Որոշ մարդիկ շատ լուրջ մտավախություն ունեն Վահան Շիրխանյանի կողմից հանրությանը հայտնելիք ինֆորմացիայի վերաբերյալ. պաշտպան (տեսանյութ)


Որոշ մարդիկ շատ լուրջ մտավախություն ունեն Վահան Շիրխանյանի կողմից հանրությանը հայտնելիք ինֆորմացիայի վերաբերյալ. պաշտպան (տեսանյութ)

  • 21-01-2017 14:38:11   | Հայաստան  |  Հասարակություն



«Որոշ մարդիկ շատ լուրջ մտավախություն ունեն Վահան Շիրխանյանի կողմից հանրությանը հայտնելիք ինֆորմացիայի վերաբերյալ»,- հունվարի 21-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում նշեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:
Ըստ նրա` միտումնավոր կերպով թույլ է տրվում, որպեսզի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից Արթուր Վարդանյանի գլխավորած «զինված հանցախմբի» վնասազերծման գործի շրջանակներում 2015 թվականի դեկտեմբերի 21-ից ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը գնալով ավելի վատթարանա:  
 
«Մենք իրավունք չունենք լռելու, եթե լռենք, ապա Վահան Շիրխանյանին բանտում աստիճանաբար կսպանեն»,- ահազանգում է Հ. Ալումյանը` տեղեկացնելով, որ Վ. Շիրխանյանի գործով 3-րդ դատական նիստը դարձյալ հետաձգվել է, քանի որ քրեակատարողական հիմնարկը պատգարակ կամ սայլակ չի տրամադրում մեղադրյալին դատարան հասնելու համար: 
Պաշտպանի խոսքերով` ՔԿՀ-ում քաջատեղյակ են Վ. Շիրխանյանի առողջական ծանր վիճակի մասին, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի վերջինս ոչ միայն դատական նիստերին չներկայանա, այլև չհանդիպի լրագրողների հետ: 
«Պարոն Շիրխանյանը սկսել էր նամակներ գրել, բայց ինքը բաներ ունի ասելու, որոնք չի կարող նամակով հայտնել. Նա ցանկանում է անմիջական շփման ժամանակ լրագրողներին հայտնել իր ասելիքը և պատասխանել լրագրողների հարցերին»,- նշեց Հ. Ալումյանը: 
Վերջինս անդրադառնալով, Վ. Շիրխանյանի առողջական ներկայիս վիճակին և նրանց ցուցաբերվող բուժօգնությանը, մասնավորապես, նշեց. «Մինչ կալանավորումը Վ. Շիրխանյանը գտնվում էր առողջական նախանձելի վիճակում, իսկ կալանավորման ընթացքում փաստացի ձեռք է բերել հաշմանդամություն, ինչպես նաև ստացել թոքի ինֆարկտ: Թրոմբը խցանել էր թոքային զարկերակը, արդյունքում Վ. Շիրխանյանի առողջությանը հասցվել է անդառնալի վնաս»: 
Հ. Ալումյանի փոխանցմամբ` հայտնի անոթաբան-վիրաբույժներից մեկը Վ. Շիրխանյանի մարմնում տեղադրել է պողպատյա ֆիլտր, որն այժմ շեղվել է իր առանցքից և ոտիկներով խրվել անոթի մեջ: 
Նրա կարծիքով` առայժմ Վ. Շիրխանյանի բախտը բերում է, քանի որ այդ ֆիլտրի ոտքն ամբողջությամբ չի ծակել անոթի պատը, հակառակ պարագայում ներքին արյունահոսությունն անխուսափելի կլինի: 
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ում Վ. Շիրխանյանին ցուցաբերվող բժշկական օգնությանը, պաշտպանը նշեց. «Եթե նրանց թղթերը տեսնենք, կզարմանանք, թե ինչ բուժօգնություն է ցուցաբերվում: ՔԿՀ բուժծառայության աշխատակցի կողմից Վ. Շիրխանյանի առողջական վիճակի մասին բոլոր եզրակացություններն ընթերցելիս, կարելի է ասել, որ մեղադրյալն առողջական իդեալական վիճակում է, անգամ կարող է ֆուտբոլ խաղալ, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է և շատ ակնհայտ»: 
Հ. Ալումյանը հիշեցրեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ընդունած որոշման մասին, որով հաստատված է համարվել, որ տեղի է ունեցել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված անձ Վահան Շիրխանյանի իրավունքների խախտում:
Նույն որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարին առաջարկել է անհապաղ տեղափոխել Վահան Շիրխանյանին քաղաքացիական առողջապահական հաստատություն և կազմակերպել նրա անհրաժեշտ խնամքը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել այն պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ում գործողություններով կամ անգործությամբ խախտվել է Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը և վնաս պատճառվել նրա առողջությանը:
Վ. Շիրխանյանի պաշտպանը, դիմելով կալանավորման հրահանգներ տվողներին, դրանք իրականացնողներին և ՔԿՀ-ում անտանելի պայմաններ ստողծողներին, նախազգուշացրեց, որ հավանականությունը շատ բարձր է, երբ մի օր վերոնշյալ անձիք կհայտնվեն կալանավորվածի կարգավիճակում և պաշտպանի կարիք կունենան. «Երբ որ իրենք կդիմեն մեզ իրավաբանական օգնության համար, թող այս օրերը հիշեն»,- ասաց Հ. Ալումյանը:
Նա ևս մեկ անգամ արձանագրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված Վ. Շիրխանյանի գանգատն առաջնահերթ կարգով է քննվելու, իսկ կոնվեցիոն պահանջների խախտման համար Հայաստանը տուգանվելու է մի քանի հիմքերով: 
  
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play