ՀՀ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը ճանաչվել է Փրկարար ծառայության տարածքային լավագույն ստորաբաժանում


ՀՀ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը ճանաչվել է Փրկարար ծառայության տարածքային լավագույն ստորաբաժանում

  • 25-01-2017 11:30:04   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստն այս անգամ Վայոց ձորի մարզում էր:
 
Ամփոփ զեկույցներին ներկա էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք:
 
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից 2016 թ.-ի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը:
 
Համաձայն զեկույցի՝ 2016 թ.-ին մարզում գրանցվել է 426 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 9 և մարմնական վնասվածք ստացել 124 մարդ: Արտակարգ դեպքերի ընդհանուր վնասը կազմել է 10.444.000 դրամ: 2015 թ.-ի համեմատությամբ՝ արտակարգ դեպքերը նվազել են 20-ով (4.7 %), զոհերի թիվը՝ 3-ով (33.3 %), իսկ վիրավորների թիվն ավելացել է 8-ով (6.4 %): Գրանցված դեպքերից 218-ը տեխնածին են եղել, 109-ը՝ տարերային և 99-ը՝ սոցիալ-կենցաղային:
 
Հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային և հատուկ-տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ: Քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման ուղղությամբ 2016 թ.-ին կատարվել են ՔՊ պլանի ճշգրտման աշխատանքներ, ճշգրտվել է մարզի բնակչության պատսպարման հաշվարկը:
 
Տ. Պետրոսյանի փոխանցմամբ՝ առաջնային կարևորություն է ունեցել նաև մարզում փրկարարական ուժերի պատրաստության բարձրացումը, որի նպատակով հաշվետու ժամանակահատվածում ամենօրյա աշխատանքներ են իրականացվել փրկարարական ուժերի և տեխնիկայի մշտական մարտական պատրաստականության պահպանման ուղղությամբ: ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներում ամեն ամիս անց են կացվել մասնագիտական և շարային պատրաստության պարապմունքներ:
 
Պետը նշեց նաև, որ մարզի համայնքներում ակտիվ աշխատանքներ են տարվում կամավորական խմբերի ստեղծման ուղղությամբ:
 
Մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից 2016թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները ներկայացրեց մարզի ՄՀՏԱՏ պետ Ա. Սարգսյանը:
 
Նշված ժամանակահատվածում կատարվել են օբյեկտների հաշվառման և բոլոր պայթյունահրդեհավտանգ օբյեկտների ուսումնասիրման աշխատանքներ: Գրանցվել է 155 հրդեհի կանչ, որպես հրդեհի դեպք՝ հաշվառվել 119-ը: 2015 թ.-ի համեմատ՝ հրդեհների կանչն ավելացել է 5-ով, որպես հրդեհ գրանցված դեպքերն ավելացել 4-ով: 2015թ.-ին հրդեհների հետևանքով եղել է 1 զոհ, 2 վիրավոր, իսկ 2016 թ.-ին զոհեր և վիրավորներ չկան: Հրդեհների 67.8 % տեղի է ունեցել բաց և խոտածածկ տարածքներում: Մարզի 52 օբյեկտներում տեղադրված հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը գործել է և զանգերը փոխանցել «911» ծառայություն: 
 
Բնակչության շրջանում հակահրդեհային քարոզչությունն իրականացվել է թերթերի, զրույց-զեկուցումների միջոցով:
«Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կատարված աշխատանքները ներկայացրեց գործադիր տնօրեն Ս. Մարգարյանը:
 
Նշված ժամանակահատվածում մարզում տեղադրված դիտակայանները գործել են և շուրջօրյա մոնիթորինգ իրականցրել: Ըստ հաստատված գրաֆիկի՝ սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում է իրականացվել մարզի համայնքային դպրոցներում: Տարվել են համապատասխան աշխատանքներ շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատման նպատակով:
 
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզում տեղակայված ստորաբաժանումների աշխատանքը ներկայացրեց Ջերմուկի օդերևութաբանական կայանի պետ Մ. Ստեփանյանը:
 
Օպերատիվ աշխատանքների արդյունքում՝ մարզում իրականացվել է մոտ 560 հա տարածքի գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանություն կարկտահարությունից, ակտիվ ներգործության է ենթարկվել 12 կարկտավտանգավոր ամպ, կատարվել 6213 կրակոց, ինչպես նաև՝ տեղադրվել է մեկ նոր կայան:
 
Հաշվետու նիստի վերջին զեկույցը ներկայացրեց «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային տեխնիկական անվտանգության բաժանմունքի պետ Ա. Մանուկյանը:
 
Նախորդ տարում տեխնիկական անվտանգության փորձաքննության 113 պայմանագիր է կնքվել, որի արդյունքում փորձաքննության է ենթարկվել 127 օբյեկտ, իսկ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների 59 %-ն ենթարկվել է տեխնիկական անվտանգության փորձաքննության:
 
Մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներն իրենց զեկույցներում անդրադարձան նաև առկա խնդիրներին, համատեղ քննարկեցին անհրաժեշտ անելիքները՝ բացթողումները վերացնելու ուղղությամբ:
 
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը որոշ դիտարկումներ և հանձնարարականներ ներակայացրեց, հորդորեց մշտապես հսկողության տակ պահել հենակետերը: 
 
Որպես ՀՀ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատանքի գնահատական՝ տնօրենը Վայոց ձորի ՄՓՎ պետին հանձնեց Փրկարար ծառայության տարածքային լավագույն ստորաբաժանման անվանակարգում հաղթողի վկայագիրը, շնորհակալություն հայտնեց բարեխիղճ ծառայության համար:
 
-Շնորհակալ ենք բոլորից նման աշխատանքի համար: Սա բոլոր ստորաբաժանումների միասնական և համախմբված աշխատանքի արդյունքն է: Հուսով ենք, որ մեծ ձեռքբերումները դեռ առջևում են, - եզրափակեց տնօրենը:
 
Ամփոփելով նիստը՝ մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի և գնահատականի համար.
 
- Շնորհակալ եմ և համոզված, որ 2017 թ.-ի ամփոփմանը նոր արդյունքներ և նվաճումներ կլինեն:
 
Մարզպետ Հ. Մարգարայանի կողմից բարեխիղճ ծառայության համար պատվոգրերի արժանացան մարզային կառույցի լավագույն հրժեջ-փրկարարները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն