Արայիկ Հարությունյանը ընդունել է Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովվին


Արայիկ Հարությունյանը ընդունել է Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովվին

  • 23-01-2017 17:09:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է  Գերմանիայի  Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին:
 
Վարչապետը բարձր է գնահատել  հայ համայնքի  ծավալած ազգանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել Արցախին օգնություն ցուցաբերելու համար:
 
«Ապրիլյան դժվար օրերին միշտ զգացել ենք սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: Այդ օգնությունը լոկ սոցիալական խնդիրների լուծում չէր, այն առավել ևս հոգեբանական մեծ աջակցություն էր ողջ արցախահայության համար»,- նշել է կառավարության ղեկավարը և Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին հանձնել կառավարության շնորհակալագիրը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  Տեր Տիրատուրը վարչապետին ներկայացրել է իրենց առաքելության մասին և հավելել, որ Արցախի անապահով ընտանիքներին համայնքի կողմից ցուցաբերվող աջակցությունը շարունակական է լինելու:
 
Հանդիպմանը ներկա էին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Սամվել Ավանեսյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:
 
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն