Դասական երաժշտությամբ Անկախության տոնը նշելը միանշանակ հաղթանակ է. Սերգեյ Սմբատյան


Դասական երաժշտությամբ Անկախության տոնը նշելը միանշանակ հաղթանակ է. Սերգեյ Սմբատյան

  • 21-01-2017 12:41:04   | Հայաստան  |  Մշակույթ

 
ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի «Խոսք ու զրույց»  ձևաչափի շրջանակներում երիտասարդական հանրապետականների հետ իրենց հաջողության պատմություններով են կիսվում հասարակական, մշակութային գործիչներ: Նրանց շարքում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Դիրիժորը շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ կատակելով, որ փոքր-ինչ բարդ է նման ելույթը, քանի որ ինքը դեմքով լսարանին կանգնելուն սովոր չէ:
 
«Շնորհակալ եմ, որ խոսում ենք արվեստից: Հուզաված եմ, որ խոսելու ենք «Անկախության սերունդ» նածագծից, որը համախմբել էր շուրջ 1000 երաժշտի: Այն, որ անկախության տոնը մենք նշում ենք դասական երաժշտությամբ, միանշանակ հաղթանակ է: Հենց այս ծրագրով մենք ապացուցեցինք, որ անհավանական տաղանդավոր սերունդ ունենք մեր մարզերում, որոնք ինչ-ինչ պատճառներով այդքան էլ ակտիվ չեն, սակայն նրանց պետք է էլ ավելի ակտիվորեն ներգրավել տարբեր ծրագրերում »-, նշեց Սերգեյ Սմբատյանը:
Հիշելով իր ճանապարհը՝ Սերգեյ Սմբատյանն ասաց, որ 18 տարեկանում ընկերներով համախմբվեցին մեկ գաղափարի շուրջ. իսկ ինչո՞ւ չստեղծել երիտասարդական նվագախումբ: «Ինտելեկտով, տաղանդով կարելի է փոխել աշխարհը, և սա վերաբերում է ոչ միայն մեր սերնդին, ոչ միայն ավագ սերնդին ու հայությանը, այլև ես հավատացած եմ, որ հենց այսպես է կառուցված աշխարհը»:
Խոսելով դասական երաժշտության շուրջ հետաքրքրվածության մասին՝ երիտասարդ դիրիժորն ասաց, որ շատ ոգևորիչ է , որ Հայաստանում կարևորվում և գնահատվում է դասական երաժշտությունը: Սերգեյ Սմբատյանն անդրադարձավ 24.04 համաշխարհային նվագախմբին, որին հրավիրած էին 123 երաժիշտներ 43 երկրներից: «Մենք այս համերգով փոխեցինք շատերի կարծիքն ու ընկալումը մեր մասին, մեր մշակույթի վերաբերյալ: Մենք շատ ենք խոսում մեր հին մշակույթի մասին: Իրականում դասական երաժշտությունն ամենաերիտասարդ արվեստն է, և մենք այն կարող ենք զարգացնել ու  հարստացնել: Կա անսպառ մի ճանապարհ»,- նշեց դիրիժորը:
Սերգեյ Սմբատյանն իր ելույթը եզրափակեց խորհրդով. «Կարևոր չէ լինել հաջողակ. կարևորը երջանիկ լինելն է: Հաջողությունը մեր ժամանակներում կարելի է պարզապես հաշվարկել»:
 
 
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ