Բեռնափոխադրման համար ոչ պիտանի 400 կոնտեյներ կփոխանցվի ՀՀ պաշտպանության նախարարությանը (Տեսանյութ)


Բեռնափոխադրման համար ոչ պիտանի 400 կոնտեյներ կփոխանցվի ՀՀ պաշտպանության նախարարությանը (Տեսանյութ)

  • 20-01-2017 19:39:52   | Հայաստան  |  Տնտեսություն



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն այցելեցին «Ապավեն» բեռնափոխադրումների ընկերություն` ծանոթանալու ընկերության գործունեությանը:
 
Հայաստանում գործելով ավելի քան 20 տարի` ներկայում «Ապավեն»-ը կայացած տրանսպորտային ընկերություն է, որն արտասահմանում ունի գրասենյակների իր ցանցը, լիարժեք տեխնիկական հնարավորություններ, հաճախորդների և գործընկերների մեծ բազա: Հայաստանից արտերկիր և հակառակ ուղղությամբ տարեկան փոխադրում է 10 000 կոնտեյներ:
 
Արթուր Առաքելյանի խոսքով՝ ընկերության ենթակառուցվածքային հնարավորությունները բավական տպավորիչ են:
 
«Ապավեն»-ի տնօրինության հավաստմամբ` իրենց ներկայիս ռեսուրսները կբավարարեն, եթե անգամ աշխատանքների ծավալը քառապատկվի:
 
Նախարարը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում բեռնափոխադրման ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններին ու խնդիրներին։ Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում խոշոր փոխադրողների հետ` հստակեցնելու բեռնափոխադրման գործընթացում առաջացող խնդիրներն ու խոչընդոտները:
 
Լսելով նաև «Ապավեն»-ի տնօրինության առաջադրած հարցերը` նախարարը խոստացավ քննարկել դրանք օտարերկրյա իր գործընկերների հետ և փորձել լուծումներ գտնել:
 
Վահան Մարտիրոսյանը շրջեց նաև մաքսային ծառայության պահեստում, զրուցեց աշխատակիցների հետ:
 
Այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մի կարևոր խնդրի շուրջ: Տևական ժամանակ է, ինչ ընկերության տարածքում առկա են ժամկետանց կոնտեյներներ, որոնք արդի տեխնոլոգիաների պայմաններում այլևս շահագործման ենթակա չեն: Այդ գույքի շուրջ իրավական խնդիր է առաջացել. մոտ 400 կոնտեյներ դատարանով ճանաչվել է տիրազուրկ:
 
«Ապավեն» ընկերությունը նախարարի խնդրանքով բարի կամք դրսևորեց ու համաձայնեց փոխանցել այդ գույքը` երկրի պաշտպանական կարիքների համար օգտագործելու»,- նշեց նախարարի առաջին տեղակալը:
 
Տեղափոխման հետ կապված կազմակերպչական հարցերը լուծելուց և ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնելուց հետո բեռնափոխադրման համար ոչ պիտանի կոնտեյներները կծառայեն ոչ իրենց նշանակությամբ, սակայն անհրաժեշտ նպատակի:
 
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play