Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով անվանակոչելու պահանջը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան


Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով անվանակոչելու պահանջը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան

  • 19-01-2017 22:26:35   | Հայաստան  |  Հասարակություն

Լենինգրադյան փողոցն «Ազատագրական Բանակ»-ի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու պահանջով նամակը հունվարի 17-ին հանձնվել է Երևանի քաղաքապետարան: Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:
 
Վերջինիս փոխանցմամբ՝ հավաքվել է 8932 ստորագրություն: 
«Դեռ հայտնի չէ, թե հարցը երբ կդրվի ավագանու նիստի քննարկմանը, սակայն մենք հույս ունենք, որ փետրվարին կայանալիք նիստի ժամանակ այն կքննարկվի» - ասաց Տ. Մարտիրոսյանը, հավելելով, որ քաղաքապետարանը 30-օրյա ժամկետում պետք է իրենց պատասխանի:
Նախաձեռնության անդամը չբացառեց նաև այն տարբերակը, որ 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «դիվեդենտներ» շահելու համար Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով անվանակոչելու հարցին կարող է դրական լուծում տրվել: Տ. Մարտիրոսյանը, մասնավորապես, ասաց. «Դա իրենց խնդիրն է. մեր առաջնային նպատակը Երևանում Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց ունենալն է, և ցանկալի է, որ այդ փողոցը լինի հենց` Լենինգրադյանը»:
Ըստ Տ. Մարտիրոսյանի՝ իրենց նախաձեռնության առաջարկին կսատարի նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Վերջինս նախաձեռնությանն առաջարկել է իրենց խմբակցության աջակցությունը, ասելով, որ նամակին զուգահեռ կփորձի առաջարկը ներառել ավագանու նիստի օրակարգ:
Նրա խոսքերով` քաղաքապետարանի կողմից նախաձեռնության անդամներին այլ տարբերակներ առաջարկվելու դեպքում հարցը կքննարկվի միայն այն պարագայում, եթե պատասխանը համաչափ լինի: 
«Որպես նախաձեռնություն, մենք այլ տարբերակ կընդունենք, եթե առաջարկվի անվանափոխել մեկ այլ բանուկ փողոց, ոչ թե ծայրամասային կամ երկրորդական», - նշեց Տ. Մարտիրոսյանը, ընդգծելով, որ նախաձեռնության անդամները մոտ 9000 ստորագրողների փոխարեն անձնական դիրքորոշում չեն կարող հայտնել:
Տ. Մարտիրոսյանի փոխանցմամբ, քաղաքապետարանի կողմից բացասական պատասխանի դեպքում հարցը հասարակական լայն հնչողություն կստանա: Նախաձեռնության անդամների կարծիքով, որոշումը դրական կլինի, ուստի նման զարգացումների դեպքում քայլերը դեռևս հստակ չեն:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 9-ից Երևանում «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղնախաձեռնության կողմից ստորագրահավաք էր սկսվել՝ Լենինգրադյան փողոցը «Ազատագրական Բանակ» ջոկատի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու պահանջով:
 
Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play