Սամվել եւ Կարեն Կարապետյանների բեկումը Մոսկվայում. նրանք ստացել են կարեւորը


Սամվել եւ Կարեն Կարապետյանների բեկումը Մոսկվայում. նրանք ստացել են կարեւորը

  • 25-01-2017 17:02:17   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանցի միլիարդատեր, Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը Մոսկվայում ՀՀ դեսպանատանը Կարեն Կարապետյանի եւ հայ համայնքի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե պատրաստ է մեծացնել Հայաստանում ներդրումների ծավալը, ինչը պայմանավորված է Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում լինելու եւ Հայաստանում ներդրումային միջավայրում դրական փոփոխությունների հետ:

Սամվել Կարապետյանը Հայաստանի տնտեսա-քաղաքական կյանքի առանցքային դերակատարներից մեկն է: Նրա դերակատարությունն առավել նշանակալից դարձավ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումով, հաշվի առնելով Կարապետյանների թե անձնական մտերմությունը, թե աշխատանքային գործընկերությունը:

Ավելին, բացառված չէ, որ Կարեն Կարապետյանի նշանակումը հենց Սամվել Կարապետյանի դերակատարության արդյունք է: Թեեւ, հնարավոր է նաեւ տարբերակ, որ Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում նշանակեց ակնկալիքով, որ մի կողմից կթուլանա Հովիկ Աբրահամյանը, մյուս կողմից Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանին օգնելու համար կավելացնի Հայաստանում ներդրումները, ինչը կնպաստի սոցիալ-տնտեսական իրավիճակի որոշակի մեղմացմանը:

Իրականությանը հենց այդ վարկածի մոտ լինելու վկայությունն էր թերեւս այն, ինչ տեղի ունեցավ Կարեն Կարապետյանի նշանակումից կարճ ժամանակ անց: Սամվել Կարապետյանը տարածեց հայտարարություն, կապված Հայաստանում մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում կատարելու իր մտադրության մասին մամուլի հրապարակումների հետ:

Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ դրանց նպատակը «արհեստական սպասումներ» ձեւավորելն է: Դա հայտարարության թերեւս ամենաուշագրավ մասն էր: Ու՞մ էր ակնարկում Սամվել Կարապետյանը, ո՞վ էր փորձում տարբեր տեղեկությունների միջոցով առաջացնել սպասում, որ նա պատրաստվում է Հայաստանում անել մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում:

Առաջին հայացքից, Սամվել Կարապետյանը հրաժարվում էր աջակցել վարչապետ դարձած Կարեն Կարապետյանին: Մյուս կողմից, սակայն, ըստ ամենայնի խնդիրը հենց այն էր, որ Սամվել Կարապետյանը հրաժարվում էր ներդրում կատարելուց, քանի դեռ Կարեն Կարապետյանը դե յուրե վարչապետ լինելուց բացի, չի հանդիսանում դե ֆակտո վարչապետ, այսինքն ձեռք չի բերել քաղաքական լուրջ կշիռ, որոշակի հեռանկարներով:

Օրեր առաջ Կարապետյանի պաշտոնավարման 100 օրյա ասուլիսի ընթացքում հնչած հարցերը, մասնավորապես 2018 թվականի վերաբերյալ, նաեւ բավական ուժգնացած թեման՝ վարչապետ լինելու կամ մնալու նրա սահմանադրական արգելքի վերաբերյալ, ակնհայտ դարձրին, որ Սերժ Սարգսյանը չունի Կարեն Կարապետյանին դե ֆակտո վարչապետ դարձնելու մտադրություն:

Այդ ասուլիսին հաջորդեց հրավերը Մոսկվայից, ՌԴ վարչապետ Մեվեդեւի անունից: Մեդվեդեւի հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանը ներկայացրել է բավական հետաքրքիր առաջարկ՝ ստեղծել ներդրումների հայ-ռուսական հիմնադրամ, որը կօգնի ֆինանսավորել Հայաստանի տնտեսության հեռանկարայաին ճյուղերը: Մեդվեդեւը դրական էր գնահատել այդ առաջարկը:

Հազիվ թե Ռուսաստանը պատրաստ է Հայաստանում կատարել լուրջ ներդրումներ: Մոսկվան առնվազն առայժմ չունի դրա թե քաղաքական, թե տնտեսական սուր անհրաժեշտությունը: Իսկ առանց դրա չի անի ներդրում, քանի որ ունի փողի սուր դեֆիցիտ, գտնվում է տնտեսական բավական վատ վիճակում:

Կարեն Կարապետյանն անկասկած պատկերացնում է դա: Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի առաջարկն ըստ ամենայնի քաղաքական առաջարկ է, այսպես ասած դե ֆակտո վարչապետ դառնալու խնդրի լուծմանը միտված առաջարկ, այդ գործում Սերժ Սարգսյանի ծրագրերից պաշտպանվելու կամ այդ ծրագրերին դիմագրավելու հարցում աջակցության ակնկալիքով:

Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը չի կարող դե ֆակտո վարչապետ դառնալ եւ ունենալ Հայաստանի նոր իշխանության ձեւավորման գործընթացում լուրջ հեռանկար եւ հավակնություն, եթե չլուծի այդ խնդրի ֆինանսական հենքի հարցը, ներդրումների, գնի հարցը: Այդ ամենը մի շարք թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով փող արժե: Կարեն Կարապետյանը Ռուսաստանից թերեւս ոչ թե փողն է ուզում, այլ եղած փողի քաղաքական պաշտպանություն:

Կարապետյանի դե ֆակտո վարչապետ դառնալու, այդպիսով քաղաքական կշիռ ձեռք բերելու եւ իշխանության վերաձեւավորման գործընթացում ազդեցություն եւ հեռանկար ունենալու փողն ըստ ամենայնի պատրաստ է տալ Սամվել Կարապետյանը:

Փաստացի, Հայաստանում ներդրումներն ավելացնելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությամբ Սամվել Կարապետյանը հաստատում է իր այդ պատրաստակամությունը:

Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման առաջարկով Կարապետյանները փորձել են ապահովել Սերժ Սարգսյանի հետ դիմակայության քաղաքական հովանին, ինչի պատրաստակամություն Մոսկվան թերեւս հայտնել է, առնվազն Մեդվեդեւի մակարդակում:

Թերեւս հենց այդ պատրաստակամությունից հետո էլ Սամվել Կարապետյանն անում է իր հայտարարությունը, որտեղ այս անգամ չի խոսում «արհեստական սպասումներ» առաջացնելու մասին, այլ հակառակը՝ հայտարարում է, որ մեծացնելու է Հայաստանի տնտեսության մեջ իր ներդրումների ծավալը, քանի որ Կարեն Կարապետյանը վիճակ է փոխել:

Մոսկվայի այցն ըստ ամենայնի արդարացրել է Կարապետյանների սպասումները: Տվյալ պարագայում իհարկե խնդիրն այն է, թե որքանով են դրանք բնական եւ որքանով կարող են լինել «արհեստական»:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play