Մահացել է Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Զախար Ավագի Խաչատրյանը


Մահացել է Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Զախար Ավագի Խաչատրյանը

  • 23-01-2017 15:52:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կյանքի 92-րդ տարում իր մահկանացուն կնքեց մեր կերպարվեստի երևելի դեմքերից մեկը՝ Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Զախար Ավագի Խաչատրյանը: Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Դեռ չէր հասցրել դպրոցն ավարտել, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Նա մեկնեց ռազմաճակատ: Պատերազմի ավարտից հետո վերադառնում է հայրենիք և 1946-ին ընդունվում Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, որն ավարտել է 1948 թվականին: Շնորհաշատ երիտասարդը արդեն 1950 թվականին Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի ուսանող էր, որն գերազանցությամբ ավարտեց 1956 թվականին: 1959-1962 թթ. աշխատել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Ալեքսանդր Գերասիմովի արվեստանոցում: 1962 թվականին վերադառնալով հայրենիք նա ակտիվ մասնակցություն է ունենում հանրապետության մշակութային-հասարակական կյանքին: Մասնակցում հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ ունենում Պետերբուրգում, Ժնևում, Մոսկվայում, Երևանում, Էջմիածնում, արժանանում մրցանակների ու դիպլոմների: 
Նրա սքանչելի կտավները կատարված պրոֆեսիոնալ բարձր մակարդակով աչքի են ընկնում գաղափարական նպատակաուղղվածությամբ, որոնք արտացոլում են հանրապետության առաջընթաց կյանքը:
1970-1992 թվականներին, այնուհետև 2012-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981-1994 թթ. ղեկավարել է գծանկարի ամբիոնը՝ իր ողջ գիտելիքներն ու հմտությունները հաղորդելով ապագա մանկավարժների երիտասարդ սերնդին:
 Նա իր հայրենի՝ Սիսիան քաղաքի պատվավոր քաղաքացի էր, Սանկտ-Պետերբուրգի պատերազմի նկարիչ վետերանների խորհրդի նախագան:
Զախար Խաչատրյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին  և երկրորդ աստիճանի  և կարմիր աստղ շքանշանով, արժանացել  պետական բազմաթիվ պարգևների, միջազգային մրցանակների:
Հայրենասերի, իսկական  քաղաքացու և մեծաշնորհ արվեստագետի հիշատակը վառ կմնա իր մտերիմների և գործընկերների սրտում:
 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն