Արայիկ Հարությունյանը ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը


Արայիկ Հարությունյանը ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը

  • 20-01-2017 15:21:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
 
Վարչապետը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով նրանց մշտական ուշադրությունը Արցախի հանդեպ:
«1991 թվականին թևակոխել ենք մեր հայյրենիքի անկախության փուլը և այժմ շատ կարևոր ժամանակահատվածում ենք ապրում՝ գնահատելով անցյալը և գիտակցելով անկախության արժեքը: Ծանր է եղել մեր քսանհինգամյա ընթացքը, առերեսվել ենք բազմաթիվ մարտահրավերների ու խնդիրների, որոնք պատվով հաղթահարել ենք: Աստված տա, որ առաջիկա տարիներին մեզ հաջողվի կառուցել այնպիսի երկիր, որին արժանի են մեր սերունդները: Այդ ճանապարհին Տարոն Մարգարյանն ունի իր ներդրումը, ինչի համար ամիսներ առաջ ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Շնորհակալություն Երևանի քաղաքապետարանի թիմին՝ այս տարիների ընթացքում ձեր մշտական աշխատանքով մեզ աջակցելու և ոգևորելու  համար: Հուսով եմ, որ հետագա տարիներին ավելի է ընդլայնվելու մեր համագործակցության շրջանակը, և հայրենանպաստ այլ ծրագրեր են կյանքի կոչվելու համատեղ ուժերով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Տարոն Մարգարյանը, իր  և քաղաքապետարանի աշխատակիցների  անունից, խորին շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության ու գնահատականի համար: «Մենք միշտ եղել ենք Ստեփանակերտի ու Արցախի կողքին և պատրաստ ենք մեր հետագա աշխատանքով հավատարիմ մնալ համագործակցության ընդլայնման  սկզբունքներին և առաջիկայում ավելի շոշափելի արդյունքներ արձանագրել»,- վստահեցրել է Տ. Մարգարյանը:
Հանդիպման ավարտին Ա. Հարությունյանը ԼՂՀ վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների՝ Ստեփանակերտ-Երևան համագործակցության ամրապնդման և Ստեփանակերտի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Տարոն Մարգարյանը վարչապետ Հարությունյանին  պարգևատրել է Երևանի «Զինանշան» հուշամեդալով, իսկ Երևանի քաղաքապետի պատվոգրով՝ ԼՂՀ կառավարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի մի խումբ աշխատակիցների:
 
 
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play