«Հայկական բանակը չի կարող «թույլատրելի կորուստներ» ունենալ».Մեկնաբան


«Հայկական բանակը չի կարող «թույլատրելի կորուստներ» ունենալ».Մեկնաբան

  • 25-01-2017 16:55:18   | Հայաստան  |  Վերլուծություն

Վերջին մի քանի շաբաթներին հայկական ուժերը դիվերսիաների, կրակոցների, դիպուկահարների կրակի հետեւանքով մի քանի կորուստ են ունեցել: Ադրբեջանն ակնհայտորեն գնում է իրավիճակի լոկալ սրման՝ փորձելով Հայաստանի հասարակությունում բողոքի տրամադրություններ հրահրել:

Մինչ այդ, մի քանի տարի շարունակ Ադրբեջանը Հայաստանի եւ Ղարաբաղի հանդեպ ակտիվորեն կիրառել է «ռազմական շանտաժի» քաղաքականությունը՝ այս կամ այն կերպ ներգրավելով գործընկերներ Թուրքիային եւ Ռուսաստանին: Բանը հասել է անգամ խոշոր դիվերսիաների:

Ապրիլին Ադրբեջանի «ռազմական դիվանագիտությունը» ձախողվեց, դրա հետ միասին՝ բանակցությունների ժամանակ Ադրբեջանի բոլոր իրավական փաստարկները:

Այժմ Բաքուն նոր մարտավարություն է ընտրել. փորձում է հայկական ուժերին մշտական կորուստներ պատճառել: Ալիեւը պարզապես սպանում է, քանի որ այլ փաստարկներ չեն մնացել:

Սերժ Սարգսյանը զորացրված զինծառայողների հետ հանդիպմանը փասացի հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծումը փնտրելու են «իրենցից հետո»: Այլ խոսքով, Սարգսյանը թափանցիկ ակնարկ է արել, որ Ղարաբաղի հարցով քաղաքական բանակցությունները դադարեցված են եւ դրանք, հավանաբար կշարունակի ոչ թե ինքը, այլ մեկ ուրիշը: Իսկ առայժմ պետք է դիմանալ:

Այդ պայմաններում հայկական կողմի գլխավոր խնդիրն է դառնում առաջնագծում ծառայողների առավելագույն անվտանգության ապահովումը: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, սակայն «մահացու վիրավորումների» մասին տեղեկությունները խոսում են այն մասին, որ ավելի կրեատիվ քայլեր են պետք:

Տղաների զոհվելու մասին հրապարակումներում հերթապահ բառեր են, նրանց հետմահու արիության մեդալ են տալիս, սակայն այդ տղաների մահվան հանգամանքները հանրությանը չեն ներկայացվում: Ինչի՞ց են մահանում՝ անզգուշությունից, հատուկ առաջադրանքների կատարումից, իսկ միգուցե այն պատճառով, որ ինչ-որ մեկը չի կատարել իր աշխատանքը: Այդպիսի դեպքերից հետո եզրակացություններ արվու՞մ են, թե նույն տեղում նույն պատճառով շարունակում են զինվորներ զոհվել:

Ոմանք կարող են առարկել, որ պատերազմը զոհեր է ենթադրում, եւ վաղուց հաշվարկված է կորուստների «թույլատրելի մակարդակը»: Առավել եւս, որ Ադրբեջանի ներկայիս մարտավարության պայմաններում անհնար է զոհերից խուսափելը:

Հայկական բանակը չի կարող «թույլատրելի կորուստներ» ունենալ: Հայաստանի գլխավոր շտաբի ներկայիս պետը հավանաբար հիշում է ժամանակները, երբ Մարտունու շրջանի ինքնապաշտպանությունը ղեկավարում էր Մոնթե Մելքոնյանը: Տղաները պատմում են, որ նա 100 անգամ փոխել էր տալիս գործողության պլանը, մինչեւ չէին զեկուցում, որ զոհ տալու հավանականությունը նվազագույն է: «Թույլատրելի կորուստներով» գործողություններ չէին իրականացվում:

Ի՞նչ քայլեր են արվում զինվորների անվտանգությունն ապահովելու համար, որոնց պետությունը ծառայության է տարել:

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն