Տոնական ընդունելություն Չեխիայում ՀՀ դեսպանությունում


Տոնական ընդունելություն Չեխիայում ՀՀ դեսպանությունում

  • 23-01-2017 19:30:02   | Չեխիա  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 19-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների ավանդական դարձած տոնական ընդունելությունը։
 
Իր բացման խոսքում Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն անդրադարձավ երկկողմ հարաբերություններին, նշելով, որ 2016 թվականի ընթացքում նախորդ տարիների դրական դինամիկան շարունակվել է, և տարին նշանավորվել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի Հայաստան կատարած պետական այցով, ինչպես նաև մի շարք այլ փոխադարձ այցելություններով։ ՀՀ դեսպանը վստահություն հայտնեց, որ երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը ընթացիկ տարում կընդլայնվի։ Խոսելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից՝ դեսպան Սեյրանյանը հայտնեց, որ մեր երկիրը խիստ շահագրգռված է միջազգային չափանիշներին համապատասխան, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ հայաստանյան ընտրությունների ընթացքին հետևող չեխ պատգամավորները կհամոզվեն դրանում։
 
Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշն իր հերթին շնորհակալություն հայտնեց ավանդական ընդունելության համար և հաջողություններ մաղթեց երկու երկրներին և ժողովուրդներին։
 
Ընդունելությանը մասնակցեցին նաև Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Միխայելա Մարքսովան, շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Մանան, ՉՀ ԱԳՆ պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play