Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման շնորհիվ տեղում կստեղծվի մոտ 2500 աշխատատեղ


Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման շնորհիվ տեղում կստեղծվի մոտ 2500 աշխատատեղ

  • 19-01-2017 17:08:27   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հիմնման շնորհիվ տեղում կստեղծվի մոտ 2500 աշխատատեղ, ինչը կնպաստի ոչ միայն մարզի, այլև տարածաշրջանի զարգացմանը: Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: 
 
Ըստ նրա` նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ապահովմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը: 
Հ. Ազիզյանի փոխանցմամբ` վերոնշյալ ԱՏԳ-ն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային նոր օրենսգրքով ունի առավելություն, ինչը հնարավորություն է տալիս ԱՏԳ տարածքում աշխատող կամ այցելող յուրաքանչյուր անձի կատարել գնումներ` առանց մաքսային տուրք վճարելու: 
«Սա կարևոր հնարավորություն է, որովհետև սա նաև կարող է նպաստել և այցելության, և զբոսաշրջության զարգացմանը»,- ասաց նա` հավելելով, որ արդեն իսկ հրապարակվել է այն հայտարարությունը, որով փորձառություն ունեցող ներդրողները և կազմակերպիչները կարող են մինչև փետրվարի 10-ը ներկայացնել իրենց առաջարկությունները կամ բիզնես պլանները: 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի խոսքերով` Սյունիքի մարզում նախատեսված ԱՏԳ-ի նկատմամբ որպես կազմակերպիչ` նախնական հետաքրքություն են ցուցաբերում ռուսական, չինական, իրանական և հայկական ընկերությունները:  
Հ. Ազիզյանը նաև տեղեկացրեց, որ նախագծի իրականացման համար պահանջվում է մոտ 28 մլն դոլար, որը փուլ առ փուլ ներդնելու է որպես կազմակերպիչ հանդես եկող ներդրողը: Նա հույս հայտնեց, որ ԱՏԳ-ն կսկսի գործել մինչև այս տարվա ավարտը:  
Անդրադառնալով Իրան-Հայաստան առևտրատնտեսական կապերին` փոխնախարարը նշեց, որ ԱՏԳ-ի տարածքում ձեռնարկություն կառուցելու մասին արդեն իսկ իրանական կողմից ստացվել են գրավոր առաջարկներ: 
«Ներկայումս աշխատանքներ են իրականացվում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու համաձայնագրի կնքման շուրջ, որը լրացուցիչ հնարավորություն է տալիս այս ԱՏԳ-ին գործունեության համար, որովհետև տվյալ նախնական համաձայնագրով նախատեսվում է, որպեսզի իրանական կողմը, նաև ԵՏՄ-ն որոշակի հստակ ապրանքների ցանկի մասով գործեն ազատ փոխհարաբերության գոտում»,- ասաց նա` հավելելով, մաքսատուրքերը կամ կնվազեն, կամ կվերացվեն, ինչը լրացուցիչ խթան է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play