Հայաստանում դեռևս կան վիրաբույժներ, ովքեր շրջանցելով դեղորայքային բուժումը` միանգամից հեռացնում են վահանաձև գեղձը. մասնագետներ (տեսանյութ)


Հայաստանում դեռևս կան վիրաբույժներ, ովքեր շրջանցելով դեղորայքային բուժումը` միանգամից հեռացնում են վահանաձև գեղձը. մասնագետներ (տեսանյութ)

  • 24-01-2017 19:23:43   | Հայաստան  |  Հասարակություն



Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշել այդ օրգանում եղած ցանկացած փոփոխություն, մինչդեռ Հայաստանում դեռևս կան վիրաբույժներ, ովքեր առանց համապատասխան մասնագետների հետ խորհրդակացության, վիրահատական միջամտությամբ հեռացնում են այն: Այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին ոլորտի մասնագետները: 
 
Ըստ բ.գ.դոկտոր, պրոֆեսոր,  ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովայի` վահանաձև գեղձն ամենամեծ էնդոկրին գեղձերից է, որի արտադրած հորմոնները կարգավորում են օրգանիզմի գրեթե բոլոր ֆունկցիաները, հետևաբար նման կարևորագույն օրգան համակարգի նկատմամբ շատ ավելի ուշադիր պետք է լինել հատկապես աննշան գանգատների և համապատասխան մասնագետի ընտրության հարցում: 
«Տարբեր պատճառներով կարող է կատարվել վահանաձև գեղձի ֆունկցիաների խանգարում, որի հետևանքով հիվանդը կունենա խպիպ, այսինքն` չափերի մեծացում, ինչպես նաև վահանձաև գեղձի ֆունկցիայի իջեցման կամ բարձրացման նշաններ»,- ասաց նա` հավելելով, որ լինում են դեպքեր, երբ վահանաձև գեղձում ձևավորվում և զարգանում են հանգույցներ, չարորակ կամ բարորակ գոյացություններ: 
Ե. Աղաջանովայի խոսքերով` դեռևս միանշանակ չէ վահանաձև գեղձը բուժել-չբուժելու հարցի պատասխանը, սակայն ներկայիս մոտեցմամբ` բուժում նշանակվում է այն դեպքում, եթե նկատվում է վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում: 
Մասնագետի պնդմամբ` բոլոր բարդություններն առաջանում են այն ժամանակ, երբ չկա ֆունկցիայի խանգարում, սակայն վահանաձև գեղձում առկա են հագույցներ. «Վահանաձև գեղձում առկա հանգույցի չափերը կամ տեսակը էնդոկրինոլոգը չի կարող միայնակ ախտորոշել, հետևաբար պետք է դիմել այլ մասնագետների օգնությանը ևս. Նման պարագայում ամենահեշտ և մատչելի մեթոդը դա  ուլտրաձայնային հետազոտությունն է, որը տալիս է հնարավորություն տեսնելու վահանաձև գեղձի և չափերը, և կառուցվածքը, և հանգույցների տեսակները»: 
Ե. Աղաջանովան նկատեց, որ մասնագետները հատկապես մեծ ուշադրություն դարձնում են վահանաձև գեղձի հանգույցներն ախտորոշելուն, քանի որ դրանք կարող են լինել չարորակ: 
ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի ավագ դասախոս,  բ. գ. թ., Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկ- ռադիոլոգ Արսեն Բալայանի փոխանցմամբ` վերջին տարիներին տեխնոլոգիական զարգացումների արդյունքում Հայաստանում կան ուլտրաձայնային այնպիսի սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ, ավելի զգայուն կերպով հետազոտել վահանաձև գեղձը: 
«Վահանաձև գեղձի ուսումնասիրության նորագույն մեթոդներից է էլաստոգրաֆիան, որով որոշվում է գեղձում առկա հանգույցի էլաստիկությունը, ինչն էլ նպաստում է հասկանալու տվյալ հանգույցը բարորակ է, թե չարորակ, ինչպես նաև դոպլեր հետազոտություն, որով որոշվում է արյան հոսքը տվյալ հանգույցում»,- նշեց նա: 
Վիրաբույժ – ուռուցքաբան, «Արթմեդ» բժշկական կենտրոնի  Գլխի և պարանոցի  վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ. գ. թ.,  Արամ Բադալյանն էլ վահանաձև գեղձի բուժման հարցում կարևորեց մասնագետների թիմային աշխատանքը, քանի որ ըստ նրա` դեռևս մեծ է այն վիրաբույժների թիվը, ովքեր մոռանում են դեղորայքային բուժման մասին` հիվանդին միանգամից ենթարկելով վիրահատության: 
«Ներկայումս լուրջ խնդիր է ինչպես վիրաբույժների կողմից վահանաձև գեղձի հեռացումն առանց համապատասխան մասնագետների հետ խորհրդակցության, այնպես էլ հետվիրահատական շրջանում էնդոկրինոլոգի վերահսկողությունից դուրս հիվանդի բուժումը»,- ընդգծեց նա` շեշտելով, որ դեռևս չկան նաև իրավական նորմեր, որոնցով կշտկվեն նմանատիպ մասնագիտական խախտումները:     
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն