«Իրանցիները կանգնել են իրավիճակը տանուլ տալու հեռանկարի առաջ». Քաղաքագետ


«Իրանցիները կանգնել են իրավիճակը տանուլ տալու հեռանկարի առաջ». Քաղաքագետ

  • 23-01-2017 18:26:35   | Հայաստան  |  Վերլուծություն

Իրանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը վարում է բավական հետեւողական արտաքին քաղաքականություն, ելնելով պրագմատիկ նպատակներից:
 
Իրանը փորձում է Ադրբեջանի հետ երկխոսություն հաստատել, առաջարկելով քաղաքական ծառայությունների որոշակի հիերարխիա, որը ներառում է հետեւողական առաջ քաշվող քաղաքական ռեսուրսների համակարգը: Իրանի այս մարտավարությունը բախվում է Ադրբեջանի մի շարք սկզբունքային պահանջներին, որոնք Իրանի համար դժվար է կատարել:
 
Առայժմ իրանա-ադրբեջանական հարաբերությունները, չնայած որոշ ցուցադրական ակցիաներին, չեն հանգել այնպիսի ռեժիմի, երբ պետք է սպասել Հայաստանի շահերին ուղղված լուրջ քայլեր:
 
Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչների գնահատականով, «Ի տարբերություն Ռուսաստանի, որը մշտապես շփոթվածություն է ցուցաբերում արտաքին քաղաքականության մեջ, հատկապես Կովկասում, Իրանը տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը չի դիտարկում որպես երկարաժամկետ գործոն, եթե նույնիսկ նկատի է առնվում 20 տարին: Այդ պատճառով գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ռազմավարական կարեւոր դիրքերի կորստին, որոնցից մեկը կապված է Հայաստանի հետ հարաբերություններին, անընդունելի են Իրանի համար»:
 
Միեւնույն ժամանակ, ներկայում Թեհրանում Ադրբեջանի հետ հարաբերությունները համարվում են ավելի կարեւոր ու գերադասելի, քան Հայաստանի հետ հարաբերությունները: Դա հստակ է եւ պետք է ընդունել:
 
Անհրաժեշտ է դիտարկել իրանա-ադրբեջանական եւ իրանա-հայկական հարաբերություններում ղարաբաղյան գործոնի նշանակությունը
 
Իրանը միշտ փորձել է Ադրբեջանին ցույց տալ, որ ընդհանրապես շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրով եւ բազմիցս հռչակել է աջակցություն նրա տարածքային ամբողջականությանը: Սակայն Իրանը ժամանակ առ ժամանակ ցուցաբերում է պատմական տրամադրություններ ղարաբաղյան հնարավոր կարգավորման կապակցությամբ:
 
Կան իրանցիների նման պահվածքի բազմաթիվ օրինակներ: 2005 թ. սեպտեմբեր-դեկտեմբերին եւ 2006-ի հունվարին իրանական օֆիցիոզի ներկայացուցիչները ջանքեր են գործադրել կարգավորման գործընթացի պայմաններն ու հանգամանքները պարզելու համար: Իրանցիներն աշխատանքներ են տարել ոչ միայն Հայաստանում ու Ադրբեջանում, այլեւ Մեծ Բրիտանիայում: Կան նշաններ, որ իրանցիները նախնական եզրահանգումներ են կատարել:
 
Ներկայում նման փորձերը կրկնվում են: Այս եզրակացությունները հանգում են նրան, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարներն ու քաղաքական շրջանակներն, ընդհանուր առմամբ, շահագրգռված են կարգավորման գործընթացի զարգացմամբ՝ տարածքները վերադարձնելու հույսով:
 
Իրանցիների կարծիքով, Հայաստանի ու ԼՂՀ ղեկավարները կարգավորման գործընթացը դիտարկում են երկրում քաղաքական ընդհանուր գործընթացի համատեքստում, որպես կարեւոր քաղաքական ռեսուրս:
 
Միաժամանակ, իրանցիները կարգավորման գործընթացում արագ առաջընթաց չեն կանխատեսում, գործընթացը դիտարկելով որպես տարածաշրջանում սեփական քաղաքականության հնարավոր գործոն:
 
Իրանցիները դնում են հետեւյալ քաղաքական խնդիրները.
 
 
- Ադրբեջանին եւ հնարավոր է Արեւմուտքին ցույց տալ, որ Իրանը ղարաբաղյան կարգավորման, կայուն խաղաղության ու կայունության ապահովման կողմնակից է;
 
- Իրանը փորձում է մշակել կոնկրետ գործողություններ, որոնք ուղղված են կարգավորման գործընթացի խափանմանը, ուշադիր հետեւում է իրադարձություններին եւ խորհրդակցությունների կարիք ունի;
 
- Իրանը գտնում է, որ իր վերլուծաբաններին ու հետախուզական ծառայություններին հաջողվել է պարզել կարգավորման իրական գործընթացի հիմնական հանգամանքներն ու շահերը եւ պնդում է, որ այդ գործընթացը դատապարտված է տապալման մի շարք հանգամանքներից ելնելով (ԱՄՆ-ի անվստահ դիրքորոշումը, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հակասությունները, Ադրբեջանի ղեկավարության ու քաղաքական դասի անպատրաստությունը համարձակ որոշումներ ընդունելու հարցում, Հայաստանում իրական դիմակայող գործոնների ընկալման բացակայությունն արտաքին շահագրգիռ կողմերի մոտ);
 
- Իրանի ներկայացուցիչները հակված չեն ընդունել նույնիսկ մեղքի փոքր բաժինը կարգավորման գործընթացի ներկայիս մակարդակի համար, դիտարկելով ընդամենը իրանցի որոշ չինովնիկների դանդաղկոտությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, այդ թվում տնտեսության ոլորտում;
 
- Իրանցիները մեծ մտահոգություն ունեն, որ հայ հանրությանը կպարտադրվի Հարթավայրային Ղարաբաղի ու ընդհանրապես ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշման փոփոխության մասին կարծիքը, տվյալ կարծիքը դիտարկելով որպես Հայաստանի վրա ազդեցության գործոն;
 
- Իրանը փորձում է չարագացնել իրադարձությունները եւ առայժմ բանակցություններ չի վարում Ադրբեջանի հետ խաղաղարար զորքերի հնարավոր տեղակայման շուրջ, չցանկանալով Ադրբեջանին լրացուցիչ լծակ տալ իր հետ հարաբերություններում, սակայն ստիպված է լինելու մտնել այդ հարցով անմիջական բանակցությունների ռեժիմ, օգտագործելով իր ունեցած ճնշման լծակներն Ադրբեջանի դեմ;
 
- Այն դեպքում, եթե Սարգսյանի ու Ալիեւի բանակցությունները սպառնալիք դառնան Իրանի ազգային անվտանգության համար, եվրոպական երկրներում իրանական դիվանագետներն արդեն նախնական հանձնարարություն ունեն Իրանի համար վտանգավոր հետեւանքները կանխելու ջանքեր գործադրելու վերաբերյալ:
 
 
Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիրը Իրանի քաղաքական ու ռազմական բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է, եւ Իրանը պաշտպանական միջոցառումներ կձեռնարկի այդ ուղղությամբ
 
Սարգսյանի ու Ալիեւի միջեւ բանակցությունների արդյունքներից կախված՝ Հայաստանում Իրանի դեսպանատունը ձեռնամուխ կլինի հայկական քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների հետ լայն շփումների՝ պարզաբանելու Իրանի դիրքորոշումն այդ հարցում:
 
Պետք է նշել, որ իրանցիներն այնուամենայնիվ հասկանում են, որ կանգնել են իրավիճակը տանուլ տալու հեռանկարի առաջ եւ չեն կարող դա չընկալել որպես սեփական «սպասման» քաղաքականության արդյունք, որը նրանք բացատրում են «Իրանի հյուսիսում ադրբեջանական բնակչության տրամադրությունները հաշվի առնելու» անհրաժեշտությամբ:
 
Չնայած այս մարտավարական խնդիրներին, Իրանը չի կարող չմշակել պահեստային տարբերակ այն դեպքում, եթե հակամարտության գոտում այնուամենայնիվ հայտնվի խաղաղապահ կոնտինգենտ: Այդ դեպքում ղարաբաղյան հարցում Իրանի հիմնական գործընկերը կդառնա Ադրբեջանը, քանի որ խաղաղապահների խնդիրը կապվելու է Ադրբեջանի իրավունքների ու նախաձեռնությունների հետ:
 
Ժամանակի ընթացքում խաղաղապահ ուժերի վիճակն ու ներկայությունն ավելի ու ավելի կախված է լինելու Ադրբեջանից: Հայաստանն այս հեռանկարում դուրս է մնում Հարթավայրային Ղարաբաղի հողերի հարցում Իրան-Ադրբեջան-Հայաստան հարաբերություններից:
 
Այս իրավիճակն իրանցիները համարում են իրական հեռանկար: Իրանցիները չեն կարող անտեսել այս հնարավոր տարբերակը: Սա կապված է Իրանի ազգային անվտանգության առանցքային խնդիրներից մեկի հետ:
 
Ներկայում, երբ արագացված ռեժիմով կարգավորվում են Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, պետք է հասկանալ, որ Իրանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունների փոփոխություն տեղի չի ունենա:
 
Նախ, դրանից է կախված Իրանի անվտանգությունը, Իրանն իր տարածաշրջանային դիրքերը կառուցելու համար շատ ժամանակ ու ռեսուրսներ է ծախսել: Երկրորդ, Իրանի շահերը տարածաշրջաններում, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում, համատեղվելու են ամերիկյան շահերի հետ:
 
Այդ պարագայում Հայաստանի դիրքերին որեւէ վնաս չի հասցվի:
 
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play