայնքի ղեկավարի՝ որպես գաղափարախոս առաջնորդի, դերը։ Թալիշի համախտանիշը, որում խտացված են սոսկ կորստի, հիասթափության, ափսոսանքի զգացումներ, կհաղթահարվի տարելիցի ախտանիշով։ Դրա հաղթահարմանը պետք է նպաստենք բոլորս: Այս հարցում պասիվությունն է, որ կարող է Թալիշից օտարանալու սինդրոմ ձեւավորել, ինչը կբերի անզորության զգացման։ Թալիշցին պետք է իրեն տեսնի ու ընկալի որպես ամբողջի մաս եւ նույնանա այդ ամբողջի՝ խմբային «մենք»¬ի հետ, այլապես անզորության, տագնապի ու միայնակության զգացումները քրոնիկ երանգ կստանան։
 
Հետաքրքիր է այն փաստը, որ համատեղ բնակություն հաստատած համայնքում չկա հոգեւոր գործոնների «մաշվածության» երեւույթը, մի բան, որ բնորոշ է դառնում անորոշության մեջ ապրողներին։ Ավելին, չկա մարգինալության ոչ մի դրսեւորում, «որտեղ հաց, այնտեղ կաց» մեխանիզմը, որպես համակեցության սկզբունք, բացակայում է թալիշցիների մոտ։ Թալիշի դեպքերը չպետք է փոխեն թալիշցու բնավորությունը։ Չմոռանանք, որ Թալիշի մոտակայքում էին Վաչագան Բարեպաշտի թագավորանիստ գյուղն ու ամառանոցը՝ Աղվենը եւ առայսօր մարդկանց հիացմունք պատճառող` 13-րդ դարում կառուցված Հոռեկա վանական համալիրը, մելիքների ապարանքն ու տոհմային գերեզմանոցը, հերոսական կերպար ունեցող փառավոր անհատներ։ Սրանք թալիշցիներին իրենց հողին կապող խորհրդանիշների ամուր համակարգ են, որոնք չեն կարող շատ արագ մոռացության մատնվել կամ շրջանցվել, քանի որ անմիջապես առնչվում են ինքնության կարեւորագույն պահանջմունքի հետ։ Ապրիլի երկուսի սինդրոմից շատ քիչ բան կմնա եւ, որպես գերակա զգացում, կդառնա ինքնության պահպանումը, որովհետեւ, ինչպես կարելի է կռահել Ալաշանում ժամանակավորապես բնակություն հաստատած թալիշցիների դիրքորոշումներից, կա խմբային մտածողություն, որը նպաստում է միության հոգեբանության ամրապնդմանը, իսկ դոմինոյի էֆեկտն այստեղ շատ լավ է գործում. գնացողը գնում է, հուզական վարակի էֆեկտն իր հետեւից տանում է մյուսներին։
 
Թալիշի սինդրոմը բերում է էթնիկ զգացմունքների սրման, ավելի ծայրահեղ, հիպերբոլացված էթնիկ նույնականացման արտահայտման: Ազգային եւ էթնիկ նույնականացումները սրանալով՝ կատարում են պաշտպանական մեխանիզմի գործառույթ: Այս երեւույթն ունի ինչպես անհատական, այնպես էլ մակրո մակարդակով էթնիկ-ազգային նշանակություն, քանի որ կատարում է ազգապահպան գործառույթ: Տվյալ պարագայում «թալիշցիներ» նույնականացումը, հանդես գալով որպես սուբէթնիկ նույնականացում, նպաստում է մեր խմբային բարձր ինքնագնահատականին, որը կատարում է պաշտպանական գործառույթ: Իսկ սա իր հերթին նպաստում է խմբային համախմբվածությանը եւ պատմական տարածքում բնակվելու նպատակասլացությանը:
 
Թալիշի հիմնահարցին ուրիշ հնչողություն պետք է տալ։ Այն պետք է հաղթահարվի անհատական գիտակցության մակարդակում։ Այսպես, Թալիշի հիմնահարցին ուրիշ հնչողություն պետք է տալ։ Մարդն իր ինքնորոշման իրավունքն իրացնում է սոսկ սեփական էթնոգենետիկ տարածքի վրա, որին կապված է հուզական բազմաթիվ կապերով։ Ժամանակը մեկ անգամ արդեն պատմականացվել ու հերոսականացվել է Թալիշում։ Այն կրկնվելու միտում ունի, քանի որ Թալիշի պատմական ներկան, որն անմիջապես սնվում է անցյալի աղբյուրից, իշխում է ապագայի վրա։ Թալիշցին, նաեւ մենք, չպետք է կորցնենք մեր զգոնությունը։ Սա է հուշում ու պարտադրում անդրկովկասցի թուրքի պահվածքը։
 
Իսկ առաջիկայում այս տեսակի մոտ խորքային փոփոխություններ (տրանսֆորմացիա) չի կարելի ակնկալել։   
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից