Ալիեւը կարգադրել է վերականգնել Արցախից զավթած Լելե Թեփե բարձունքի տակ գտնվող գյուղը (Տեսանյութ)


Ալիեւը կարգադրել է վերականգնել Արցախից զավթած Լելե Թեփե բարձունքի տակ գտնվող գյուղը (Տեսանյութ)

  • 25-01-2017 15:07:11   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը



armtimes.com.Ադրբեջանի ղեկավարությունը երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ հասունացող մեծ դժգոհության պայմաններում որոշել է սեփական վարկանիշը բարձրացնելու համար շահարկել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում Արցախից զավթած տարածքների թեման:
 
Բաքվում հանկարծ հիշել են Արցախից զավթած տարածքների հարակից բնակավայրերը վերաբնակեցնելու անհրաժեշտության մասին: Հունվարի 24-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել «Օկուպացիայից ազատագրված Ջաբրայիլի շրջանի Ջոջուք Մարջանլի գյուղի վերականգնման միջոցառումների մասին»: Ըստ այդմ, նախատեսվում է 2017 թվականի պետական բյուջեի պահուստային հիմնադրամից 4 միլիոն մանաթ (մոտ 2.1 միլիոն ամերիկյան դոլար) հատկացնել Ջոջուք Մարջանլի գյուղում սկզբնական փուլում 50 սեփական տուն, դպրոց եւ համապատասխան ենթակառուցվածքներ կառուցելու համար:
 
Գյուղը գտնվում է երբեմնի հայոց Վարազաթումբ կամ ներկայումս առավելապես Լելե Թեփե թյուրքացված անունով հայտնի բարձունքի հարեւանությամբ, որն ապրիլյան պատերազմի օրերին անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Սակայն, թե Ալիեւի հրամանագրի վերնագրից եւ թե ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացված տեղեկատվությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Ջոջուք Մարջանլի գյուղն ադրբեջանցիներին է անցել քառօրյա պատերազմի ժամանակ: Իրականում նշված գյուղը արցախյան պատերազմի ժամանակ մի պահ անցած է եղել արցախյան ուժերի վերահսկողության տակ, սակայն ավելի ուշ այն կրկին հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ եւ այդպես էլ մնացել է 1994 թվականին կնքված հրադադարից ի վեր:
 
Սակայն, քանի որ գյուղը գտնվում է Լելե թեփե բարձունքի տակ՝ հայկական դիրքերի անմիջական տեսադաշտի առաջ, տեղի բնակիչները մինչ օրս այնտեղ չեն վերադարձել: Այժմ, երբ Լելե Թեփեն անցել է ադրբեջանցիներին, հայկական կողմն այլեւս չի վերահսկում Ջոջուք Մարջանլին եւ դրան հարակից տարածքը: Դժվար չէ կռահել, որ փաստերը խեղաթյուրելով Իլհամ Ալիեւը փորձում է սեփական ժողովրդին մոլորության մեջ գցել եւ նման ապատեղեկատվությամբ հերթական հաղթանակի պատրանք ստեղծել։
 
Այնինչ, որքան էլ պաշտոնական Բաքուն փորձի այն ներկայացնել իբրեւ նոր «ազատագրված» տարածք՝ հակառակը ապացուցելու համար բավական է ուսումնասիրել հենց նույն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները գյուղի վերաբերյալ: Եվ ընդհանրապես, Youtube-ում կարելի է տասնյակ տեսանյութեր գտնել անմարդաբնակ եւ գրեթե ամբողջովին ավերված գյուղի վերաբերյալ: Հղմամբ տեսանյութում պատմվում է ազերի երիտասարդների՝ 2012 թվականի մայիսին Ջոջուք Մարջանլի կատարած այցի մասին, որտեղից նրանք մատնացույց են անում Լելե թեփե բարձունքը:
 
Բաքվում այնքան են տարվել Արցախից զավթած որոշ տարածքների շուրջ ծավալած քարոզչությամբ, որ նույնիսկ չեն նկատում, որ որոշ պաշտոնյաների հայտարարություններ հակասում են Ալիեւի ստորագրած հրամանագրի անվանը: Օրինակ, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պաշտպանության, անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Այդըն Միրզազադեն Ալիեւի վերը նշված հրամանագրից ժամեր առաջ հայտարարել էր, թե քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հարակից բնակավայրերի բնակիչներին առաջարկվելու է տեղափոխվել եւ բնակություն հաստատել այնտեղ:
 
«Գրավյալ տարածքների հարակից բարձունքները գտնվում էին Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, ուստի մեր քաղաքացիները չէին կարողանում ապրել այնտեղ, քանի որ դրանք գտնվում էին հայերի կրակահերթերի տակ: Հիմա այդ բարձունքներն անցել են մեր վերահսկողության տակ, ուստի կրակահերթերից ազատված տարածքներում կարելի է վերաբնակեցում իրականացնել»,- ասել է Միրզազադեն: Վերջինիս խոսքով, նախ ականազերծման աշխատանքներ են իրականացվելու, անցկացվելու են ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, գազի խողովակաշար, քանդված տները վերականգնվելու են կամ նորերն են կառուցվելու, ապա ճշգրտվելու է այդ տարածքները լքած նախկին բնակիչների ցուցակը, ինչից հետո նրանց կառաջարկվի վերադառնալ:
 
Այսպիսով, դատելով Բաքվում հնչող հայտարարություններից՝ մինչեւ ապրիլ այդ տարածքներում փորձելու են նկատելի աշխատանքներ կատարել եւ քառօրյա պատերազմի առաջին տարելիցի օրերին ներկայացնել այդ ամենը: Արցախից զավթած տարածքների թեման շահարկելու միջոցով փորձ է արվում կանխել երկրում հատկապես փախստականների շրջանում հասունացող դժգոհությունը՝ կապված վերջիններիս տրված արտոնությունները չեղարկելու որոշման հետ: Այն, որ հայտարարված վերաբնակեցումը սոսկ քարոզչական ակցիա է, վկայում է նաեւ այն փաստը, որ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տասնյակ ավերված գյուղեր կան, որոնք 1994 թվականից ի վեր չեն վերականգնվել կամ վերաբնակեցվել: Երկրում խորացող ճգնաժամի պայմաններում հանկարծ որոշում են ցուցադրական վերականգնել եւ վերաբնակեցնել հենց Ջոջուք Մարջանլին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը