Անասնապահության ոլորտի խնդիրները շարունակում են մնալ առաջնահերթ


Անասնապահության ոլորտի խնդիրները շարունակում են մնալ առաջնահերթ

  • 25-01-2017 13:27:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անասնաբույժները և սննդի անվտանգության մասնագետները մասնակցում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և Կենդանիների նկատմամբ բռնության կանխարգելման թագավորական հասարակության (ԿԲԿԹՀ) կողմից կազմակերպված աշխատաժողովին։
 
2017թ․ի հունվարի 25 - Վերջին մի քանի տարիների ընթացքում անասնապահության ծավալների մեծացումը հանգեցրեց մի շարք խնդիրների՝ ներառյալ կենդանիների բարեկեցության խնդիրները։ Մանրածախ առևտրով զբաղվողները և  մսամթերքի վերամշակողները ներկայումս պահանջում են մսամթերքի ավելի բարձր ստանդարտների կիրառություն, որոնք հիմնականում պայմանավորված են առևտրային համաձայնագրերով։ 
 
Հունվարի 25-26-ին Վրաստանում տեղի ունեցող կենդանիների բարեկեցությանը նվիրված աշխատաժողովին մասնակցում են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի, ինչպես նաև մարզային կառույցների աշխատակիցներ, ովքեր քննարկելու են կենդանիների տեղափոխմանը, սպանդին և անասնապահությանը վերաբերող մի շարք հարցեր։ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և Կենդանիների նկատմամբ բռնության կանխարգելման թագավորական հասարակությունը կազմակերպել էին այս աշխատաժողովը՝ Արևելյան Եվրոպայում կենդանիների բարեկեցությանն առնչվող հիմնահարցերը քննարկելու նպատակով։
 
«Կենդանիների բարեկեցությունը մի բարդ հիմնախնդիր է, որն իր մեջ ներառում է գիտական, բարոյական, տնտեսական, մշակութային, սոցիալական, կրոնական և քաղաքական մի շարք ուղղություններ»,- նշում է ՄԱԿ-ի ՊԳԿ-ի անասնապահության և կենդանիների առողջության մասնագետ Անդրեյ Ռոզստալնին։ «Ներկայումս անասնապահները և սպառողները ավելի շատ են ուշադրություն դարձնում  կենդանիների բարեկեցության խնդիրներին և իրենց կողմից սպառվող ապրանքի որակին։»
 
Կենդանիների բարեկեցության վիճակը գնահատելու նպատակով մինչ աշխատաժողովը այցելություններ էին կազմակերպվել Հայաստան և Վրաստան՝ անասնապահների գործունեությանը և սպանդանոցների վիճակին տեղում ծանոթանալու և գնահատելու նպատակով։ Հիմնվելով կատարված ուսումնասիրության վրա՝ մշակվել են կենդանիների տեղափոխման և սպանդի հետ կապված ուղեցույցներ և առաջարկություններ, որոնք կներկայացվեն աշխատաժողովի ընթացքում։ 
                                                                                          
«Անասնապահության ոլորտում փոփոխություններ հնարավոր է իրականացնել կառավարության, անասնապահների, մսամթերք արտադրողների և միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերով»,-նշում է Ռոզստալնին։ «ՊԳԿ-ն ԿԲԿԹՀ-ի և այլ գործընկեր կազմակերպությունների համատեղ կարող է համակարգել այս նախաձեռնությունները և տարածաշրջանի երկրներին տրամադրել տեխնիկական խորհրդատվություն և աջակցություն։» 
 
Մարդկանց և կենդանիների բարեկեցությունը սերտորեն փոխկապակցված են։ Շատ տարածաշրջաններում  մարդկանց մատակարարվող մսամթերքի անվտանգությունը և որակը անմիջապես կախված են կենդանիների առողջությունից և արտադրողականությունից, ինչն էլ իր հերթին կախված է այն խնամքից, որ ստանում է կենդանին։ Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ կենդանիների բարեկեցության ուղղությամբ կատարվող ծախսերը նպաստում են երկրում պարենի անվտանգության բարձրացմանը և գյուղական բնակչության եկամտի բարձրացմանը։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն