«Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը համահունչ է մեզ».Պարույր Հայրիկյան


«Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը համահունչ է մեզ».Պարույր Հայրիկյան

  • 23-01-2017 18:41:15   | Հայաստան  |  Հարցազրույցներ

ԱԻՄ-ը հայտարարել է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան համագործակցությանը միանալու մասին: Այս եւ այլ հարցերի շուրջ Lragir.am-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ

 

- Պարոն Հայրիկյան, դուք հայտարարել եք, որ ԱԻՄ-ը միանում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և Վիկտոր Դալլաքյանի նախընտրական համագործակցությանը։ Ինչո՞ւ որոշեցիք հենց նրանց միանալ:
 
- Դեռևս նոյեմբերին մենք դիմել էինք բոլոր քաղաքական ուժերին՝ նշելով, որ ընտրությունները Հայաստանում ինչպես նախկինում չեն եղել, հիմա էլ չեն լինի, և դրանից ելնելով՝ առաջարկում էինք ստեղծել միասնական ճակատ՝ հանուն ժողովրդավարության: Բավարար արձագանքներ չստացանք, ինչ-որ չափով կիսատ-պռատ արձագանքներ եղան: Դիմել էինք բոլորին, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի կուսակցություններին: Դրանից հետո մենք հետևում էինք քաղաքական իրավիճակին: Երբ ստեղծվեց Ելք դաշինքը, ես իմ մարդկանց հանձնարարեցի դիտարկել, թե ինչ հեռանկարներ են իրենք տեսնում, ինչ զարգացումներ և նախ և առաջ ճշտել, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը չէին պատասխանել մեզանից ստացած նամակին: Մեզ համար կարևոր էր, այս պահին այդ հարցի հետ կապված մարդկային մոտեցումները ճշտելը մեզ համար կարևոր է:
 

Քանի որ նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց, հետո էլ ստեղծվեց Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան այս դաշինքը, մենք տեսանք, որ այն բավական համահունչ է մեզ: Ճիշտ է, իրենք մեր մոտեցումների պես հստակ չէին տալիս ձևակերպումը, որ ժողովրդավար Հայաստան ստեղծելն է հիմնական նպատակը, բայց ժողովրդավարական Հայաստանի ճանապարհին կանգնած հիմնական խոչընդոտն իրենք տեսնում էին այսօրվա քրեա-օլիգարխիկ իշխանություններին: Եվ քանի որ դռները բաց էր, իրենք հրավիրում էին, մենք հրավերն ընդունեցինք: Մանավանդ, որ այստեղ մասնավոր գործոններ էլ կային, որ Վարդան Օսկանյանը մեր նախաձեռնությանն արձագանքել էր պատրաստակամությամբ, Արամ Սարգսյանի հետ հին ընկերներ ենք, չնայած որոշ հարցերում գաղափարական տարաձայնություններին, իսկ Սեյրան Օհանյանի հետ մարդկային և մասնագիտական մտերմություն, գործնական, նաև անձնական շփումներ կային:

 
Ես զգացի, որ դա կարևոր է, և հարցը դրեցի քննարկման: ԱԻՄ ներկայացուցչական խորհրդում քննարկման ժամանակ սկզբում ձայները կիսվում էին, որովհետև մի մասն ասում էր՝ դա այն դաշինքը չէ, որը մեզ պետք է, մեզ պետք է համընդհանուր ժողովրդավարական դաշինք: Բայց հետո աստիճանաբար եղան այն տեսակետները, որ մենք պետք է առաջին քայլն անենք, սա մեր վերջին քայլը չէ, հետո էլ պետք է շարունակենք խորացնենք, այդպես ստացվեց 19 կողմ, 2 դեմ: Եվ որոշեցինք միանալ նրանց:
 
- Նախքան ձեր որոշումը, հանդիպե՞լ եք Սեյրան Օհանյնաի հետ, ի՞նչ մոտեցումներ ունի նա:
 
- Իհարկե, որոշումից առաջ քննարկել ենք հարցը, ես նկատեցի, որ մեր մոտեցումը՝ իշխանությունը վերադարձնել ժողովրդին, ընկալվում է իրենց կողմից: Այնպես որ, նախնական հանդիպումներ և հեռախոսով զրույցներ բոլորի հետ էլ եղել են:
 
- Այն հանգմանքը, որ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը նախկինում իշխանության մաս են կազմել, ձեզ չի՞ կաշկանդել այս որոշումը կայացնելիս:
 
- Ընդհակառակը, բոլոր նրանք, ովքեր եղել են հակառակ բանակում, եթե իսկապես եղել են, նրանց՝ այս կողմ անցնելն ինձ համար ավելի ողջունելի է: Ես ունեմ իմ անձնական օրինակն այս հարցում: Ես 50 տարուց ավելի քաղաքականության մեջ եմ, 50 տարի առաջ ընտրվել եմ ԱԻՄ երիտասարդական կառույցի ղեկավար: Երբ 1987 թվականին ԱԻՄ-ն ընդհատակից հանում էի, և սկսում էինք բացահայտ գործել, մեր շարքերում բոլորը կոմունիստ ու կոմսոմոլ էին: Եվ հենց այդ կոմունիստներին ես դարձրեցի ԱԻՄ-ական, անկախական, մի քանիսն էլ իրենք էին արդեն ինչ-որ չափով պատրաստ դրան: Օրինակ՝ Անկախություն թերթի հրապարակումը ես տվեցի Կոմունիստական կուսակցության անդամ Ռաֆիկ Համբարձումյանին: Հիմա վաղը, եթե Հովիկ Աբրահամյանը գա ու ասի՝ մենք հին հարևաններ ենք, ուզում եմ միանալ ձեզ, ես պետք է  ասեմ՝ չէ, դու եղել ես վարչապե՞տ: Բարով ես եկել, էս ազգի խնդիրը բոլորինս է: Մենք Հանրապետական կուսակցությանը՝ որպես կառույց, չենք դիմել, բայց ՀՀԿ-ականների հետ պատրաստ ենք աշխատել, նրանց հետ, ովքեր կգան մեր կողմը: ԱԻՄ-ը ոչ միայն ժողովրդավարության մասին ընդհանուր խոսում է, այլ մենք ժողովրդավարությունը խորացնելու, Հայաստանը բացարձակ ժողովրդավար երկիր դարձնելու բանաձև էլ ունենք:
 
 
- Դուք արդեն որոշե՞լ եք, թե առաջիկայում ինչ քայլեր եք անելուվերոնշյալ դաշինքի շրջանակներում:
 
 
-Ես շատ հստակ գիտեմ, թե ինչ պետք է արվի, ես պատկերացնում եմ, թե ինչ պետք է արվի՝ արդյունավետությունն ավելացնելու, հանրությանը գրավելու համար, բայց քանի որ դաշինքն արդեն կար, մենք դիմել ենք իրենց, հիմա իրենց արձագանքը պետք է լինի: Մենք չենք շտապում, չենք շտապեցնում, բայց շատ դանդաղելու ցանկություն էլ չունենք: Այնպես որ, ինքնուրույն որևէ բան այս պահին չենք նախաձեռնի, քանի որ իրենք ստացել են մեր առաջարկը: Հետագայում միասին պետք է աշխատենք, ինչպես իրենք կանեն, այնպես էլ՝ մենք, երևի խորհուրդ պետք է ստեղծենք: Եթե այլ ուժեր միանան, օրինակ, եթե միանա ուժ, որն այսօր խորհրդարանում ներկայացված է, ես կարծում եմ, մենք պետք է մոռանանք, որ ամենաերկար ճանապարհ անցած ու ներդրում ունեցած կուսակցությունն ենք: Պետք է խոսենք այն մասին, որ այս կուսակցությունը պետք է մեկ ձայն ավելի ունենա: Օրինակ՝ եթե ՀԱԿ-ը, կամ ԲՀԿ-ն ու Ժառանգությունը նույնպես միանան մեզ, պետք է խորհրդում մեկ ձայն ավելի ունենան, որովհետև խորհրդարանում են: Մենք պետք է այնպես անենք, որ իրար ընդառաջ գնալով կարողանանք առաջ գնալ:
 
- Իսկ ստեղծվելիք Ծառուկյան դաշինքի հետ միավորմանհնարավորություն դիտարկե՞լ եք:
 
- Ծառուկյան դաշինքի գաղափար լսել եմ, բայց դաշինք նշանակում է տարբեր կուսակցությունների միավորում: Ես ասում եմ՝ բոլորի հետ հանուն ժողովրդավարության պետք է միանալ, եթե նրանք ընթացքում էլ իսկապես ցույց կտան, որ ժողովրդավարությունն արժեք են համարում: Իսկ եթե ուզում են արևի տակ տեղ ունենալ՝ անպայման պառլամենտ մտնելով, ես առանց պառլամենտ մտնելու էլ արևի տակ տեղ ունեմ, այնպիսի տեղ, որ բոլորը մասին դրան հասնել չեն կարող: Հայաստանի ազգային ազատագրական պայքարի ծրագիրը ես եմ մշակել, դարձրել ժողովրդի սեփականությունը: Մեր գործը հեշտ է, որովհետև մենք բարդույթներ չունենք և պատրաստ ենք բոլորին ընդառաջել:
 

- Ձեր կարծիքով՝ ընդհանրապես հնարավո՞ր է առաջիկաընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխել երկրում:

- Եթե բոլոր քաղաքական ուժերը հասկանան, որ գերագույն խնդիրն այսօր քաղաքական դաշտի ստեղծումն է, այլ խոսքով՝ ժողովրդավարական Հայաստանի ստեղծումը, ապա, իհարկե, հնարավոր է: Եթե նույնիսկ այս քառյակին ևս մի քանի կուսակցություն միանա, դա արդեն բավարար կլինի բոլոր հարցերը լուծելու համար: Չեմ բացառում նաև Ելք-ի հետ միացումը, այսինքն՝ միասնական ճակատ պետք է լինի: Ազգային ազատագրական պայքար է, այստեղ չես նայում՝ ով ինչ է արել, ով ինչ չի արել: Ով ինչ-որ վատ բան է արել, ազգային ազատագրական պայքարից հետո նրա հետ այդ վատ բաների համար կխոսվի, բայց հիմա մենք այդ ամենը մի կողմ պետք է դնենք: Նաև վիրավորանքներն ու տարաձայնությունները պետք է անտեսենք:
 
 
 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play