Դյուրացվում է քաղաքացիների փոխայցելությունների ռեժիմը


Դյուրացվում է քաղաքացիների փոխայցելությունների ռեժիմը

  • 19-01-2017 16:40:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը համաձայնություն է տվել «2000 թ. սեպտեմբերի 25-ի՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ քաղաքացիների և ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:  
 
Համաձայնագրում կատարվող փոփոխությունը ՌԴ քաղաքացիների համար նախատեսում է ՌԴ քաղաքացու անձնագրով (ներքին անձնագիր) ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորություն: Փոփոխությունը ոչ միայն կդյուրացնի ՌԴ քաղաքացիների ՀՀ տարածք այցելությունների ռեժիմը, այլև կխթանի զբոսաշրջության, երկկողմ տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում կապերի զարգացում: 
Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի կնքումը համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին: 
 
 
Այլ որոշումներ
 
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան՝ կառավարությունը սահմանել է ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի բնակվելու (գտնվելու) վայրում լուսանկարահանում իրականացնելու և մատնադրոշմները վերցնելու դեպքերն ու կարգը: Վերոնշյալ օրենքներում նախատեսվել են համապատասխան դրույթներ, որոնք իրավունք են վերապահում ՀՀ քաղաքացիներին ՀՀ կառավարության կողմից սահմանած դեպքերում և կարգով անհրաժեշտ կենսաչափական տվյալները ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու պարագայում դրանք հանձնել իր գտնվելու վայրում: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն