«Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ներքին Սարդարապատի հաջողված փորձարկումն էր


«Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ներքին Սարդարապատի հաջողված փորձարկումն էր

  • 22-01-2017 20:25:46   | Հայաստան  |  Հասարակություն
Ժամանակն է պատմականորեն գնահատելու «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը: Ցանկալի կլիներ դրան ավելի ուշ անդրադառնալ: Սակայն մամուլում և հանրային այլ տեղեկութային հարթակներում ուղղորդված քարոզչություն է կատարվում, որի նպատակն է նսեմացնել «Սասնա Ծռեր»-ի ապստամբության նշանակությունը՝ ձգտելով այն ներկայացնել որպես ձախողված փորձ և, ըստ այդմ՝ ապստամբությունը որպես փոփոխության հասնելու ոչ արդյունավետ մեթոդ:
 
Կա նաև «Սասնա Ծռեր»-ին որպես ահաբեկիչներ ու հանցագործներ ներկայացնելու միտում, սակայն դրան կարիք չկա անդրադառնալու՝ «Սասնա Ծռեր»-ի ապստամբության իրավաչափության և նրանց նկատմամբ ժողովրդի համատարած համակրանքի պատճառներով:
Միևնույն ժամանակ՝ «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը որպես ձախողված փորձ և ապստամբությունը՝ որպես ոչ արդյունավետ մեթոդ ներկայացնող փաստարկումները ևս արժանի չեն հակափաստարկումների:
Այդուհանդերձ, դրանք արագացնում են «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը պատմականորեն գնահատելու պահի հասունացումը և փաստում, որ արդեն առկա է մեր տեսակետներն արտահայտելու անհրաժեշտություն:
1988-ին սկսվեց Հայրենիքի իրավունքի վերատիրացման և հայության առաքելության վերաստանձնման գործնական ժամանակաշրջանը:
Այդ ժամանակ Լեոնիդ Ազգալդյանն ամփոփ և դիպուկ կերպով արձանագրեց Հայրենիքի իրավունքի գերակայության վերահաստատումը միջազգային-իրավական տարաբնույթ կեղծ ու անիրավ սահմանափակումների նկատմամբ՝ «Սա Հայաստան է և վե՛րջ»:
Այդ վերահաստատումը տեղի ունեցավ արտաքին զավթիչի դեմ ապստամբության ձևով դրսևորված ինքնապաշտպանության միջոցով: Հայության հերթական Սարդարապատն էր, որը պսակվեց հաղթանակով: Սարդարապատներն այլ ելք չեն էլ կարող ունենալ:
Հրամանատար-մտավորական Լեոնիդ Ազգալդյանը զենքը ձեռքին, Մասիսի տիրական խաղաղությամբ և ամեն հակաճառություն բացառող տոնով ազդարարեց ոչ միայն Արցախի, այլև ըստ էության ամբողջ Հայքի տարածքի նկատմամբ Հայի իրավունքի վերահաստատման գործընթացի մեկնարկը:
Սակայն Հայրենիքի իրավունքը, նրա տարածքի նկատմամբ իրավունքից բացի, նաև այդ տարածքում Հայի ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքն է՝ Հայրենիքի իրավունքի ներքին, խորքային բովանդակությունը, ինչից բխում է Հայի առաքելությունը, այն, հանուն որի անհրաժեշտ է վերատիրանալ հայրենի տարածքին:
Լեոնիդ Ազգալդյան տեսակը նաև այդ բովանդակային մասը արարողն էր՝ իր օրինակով և գործով արմատավորվող աշխարհայացքով ու կենսակերպով: Ոսոխը, անշուշտ, քնած չէր: Հայի տեսակի զարթոնքի գրեթե բոլոր հրամանատար-ճարտարապետները, այդ թվում՝ Լեոնիդ Ազգալդյանը, մինչ օրս չպարզված հանգամանքներում սպանվեցին:
Այս տեսակի աստղաբույլի ասպարեզից հեռանալու պատճառով կասեցվեց ոչ միայն Հայրենիքի իրավունքի՝ այդ ժամանակ արդեն միանգամայն հնարավոր վերահաստատումը Կուր-Արաքսյան միջակայքի տարածքի վրա և տարածաշրջանում գործոն դարձող պետություն ունենալու ընթացքը, այլև, առաջին հերթին մեր ներսում բովանդակային առումով Հայրենիքի իրավունքի արմատավորումը:
Հետո պարզվեց, որ անգամ վիճարկելի է Արցախի Հայաստան լինելու հարցը:
Հետընթացն ու քայքայումը հասան մեր օրեր:
Օտարի ծառա ներքին զավթիչը, մտածելով, թե արդեն ժողովուրդը կորցրել է դիմադրելու ունակությունը, 2016թ. ապրիլին համարձակվեց տրամաբանական ավարտին հասցնել 1988-ին սկսված Հայի վերահառնումի գործընթացը կասեցնելու և, հետ շրջելով՝ պատմության փակ էջին հանձնելու իր տերերի և իր ծրագիրը:
Ժողովուրդը դեռևս 90-ականների սկզբից էր զգում և հասկանում այս ծրագիրը խափանելու անհրաժեշտությունը, սակայն իր խորքային մշակութացվածության ազդեցությամբ ամեն անգամ հետ էր քաշվում, երբ աչքի առաջ ուրվագծվում էր ներքին Սարդարապատի տեսլականը:
Այս հոգեբանական արգելքի սառույցը սկսեց հալվել Ապրիլյան քառօրյայից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ ներքին զավթիչը դավաճան է: Մինչ այդ խորը կասկած կար, իսկ դրանից հետո եղավ բացահայտում:
«Սասնա Ծռեր»-ը նկարագրված գործընթացի առարկայական արգասիքն են: Նրանք այն կոլեկտիվ Լեոնիդ Ազգալդյանն են, որ ներքին զավթիչի դեմ ապստամբության ձևով դրսևորված ինքնապաշտպանության միջոցով «Սա Հայաստան է և վե՛րջ» ասելու հետ մեկտեղ այն լցրեցին ու մատուցեցին Հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի՝ «Մե՛նք ենք տերը մեր երկրի» բովանդակությամբ: Այսինքն՝ Հայրենիքի իրավունքի վերահաստատումն արձանագրեցին ամբողջական՝ տարածքային և բովանդակային զույգ առումներով:
Նրանք վիժեցրեցին ոչ միայն Արցախի հանձնումը, այլև մեր պետության գաղութացումը: Անշուշտ, իներցիայի ուժով երկուսն էլ դեռ ընթացքի մեջ են, սակայն այլև տեղ չեն հասնելու, քանի որ Հայաստանում ծնվել է իր գլխի տեր սուբյեկտ:
Քաղաքականությունը ուժերի հարաբերություն է:
Հայաստանում այդ հարաբերությունը երաշխավորված էր հօգուտ ներքին զավթչի, քանի որ ժողովուրդն ուներ ներքին Սարդարապատի հոգեբանական արգելք:
«Սասնա Ծռեր»-ի ապստամբության հիմնական «չոր արդյունքը» այդ արգելքի խորտակումն էր և ներքին Սարդարապատի՝ այլընտրանք չունենալն ու երաշխավորված արդյունավետությունը: Սա է պատճառը, որ գաղութային վարչակազմի սազանդարներն ու տարատեսակ պատեհապաշտները ճիգեր են անում ցույց տալու, թե այն ձախողված փորձ էր և որպես մեթոդ արդարացված չէ:
 «Սասնա Ծռեր»-ի ապստամբության շնորհիվ մեկնարկային մակարդակում և ներուժային առումով ուժերի հարաբերության ձևաչափն արմատապես փոխվել և շուռ է եկել:
Այժմ ներքին Սարդարապատը հաջողված արդյունքով փորձարկում է անցել, անշեղորեն աճում է որպես գաղափար, կամք ու մարմին և սպառնում է «Թուր Կեծակի»-ի նման ամբողջ թափով իջնել «Մըսրա Մելիք» համակարգի գլխին և երկու կես անել նրան:
Եթե ժողովուրդը «Դավիթանում է», ապա «Մըսրա Մելիք»-ը նրան տեսնելով ու ճանաչելով՝ իր մահն է տեսնում:
«Մըսրա Մելիք» համակարգի կյանքի թելն այլևս կտրված է:
Ներկայումս «Դավիթ»-ժողովրդի երրորդ ու վճռական հարվածի սպասման փուլն է: «Մըսրա Մելիք» համակարգը քաղցր լեզու է բանեցնում, ընտրությունների տեսքով այլընտրանք է առաջարկում, «խաթր» ունեցող միջնորդներ է հանդես բերում, իր մեծ ու տխեղծ մարմնի շարժումներով, բերանից գոլորշի հանելով և տիրական կեցվածք ցույց տալով ձգտում է վախ ու հուսահատություն ներշնչել և վերականգնել ուժերի նախկին հարաբերությունը: Սակայն իրականում ինքն էլ չի հավատում իր արածին ու աճապարանքով քառասուն գազ հորն է մտնում՝ վրան ջաղացի քարեր ու գոմեշի կաշիներ քաշելով:
Գիտի, որ սատկելու է, բայց ուրիշ տարբերակ չունի, ուստի փորձում է նյութական պատնեշներով պատսպարվել ժողովրդի ցասման հրեղեն թրի հարվածից:
Որպես ամփոփում.
«Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ավարտուն հեղափոխություն էր ազգային-քաղաքացիական գիտակցության մեջ և ներքին Սարդարապատի հաջողված փորձարկում քաղաքական ասպարեզում, ինչը նաև ծնեց հայրենատեր սուբյեկտին:
Առաջիկայում ներքին Սարդարապատի համազգային մասշտաբով իրականացումը նախ ներսում կհաստատի ազատ ու արժանապատիվ Հայրենիքի իրավունք, ապա Կուր-Արաքսյան Հանրապետության ստեղծմամբ կազդարարի Հայրենիքի վերատիրացման և հայության առաքելության վերաստանձնման գործընթացի տարածաշրջանային փուլի մեկնարկը:
Սա Հայաստան է և վե՛րջ:
Մե՛նք ենք տերը մեր երկրի:
 
«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ
Վարուժան Ավետիսյան
21-ը հունվարի 2017թ., «Արմավիր» ՔԿՀ
 
 
   
Նոյյան տապան  -   Հասարակություն