Վանաձորում տեղի է ունեցել Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը


Վանաձորում տեղի է ունեցել Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը

  • 20-01-2017 15:32:57   | Լոռու մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր՝ հունվարի 20-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Յանդեքսի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ինչպես նաև տեխնոլոգիական և գործարար համայնքի ներկայացուցիչներ, Ծրագրավորման դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ:
 
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Յանդեքս ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:
 
«Անցած տարի Հայաստան ժամանեց Յանդեքս.Տաքսին, Յանդեքս.Քարտեզների վրա հայտնվեցին տվյալներ խցանումների մասին և Երևան քաղաքի մանրամասն համայնապատկերները, վարորդները սկսեցին օգտագործել Յանդեքս.Նավիգատորը, իսկ Յանդեքս.Փողերը, հայ գործընկերների հետ համատեղ, սկսեցին կատարել դրամական փոխանցումներ: Սակայն Յանդեքսը միայն ծառայությունների համակարգ չէ: Այն 
իրականացնում է նաև կրթական ծրագրեր: Հայաստանում բավականին բարձր է գիտական կադրերի մակարդակը, և մենք համոզված ենք, որ այստեղ կան շատ տաղանդավոր երեխաներ, որոնց կարելի է օգնել բացահայտել իրենց ներուժը: Մայրաքաղաքում ուսման շատ հնարավորություններ կան, այդ իսկ պատճառով 
ծրագրավորման դպրոցները կբացվեն առաջին հերթին շրջաններում, որտեղ դրանք առավել օգտակար և արդյունավետ կլինեն»,- նշում է Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:
 
Դասերը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կմեկնարկեն հունվարի 21-ից և կանցկացվեն շաբաթը երկու անգամ: Դասընթացի տևողությունը մեկ տարի է: Այդ ընթացքում երեխաները կհասցնեն յուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները և փորձել իրենց ուժերը փոքր նախագծերում: Ուսուցման ընթացքում 
կիրականացվի սովորողների առաջադիմության մշտական մոնիթորինգ և առաջադիմության գնահատում: Դասընթացը բարեհաջող ավարտած աշակերտները կստանան Հայաստանում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի ավարտական վկայական:
 
Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է: Ուսուցման ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 147 դպրոցականներ, որոնցից ընտրվել է 28 հոգի: Նրանց կդասավանդեն տեղի մասնագետները, որոնք Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում անցել են ընտրության և ուսուցման երկու փուլ:
 
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նպաստում է Հայաստանում տեղեկատվական և բարձրագույն տեխնոլոգիաների զարգացմանը, մեծ ուշադրություն է դարձնում կադրերի պատրաստմանը և ուսուցմանը, դպրոցական տարիքի երեխաների համար իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր, այդ թվում նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Մանսավորապես՝ այդտեղ կազմակերպվել են Kodu վիզուալ ծրագրավորման լեզվի դասընթացներ Վանաձորի և Լոռու մարզի այլ համայնքների դպրոցականների համար: 2016 թվականին առաջին անգամ հանրապետությունում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի 
նախաձեռնությամբ տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել են C++ (basic), Python և HTML5 ծրագրավորման լեզուների առցանց դասընթացներ 9-12-րդ դասարանների աշակերտների համար SoloLearn կրթական հարթակի կիրառությամբ:
 
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Հայաստանում Յանդեքսի առաջին նմանատիպ նախագիծն է: Ռուսաստանում ընկերությունը համագործակցում է դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև լրացուցիչ կրթության շրջանակներում զարգացնում է տարբեր կրթական ծրագրեր: 2007 թվականից Յանդեքսում գործում է Տվյալների վերլուծության դպրոցը՝ երկամյա երեկոյան դասընթացներ, որոնց ժամանակ դասավանդում են մեքենայական ուսուցում, համակարգչային տեսողություն, տեքստերի վերլուծություն և այլ առարկաներ: 2014 թվականին Յանդեքս 
ընկերությունը, «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ համատեղ, բացեց համակարգչային գիտությունների ֆակուլտետ: Յանդեքսի հիմնական ամբիոնը գործում է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ