Տեղի է ունեցել «Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկում


Տեղի է ունեցել «Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկում

  • 19-01-2017 19:59:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին անվանի գիտնականներ, թուրքագետներ, քաղաքագետներ, պատմաբաններ, լրագրողներ, մտավորականներ: 
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ նա մասնավորապես նշեց. «Հրանտ Դինքը, որպես խիզախ, համարձակ անհատականություն, դաս և օրինակ է հատկապես երիտասարդության համար: Հրանտ Դինքի գաղափարները, մտքերը, տեսակետները ապրում են եւ կշարունակեն ապրել, որովհետեւ նրա մտածողության մասշտաբները շատ լայն էին, իսկ նրա ստեղծած «Ակոս» թերթը Դինքի ամբողջ գաղափարախոսության շարունակությունն է: Թուրք ստահակ չարագործի ձեռքով 10 տարի առաջ այս օրը զոհվեց ﬔր աﬔնաﬔծ հայերից ﬔկը, եւ այսօր աշխարհի առաջադեմ մարդկությունը, ողջ հայ ժողովուրդը, թուրք մտավորականությունը հիշում է Հրանտ Դինքին և սգում նրա մահը: Շատ բան ունենք սովորելու Հրանտից՝ նաեւ որպես գիտնական, լրագրող: Առանձնակի հուզմունքով ձեռքս առա Մեծ Հայի՝ Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գիրքը: Հուզմունքս, սակայն, աստիճանաբար տեղի տվեց հիացումին, և  աչքերիս առջև հառնեց Դինք խմբագրապետի, հրապարակախոսի, խորհող, մտածող, իր ժողովրդի և աշխարհի բախտով մտահոգ, միջազգային հեղինակություն վայելող մեծ քաղաքացու կերպարը: Մարդ, որ դեպքերն ու իրադարձությունները սթափ ու արդարամիտ վերլուծող հասարակական գործիչ էր, բոլոր հարցերին և´ զգացմունքով, և´ բանականությամբ մոտենալու ունակություն ունեցող հետազոտող, անընդհատ հյուծիչ հալածանքների ենթարկված և նահատակված որակապես նոր մարտիկ»:
Կլոր սեղան քննարկման մասնակիցները հանդես եկան ուշագրավ զեկուցումներով: 
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը ներկայացրեց Հրանտ Դինքի գործունեությունը և թողած հետքը, նշեց, որ իր ազատ խոսքով Դինքը քանդում էր այդ երկրի կեղծիքի պատը:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ելույթ ունեցավ «Հրանտ Դինքը՝ որպես գործիչ և անհատականություն» թեմայով:
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձավ Հրանտ Դինք քաղաքական հայացքներին:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության և պահանջատիրության խնդրի արծարծումները պոլսահայության շրջանում մինչև Հրանտ Դինքը և նրանից հետո: 
Հրանտ Դինքի կյանքը, գործը և հրապարակախոսությունը համապարփակ ներկայացրին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Հետաքրքրական ելույթներով և զեկուցումներով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը,  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալ Գրիգոր Ջանիկյանը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը, թուրքագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերենի բաժնի վարիչ Մելինե Անումյանը, ցեղասպանագետ, քաղաքագետ Մարի Հովհաննիսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Էլինա Միրզոյանը:
Դինքի մասին իր հիշողություններն ու դիտարկումները ներկայացրեց «Ակոս» պարբերականի լրագրող Ծովինար Սիմոնյան-Լոքմագյոզյանը:
Վերջում տեղի ունեցավ քննարկում, ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին հետաքրքիր և ընդգրկուն միջոցառման համար:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն