Մոսկվային հաջողվեց Ադրբեջանին ստիպել հրաժարվել իրեն շանտաժի ենթարկելու կամ հոգեբանական ճնշում բանեցնելու մտքից.Մեկնաբան


Մոսկվային հաջողվեց Ադրբեջանին ստիպել հրաժարվել իրեն շանտաժի ենթարկելու կամ հոգեբանական ճնշում բանեցնելու մտքից.Մեկնաբան

  • 20-01-2017 19:03:39   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանի նախագահ Ալիեւը ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցում է արդիական սպառազինության, պաշտպանական համակարգերի նոր խմբաքանակ ձեռք բերելու համար: Ալիեւը, որ այս օրերին գտնվել է Դավոսում՝ համաշխարհային համաժողովում, ռուսական գործակալությանը ասել է, թե բոլորը գիտեն Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության բարձր մակարդակը:

Ալիեւի հայտարարությունը հաջորդում է Արցախի խնդրի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանը, որը բավական մեծ ոգեւորության առիթ էր Հայաստանի համար: Լավրովը օրերս հայտարարել էր, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի, թե Արցախի խնդիրը հնարավոր չէ լուծել բռնի ուժի միջոցով, պետք է խաղաղ կարգավորում, պետք է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ներդրում: Լավրովը հայտարարել էր, թե այդ հարցում չկա ԵԱՀԿ կոնսենսուս:

Լավրովի հայտարարությունը դրական չէր ընկալել Բաքուն: Արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ռուսաստանն աշխույժ ջանք գործադրելու դեպքում կարող է նպաստել կարգավորման առաջընթացին: Թե ինչ է պատկերացնում Բաքուն առաջընթաց ասելով՝ պարզ է:

Եվ ահա հնչում է Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ բանակցում են Մոսկվայից նոր սպառազինություն գնելու համար:

Ապրիլի պատերազմից հետո ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցությունը որոշակիորեն «կախվեց», ինչպես շատ այլ բաներ թե Ադրբեջանի, թե Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ: Դիմադրելով եւ հետ մղելով ադրբեջանական գրոհը, հայկական զինուժը վերականգնեց ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, որ խախտվել էր նաեւ ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական մեծ ծավալի գործակցության հետեւանքով:

Ռուսաստանի համար շատ դժվար էր Հայաստանի հանրության մոտ իր ապրիլյան պահվածքից հետո առաջացած վերաբերմունքի պայմաններում լիարժեք շարունակել ռազմա-տեխնիկական հարաբերությունը Բաքվի հետ: Միեւնույն ժամանակ, Բաքվի համար էլ թերեւս հարցեր էին առաջացել հայկական դիմադրության կապակցությամբ, քանի որ Ալիեւը Ռուսաստանից մոտ 6-7 միլիարդ դոլարի սպառազինություն չէր գնել ընդամենը 800 հեկտար առաջ շարժվելու համար, այն էլ մեծ կորստի գնով: Ալիեւը այդ սպառազինությունը Ռուսաստանից էր գնել այն պարզ պատճառով, որ այդ պարագայում սպառազինության հետ մեկտեղ ձեռք է բերվում նաեւ դրա կիրառման եւ արդյունքի քաղաքական երաշխիքը:

Ապրիլի պատերազմից հետո Ադրբեջանը կամ կարծում էր, որ Մոսկվան խաբել է իրեն, խաղացել է երկակի խաղ, մի կողմից վաճառել է հայկական շահը եւ անվտանգությունը՝ իր սպառազինության հետ, մյուս կողմից Հայաստանը չի թուլացրել այնքան, որ հնարավոր չլինի դիմադրել Ադրբեջանին, այդ երկակի խաղի շնորհիվ փորձելով մեծացնել ազդեցությունը երկու կողմի եւ հակամարտության ընդհանուր գոտու վրա: Կամ Բաքուն փորձեց ապրիլից հետո իր փակուղային իրավիճակը հաղթահարել գործնականում եւս փակուղի մտած Ռուսաստանի վրա հոգեբանական ճնշման միջոցով:

Դրան ի պատասխան էլ Ռուսաստանը սկսեց հանդես գալ պատասխանով, անելով մի շարք հայտարարություններ ու քայլեր, որոնք մի կողմից ակնառու փորձ էին սիրաշահել Հայաստանի հանրությանն ու կոտրել ապրիլից հետո Ռուսաստանի հանդեպ առաջացած ահռելի անվստահությունը, մյուս կողմից էլ Բաքվին ցույց տալ, որ հեռանկար չունի Մոսկվայի վրա հոգեբանական ճնշման միջոցով ապրիլի արկածախնդրության քաղաքական հետեւանքը հաղթահարելու եւ Մոսկվայի հաշվին փակուղուց դուրս գալու միտքը:

Այդ շարքից էր թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի հայտնի հայտարարությունը, թե Լավրովի օրերս արած հայտարարությունը:

Ահա այդ համատեքստում, Ալիեւը հայտարարում է, որ Մոսկվայի հետ բանակցում են սպառազինության, պաշտպանական ժամանակակից համակարգերի ձեռքբերման շուրջ:

Ի դեպ, այդ առումով արժե հիշել, որ օրինակ 2015 թվականի սեպտեմբերին հենց Լավրովն էր, որ անակնկալ այցով մեկնելով Բաքու, այնտեղ Ալիեւի հետ հանդիպմանը բացահայտ առաջարկեց սպառազինություն գնել Ռուսաստանից: Եվ այդ այցից մեկ օր անց էր, որ Ադրբեջանը սկսեց հրետանակոծել Տավուշի սահմանամերձ բնակավայրերը, այդ ուղղությամբ լարվածությունը պահելով գործնականում սեպտեմբերի ամբողջ ընթացքում:

Խորհրդանշական է, որ հենց Լավրովի հայտարարությունից հետո էլ այժմ Ալիեւը հայտարարում է, թե բանակցում են Մոսկվայից նոր սպառազինություն գնելու համար:

Մոսկվային ըստ երեւույթին հաջողվեց Ադրբեջանին ստիպել հրաժարվել իրեն շանտաժի ենթարկելու կամ հոգեբանական ճնշում բանեցնելու մտքից, բերելով մտքի, որ երկուստեք ռազմա-քաղաքական փակուղուց ելքը գործակցության նախաապրիլյան ծավալներն ու միտումները մեծ թափով վերականգնելն է: Դա կարող է լինել բավական վտանգավոր քաղաքական միտում, հատկապես ռուս-թուրքական հարաբերության եւ գործակցության վերականգնման պայմաններում:

Հայաստանն այստեղ ունի այդ միտումների սպառնալիքները եթե ոչ ամբողջությամբ չեզոքացնելու, ապա զսպված պահելու երեւի թե մի հնարավորություն: Ռուսաստանը պետք է մշտապես զգա հանրային այն վերաբերմունքի շունչը, որ հաստատվեց ապրիլի պատերազմից հետո: Այդ շունչը թուլացնելը նշանակելու է բարձրացնել եւ գեներացնել այն վտանգները, որոնք հանգեցրին ապրիլի ադրբեջանական ագրեսիայի ռազմա-քաղաքական միջավայրի ձեւավորմանը: Կամ հանրային այդ վերաբերմունքը չզիջելով, չնահանջելով իր դիրքերից կպահպանի ապրիլին հայկական զինուժի վերականգնած ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, կամ այդ դիրքերից հանրության նահանջի դեպքում ինչ որ ժամանակահատված հետո՝ կարճ, թե երկար, հայկական զինուժը կրկին ստիպված է լինելու այդ հավասարակշռությունը, վերականգնել ծանր մարտերի եւ կյանքերի գնով:

Իսկ այդ տեսանկյունից, հատկապես նախընտրական շրջանում առանցքային հարց է այն, թե ինչ են անելու քաղաքականության իշխանական եւ ոչիշխանական մասնակիցները Հայաստանում՝ օգնելու՞ են հանրությանը մնալ այդ դիրքում, թե՞ անելու են ամեն ինչ հանրությանը այդ կարեւոր դիրքից հետ մղելու համար:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն