Ի՞նչ է ուզում Հովիկ Աբրահամյանը և ինչո՞ւ է նեղացել Ս. Սարգսյանից

25-01-2017 14:58:38   | Հայաստան  |  Հոդվածներ
armtimes.com. Որքան էլ սպասելի էր Հովիկ Աբրահամյանի՝ Հանրապետական կուսակցությունից հեռանալը, որքան էլ վերջին շրջանում հրապարակումներ էին լինում, որ եթե չբավարարվեն Աբրահամյանի քաղաքական ամբիցիաները, ապա նա կհեռանա իր կուսակցությունից, միեւնույն է, երեկ ՀՀԿ-ն լքելու վերաբերյալ նրա հայտարարությունը նույնքան էլ անակնկալի նման պայթեց:
 


ՀՀԿ-ից Աբրահամյանի դուրս գալը սպասելի էր, քանի որ նրան այլեւս որեւէ բարձր պաշտոն չէին խոստացել: Իսկ բարձր պաշտոն ասելով՝ այս դեպքում պետք է նկատի ունենալ վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Հովիկ Աբրահամյանն արդեն ունեցել է այդ պաշտոնները եւ դրանից հետո նա փոխվարչապետի, նախարարի կամ մարզպետի պաշտոն չէր էլ ցանկանա: Դա քիչ է՝ Սերժ Սարգսյանը որոշել էր, որ այս անգամ նրան չի տրվելու նաեւ ՀՀԿ փոխնախագահի պոստը: Մենք բազմիցս գրել ենք, որ ՀՀԿ փոխնախագահների հարցը որոշվելու է  կուսակցության խորհրդի նիստում, որը սպասվում է դեռ 2016-ի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած համագումարից հետո, բայց որը տեւական ժամանակ է, հետաձգվում է: Այդ նիստը 2 ամիս ձգձգվեց նաեւ այն պատճառով, որ հնարավոր չէր այդ հարցում վերջնական որոշում կայացնել: Հ. Աբրահամյանին այդպես էլ չի հաջողվել ստանալ Ս. Սարգսյանի համաձայնությունը: Հ. Աբրահամյանին չի հաջողվել զբաղեցնել նաեւ ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետի պոստը, ինչը նա կարողացել էր ստանալ 2011թ. ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո:
 
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը երեկ զրույցում չցանկացավ մեկնաբանել այս իրողությունները՝ ասելով, թե ինքը տեղյակ չէ նմանատիպ հարցերից: Իսկ ինչ վերաբերում է Հ. Աբրահամյանի հեռանալուն, ապա իրենք դեռ սպասում են, որ նա կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնի ու բացատրի պատճառները, հետո նոր իրենք կկարողանան պարզաբանումներ տալ: «Ես առավոտյան զանգել եմ նրան, շնորհավորել եմ ծննդյան օրվա առիթով ու հրավիրել եմ խորհրդի նիստին: Նա պատասխանել է՝ շատ լավ, եղավ: Բայց այն ժամանակ կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարությունը դեռ չէր եղել, որ ես էլ պատճառների մասին հարցնեի»,- հավելեց Ռ. Թադեւոսյանը:
 
Ի դեպ Հ. Աբրահամյանը որպես ՀՀԿ փոխնախագահ կուսակցությունում միաժամանակ զբաղեցնում էր նաեւ քաղաքական հանձնաժողովի նախագահի պարտականությունը: Բայց այդ հարցերով վերջին շրջանում կարծես թե հիմնականում զբաղվում է ՀՀԿ մեկ այլ փոխնախագահ՝ Արմեն Աշոտյանը: Ընդ որում, ԿԳ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո կուսակցությունում Աշոտյանի լիազորություններն ակնհայտորեն մեծացել էին: Դա ինչ-որ տեղ նաեւ  Աբրահամյանի հաշվին էր արվել: Եվ պաշտոնից, կուսակցական այս պոստերից զրկվելուց, նաեւ այդ կուսակցությունում որեւէ հեռանկար չտեսնելուց հետո էլ Հ. Աբրահամյանը վերջապես որոշեց դուրս գալ ՀՀԿ-ից: Հատկապես որ նրա խնամի Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ բացում է քաղաքականության փակված էջը:
 
Չի բացառվում, որ Գ. Ծառուկյանն էլ վերադառնալու վերաբերյալ իր վերջնական որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ արդեն պարզ է դարձել, որ Հ. Աբրահամյանն այս անգամ չի ստանա վերը նշված պաշտոնները: Այսինքն Գ. Ծառուկյանի վերադարձը եւ Հ. Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը կարծես թե համատեղ կայացրած որոշման արդյունք է:
 
Իսկ ինչու Ս. Սարգսյանը չի ցանկանում, որ Հ. Աբրահամյանն այսուհետ էլ զբաղեցնի վերը նշված պաշտոնները: Անցած տարիներին բազմաթիվ են եղել խոսակցությունները, որ վերջինս այնքան էլ վստահելի չէ Ս. Սարգսյանի համար: Եվ նա  լինելով ՀՀԿ անդամ, այդ կուսակցության քվոտայով բարձր պաշտոններ զբաղեցնելով՝ իր ինքնուրույն խաղն է տարել: Նա ցանկացել է Գ. Ծառուկյանի հետ միասին առանձին քաղաքականություն վարել, իր ունեցած վարչական ու այլ լծակներով եւ հնարավորության սահմաններում տարբեր քաղաքական իրավիճակներում փորձել է օգնել Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Եվ այս օգնությունը փոխադարձ է եղել: Աբրահամյանն էլ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի միջոցով պարբերաբար ճնշում է գործադրել Ս. Սարգսյանի վրա ու բարձր պաշտոններ ստացել: Հիմա կարծես թե երկուսով ու նոր ձեւավորվելիք դաշինքով ցանկանում են իրենք գալ իշխանության, ինչն էլ ուզում է կանխել Ս. Սարգսյանը:
 
Հ. Աբրահամյանի երեկվա կտրուկ քայլից հետո չի բացառվում, սակայն, որ նա չանդամակցի ԲՀԿ-ին եւ չընդգրկվի դաշինքի համամասնական ցուցակում: Միգուցե դրանից առայժմ կզգուշանա նաեւ Գ. Ծառուկյանն ինքը: Աբրահամյանի ուզածը բոլորովին էլ շարքային պատգամավոր կամ ԱԺ փոխնախագահ դառնալը չէ: Հակառակ պարագայում նա չէր նեղանա Ս. Սարգսյանից եւ ՀՀԿ-ից չէր հեռանա: Իսկ ավելին կստանա, եթե Ծառուկյանի դաշինքը խորհրդարանական ընտրություններում հաղթի: Բայց նման հույսեր փայփայելը Հ. Աբրահամյանի կողմից միամտություն կլինի, չէ որ նա տարիներ շարունակ եղել է իշխանական համակարգում եւ ընդգրկված էր ընտրական գործընթացներում, անգամ ղեկավարել է ՀՀԿ-ի նախընտրական շտաբը: Նա քաջ տիրապետում է գործադրված՝ ընտրական եւ ընտրակեղծարարական բոլոր տեխնոլոգիաներին, որոնց ինքը մասնակից է եղել: Եվ լավ է հասկանում, որ պետական ապարատի դեմ դժվար է պայքարել ու հաղթել:
 
Ուրեմն նրանք ունեն այդ վստահությունը, որը պայմանավորված է ունեցած հնարավորություններով եւ հնարավոր աջակիցներով: Ծառուկյանի կողմից ձեւավորվելիք դաշինքի մասնակիցների շրջանակը գրեթե պարզ է, բայց նրանք չեն կարող մեծ ուժ տալ նրան: Ավելին, շատերը ձգտում են նրա հետ նախընտրական դաշինք ձեւավորել, որ իրենք կարողանան խորհրդարան մտնել: Ուրեմն նրանք այլ հզոր աջակից էլ ունեն: Եվ չի բացառվում, որ դա կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, մամուլի հրապարակումների համաձայն՝ անցած շաբաթ Հ. Աբրահամյանը ՌԴ գնալիս հանդիպում է ունեցել Ռ. Քոչարյանի հետ: Իսկ ինչպես վերջինիս մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն է ասել, խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ուշանում է, քանի որ «քաղաքական գործընթացների տրամաբանությունը որոշակիորեն խաթարված է, դեռեւս չի ձեւավորվել պայքարի պատրաստվող քաղաքական ուժերի վերջնական դասավորվածությունը»: Այդ դասավորվածությունը, ինչպես նաեւ Հովիկ Աբրահամյանի՝ դրանց մասնակցությունը պարզ կդառնա շատ մոտ ապագայում: Եվ մենք գուցե կկարդանք նաեւ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, որից պարզ կդառնա՝ այս անգամ նա կփորձի՞ ընտրություններին ավելի գործուն մասնակցություն ունենալ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից