Կայացել է ԱԻ նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հաշվետու նիստը


Կայացել է ԱԻ նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հաշվետու նիստը

  • 19-01-2017 18:40:18   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հունվարի 19-ին Արմավիրի մարզպետարանում կայացավ ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստ: Միջոցառմանը մասնակցում էին փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, ինչպես նաև՝ համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Արմավիրի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ:
Հիմնական տարեկան զեկույցով հանդես եկավ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Մարգարյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության  խնդիրների  իրականացմանը՝ ներկայացնելով նաև մարզային վարչության գործունեության հիմնական ուղղությունները: 2016թ.-ի ընթացքում  Արմավիրում գրանցվել է` 919 տեխնածին արտակարգ դեպք (2015թ.-ին` 658 դեպք), որոնց հետևանքով զոհվել  է 12 (2015թ-ին` 8 մարդ), տուժել՝ 469 մարդ (2015թ.-ին` 365 մարդ): Այսպիսով, 2016թ.-ի ընթացքում մարզում նախորդ տարվա համեմատ տեխնածին արտակարգ դեպքերի քանակը աճել է 261-ով, զոհերի թիվը ավելացել է 4-ով,  տուժածների թիվը՝ աճել 104-ով: 2016թ.-ին Արմավիրի մարզում մարտի 17-19-ին գրանցվել է ցրտահարություն և ուժեղ քամու 9 դեպք, որի հետևանքով վնասվել են բնակելի շենքերի, առանձնատների տանիքներ և ջերմոցային տնտեսություններ: Մայիսի 23-ին ուժեղ կարկուտից տուժել են Արգինա, Բագարան, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Եղեգնուտ, Արտաշար, Արևիկ համայնքները, հուլիսի 06-ին, 10-ին և 11-ին՝ Արմավիրի մարզի շուրջ 47 համայնքներ, օգոստոսի 1-ին՝ Քարակերտ համայնքի 100 հա. պտղատու այգիների 50-70%-ը:
Հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային  վարժանքներ, որոնք ընդգրկել են ինչպես  քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ՝ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ պատրաստականության ապահովման խնդիրները:
Տարվա ընթացքում ճշգրտվել են Արմավիրի մարզի համայնքներում տեղադրված տարատեսակ շչակների առկայությունը և սարքինությունը: Այն համայնքներում, որտեղ առկա են ազդարարման սարքավորումներ, դրանք համայնքապետերի կողմից վերցվել են հաշվառման և դրանց հետագա պահպանության նպատակով նշանակվել են պատասխանատուներ:
2016 թ.-ի հնարավոր գարնանային վարարումների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ, իրականացվել են մարզի գետերի և հեղեղատարների ուսումնասիրման աշխատանքներ և արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարության հաստատմանը:
Տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել մարտական պատրաստականության, մասնագիտական հմտությունների, ծագած հրդեհների տակտիկապես ճիշտ և արագ հրդեհաշիջման ունակությունների բարձրացման ուղղությամբ: Արմավիրի ՄՓՎ անձնակազմը մասնակցություն է ցուցաբերել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարարական ծառայողների 2016 թ. վերապատրաստման դասընթացներին:
Զեկույցի ավարտին Հ. Մարգարյանն առանձնացրեց, որոշ թերացումներ և բացթողումներ՝ նշելով, որ կատարված դրական աշխատանքներին զուգահեռ, դեռևս անելիքներ կան միջին և կրտսեր անձնակազմի մասնագիտական և իրավագիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ: Մարզային փրկարարական վարչության պետը ներկայացրեց նաև մի շարք առաջարկներ, որոնք նպատակ ունեն ավելի արդյունավետ կազմակերպել մարզային փրկարարական վարչության աշխատանքները: 
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը, ընդհանուր առմամբ, բավարար գնահատեց հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ շեշտելով, որ վարչության աշխատակիցները բարեխղճորեն են իրականացրել իրենց առաջև դրված խնդիրները:
Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքները ամփոփեց տեսչության տեսչական բաժնի պետ Խ. Ավագյանը: Զեկույցի համաձայն՝ տեսչության աշխատակիցների կողմից մարզային ԶԼՄ-ների միջոցով իրականացվել է հակահրդեհային քարոզչություն: Լայնածավալ բացատրական աշխատանքներ են տարվել մարզում գործող օբյեկտների ղեկավարների և պատասխանատու անձնանց շրջանում՝ օբյեկտները ինքնաշխատ համակարգով կահավորելու ուղղությամբ: Ոլորտի աշխատակիցների կողմից աշխատանքներ են իրականացվել նաև չգրանցված կամ հերթական փորձաքննություն չանցած արտադրական վտանգավոր օբյեկտների(ԱՎՕ) հայտնաբերման և համապատասխան միջոցների կիրառման ուղղությամբ:
ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Ս. Դարբինյանը զեկուցեց 2016 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ՝ նախևառաջ ուշադրություն հրավիրելով մարզում գործող դիտակայանների վրա և ընդգծելով դրանց կարևորագույն դերը ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ վտանգի գնահատման տեսանկյունից: Ս. Դարբինյանը նշեց, որ մարզի մի շարք դպրոցներում իրականացվել են սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման և շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ:
ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մարզային տեխնիկական անվտանգության բաժանմունքի պետ Ս. Մուրադյանը ներկայացրեց մարզային ստորաբաժանման տարեկան հաշվետվությունը: Նա փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում ԱՎՕ-ների տեխնիկական անվտանգության փորձաքննությունների իրականացման գործընթացին էապես նպաստել է շարժական լաբորատորիայի կիրառումը, որը հնարավորություն է տվել փորձաքննության ընթացքում կատարել նաև դիագնոստիկա, փորձարկում և զննում: Ոլորտում առկա խնդիրներից Ս. Մուրադյանն առանձնացրեց չգրանցված և տեխանվտանգության տարեկան փորձաքննություն չունեցող ԱՎՕ-ների առկայությունը: Ըստ բանախոսի՝ նման իրավիճակը պայմանավորված է ԱՎՕ շահագործող անձանց կողմից օրենսդրական նորմերի խախտմամբ: Մասնավորապես, ցածր ցուցանիշներ են գրանցվել ամբարձիչների ոլորտի ԱՎՕ-ներում:
ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» Արմավիրի օդերևութաբանական կայանի պետ Ռ. Հարությունյանը ներկայացրեց մարզում տեղակայված ստորաբաժանումների կողմից 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Կայանում կատարվել են տարբեր պտղատու ծառերի և մշակաբույսերի ֆենոլոգիական դիտարկումներ, ինչը թույլ է տալիս որոշել պտղատուների կենսունակությունը, գնահատել բույսի և հողի վիճակը: 2016 թ. ընթացքում մարզում տեղադրված 206 հակակարկտային կայանքներով իրականացվել է շուրջ 16450 հա տարածքի գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանություն կարկտահարությունից, կատարվել է 665728 կրակոց: 2016 թ. մարզում տեղադրվել է 34 նոր կայանք: Մարզում անտառային և խոտածածկ տարածքների հրդեհավտանգության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործընթացի բարելավման նպատակով աշխատակիցները մասնակցել են ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ուսուցմանը:
Ամփոփիչ խոսքում ԱԻՆ ՃԿՊԱ-իտնօրեն Հ. Մաթևոսյանը փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք և նշեց, որ Արմավիրի մարզը հանրապետության համար ունի ռազմավարական մեծ կարևորություն: Նա հույս հայտնեց, որ բոլոր շահառու կառույցների համագործակցության և գորածադրված մեծ ջանքերի շնորհիվ առկա թերությունները տարեցտարի կնվազեն:
Նիստի ավարտին ծառայության ընթացքում ցուցաբերած մասնագիտական ունակությունների, ակտիվ կազմակերպչական գործունեության, անբասիր ու բարեխիղճ ծառայության համար ՄՓՎ-ի մի շարք աշխատակիցներ փոխմարզպետ Մ. Քարտաշյանի և ՄՓՎ պետ Հ. Մարգարյանի կողմից ստացան պատվոգրեր և շնորհակալագրեր:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play