ՀՀ-ում 50 ՄՎտ հզորությամբ առաջին արևային կայանը կկառուցվի մրցութային կարգով ընտրված և նվազագույն սակագին առաջարկող ներդրողի կողմից. Թամարա Բաբայան (տեսանյութ)


ՀՀ-ում 50 ՄՎտ հզորությամբ առաջին արևային կայանը կկառուցվի մրցութային կարգով ընտրված և նվազագույն սակագին առաջարկող ներդրողի կողմից. Թամարա Բաբայան (տեսանյութ)

  • 24-01-2017 17:24:46   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Հայաստանում 50 ՄՎտ հզորությամբ առաջին արևային կայանը կառուցվելու է մրցութային եղանակով ընտրված ներդրողի կողմից, ով առաջարկելու է նվազագույն սակագին արտադրվող էլեկտրաէներգիայի համար: Այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը։
 
Ըստ նրա` Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանը կառուցելու ծրագրով ավելի շատ հետաքրքրված են եվրոպական մեծ երկրները, ինչը պայմանավորված է վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների առումով հայաստանյան օրենսդրության գրավչությամբ: 
«Առաջին արևային կայանի կառուցման ծրագիրն ունիկալ է նրանով, որ սա ոչ միայն առաջին դեպքն է, երբ Հայաստանում կառուցվելու է նման մեծության արևային կայան, այլև մրցութային եղանակով ընտրվում է ներդրողը. Սովորաբար ներդրողներն իրենք են պատրաստում իրենց գործարար ծրագրերը, այն ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), ստանում լիցենզիա և կառուցում կայանը»,- ասաց նա` հավելելով, որ այս պարագայում ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն է պատրաստում ծրագրի փաթեթը, ընտրում կայանի կառուցման նախընտրելի տեղանքը, իրականացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթի պատրսատումը: 
Թ. Բաբայանի խոսքերով` այդ կերպ իրենք հնարավորություն են տալիս մրցույթի մասնակիցներին  առաջարկել նախընտրելի սակագինը` միաժամանակ հստակեցնելով նաև կայանի կառուցման ժամկետները և արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը: 
Նրա փոխանցմամբ` 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցումը Հայաստանի նման փոքր երկրի համար բավականին լուրջ քայլ է, որի իրականացման համար ներդրողից պահանջվելու է մոտավորապես մինչև 50 մլն դոլար և 8 ամիս ժամանակ:   
«Ակնկալվում է, որ մրցույթի մասին հայտարարվելու է ապրիլի վերջից  մարտի սկզբին, իսկ մրցույթի մասնակիցները պետք է ունենան նման հզորության կայան կառուցելու փորձ, փորձառու աշխատակազմ այն գործարկելու համար, հեղինակություն և վարկունակություն. պետությունն իր հերթին ներդրողներին աջակցում է` անվճար տրամադրելով բոլոր ուսումնասիրությունների արդյունքները, այդ թվում արևային ռեսուրսների չափումները, օտարերկրյա խորհրդատվական ըկերությունների կողմից արված տեխնիկատնտեսական հիմնավորումները և մի շարք այլ փաստաթղթեր»,- նշեց բանախոսը` ընդգծելով, որ Հայաստանը երաշխավորում է 20 տարվա ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի ձեռքբերում տվյալ արևային կայանից, ինչպես նաև տրամադրում է  ֆինանսական որոշակի միջոցներ և երաշխիքներ, որպեսզի ներդրողը կարողանա էժան վարկային միջոցների օգնությամբ ավելի ցածր սակագին առաջարկել: 
Անդրադառնալով հունվարի 25-27-ը Երևանում անցկացվելիք «Էլեկտրաէներգիայի շաբաթ 2017» խորագրով միջոցառումների շարքին` Թ. Բաբայանը նշեց, որ այս պահին աշխարհի տարբեր երկրներից շուրջ 50 ներդրումային կազմակերպություններ հաստատել են իրենց մասնակցությունն այդ միջոցառումներին: 
Նրա գնահատմամբ`«Էլեկտրաէներգիայի շաբաթ 2017»-ի շրջանակներում անցկացվող Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովը հնարավորություն կտա հասկանալու օտարերկրյա ներդրողների ակնկալիքները պետությունից և թե որքանով են նրանք պատրաստ գալ Հայաստան` այստեղ ներդնելով սեփական ֆինանսական միջոցները:  
ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի պնդմամբ` վերոնշյալ միջոցառումները միտված են ներկայացնելու ոլորտի վերջին զարգացումները Հայաստանում, առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ