Արեւմուտքը փորձում է Անկարային մղել հենց Հայաստանի հետ հարաբերության՝ օգտագործելով հայկական հարցը.Մեկնաբան


Արեւմուտքը փորձում է Անկարային մղել հենց Հայաստանի հետ հարաբերության՝ օգտագործելով հայկական հարցը.Մեկնաբան

  • 25-01-2017 17:10:40   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ Սենատը հաստատել է Պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածուին: Թրամփը այդ պաշտոնի համար առաջադրել էր Էքսոնմոբիլ նավթային ըկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը: Սենատում լսումների ընթացքում նրան հարց են ուղղել նաեւ հայերի ցեղասպանության վերաբերյալ: Թիլերսոնը բնականաբար չի օգտագործել ցեղասպանություն բառը:

«1915-ի ողբերգական չարագործությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ցավոտ խնդիրն են մնում, եւ երկու երկրների միջեւ կայուն հարաբերություններ կարգավորելը ԱՄՆ շահերից է բխում։ Հաղթանակի դեպքում ես լիարժեք կուսումնասիրեմ պատմական իրադարձությունները եւ կսկսեմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը՝ հանուն տարածաշրջանային կայունության», հայտարարել է ԱՄՆ նոր պետքարտուղարը:

Նախօրեին, հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ արտահայտվել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, ով այցելել էր հայ եւ թուրք լուսանկարիչների համատեղ ցուցահանդես: Դեսպանն արել էր ուշագրավ հայտարարություն. «Մենք միշտ հստակ նշել ենք, որ հաշտեցման համար անհրաժեշտ է նաև, որպեսզի լինի ամբողջական, լիարժեք ճանաչում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների», հայտարարել է դեսպանը, նշելով, որ ԱՄՆ համար կարեւոր է հայ-թուրքական հաշտեցումը:

Միաժամանակ, դեսպան Միլզը նշել է, թե առայժմ չի կարող արտահայտել ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, քանի որ ընտրական շրջանում թեկնածու Թրամփը չի շոշափել հայ-թուրքական հարաբերության հարցեր:

Նոր պետքարտուղար Թիլերսոնն էլ փաստորեն արտահայտում է նույնը, արձանագրելով, որ խնդիրն իր համար անծանոթ է եւ ունի ուսումնասիրության կարիք:

Այստեղ հատկանշական է այն, որ թե նոր պետքարտուղարը, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանը արտահայտվում են խնդրի ամբողջականության, լիարժեքության անհրաժեշտության մասին: Թիլերսոնը խոսում է, որ պետք է ամբողջական ուսումնասիրի պատմական իրադարձությունները, իսկ դեսպան Միլզը ասում է, որ հայ-թուրքական հաշտեցումը կարող է իրական լինել միայն պատմական իրադարձությունների լիարժեք ճանաչման դեպքում:

Ի՞նչ է պատկերացնում ամերիկյան դիվանագիտությունն այդ ամբողջականության եւ լիարժեքության ներքո՝ տեղի է ունեցել ցեղասպանությու՞ն, թե՞ տեղի ունեցածը ցեղասպանություն չէ:

Ակնհայտ է, որ կա թե այս, թե այն մեկնաբանության հնարավորություն: Փաստ է, որ ԱՄՆ չի ճանաչել այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն: Միեւնույն ժամանակ, հիշարժան է օրինակ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի դեպքը, ով խոսել էր տեղի ունեցածի մասին որպես ցեղասպանություն եւ հետո թողեց պաշտոնը, պարգեւատրվելով նաեւ ԱՄՆ դիվանագիտական պրակտիկայում առկա «կառուցողական անհամաձայնության» պարգեւով:

Արդյոք դեսպան Միլզն էլ, խոսելով «լիարժեք ճանաչման» անհրաժեշտությունից, շարժվում է այդ պարգեւին արժանանալու ուղղությամբ: Թե՞ լիարժեք ճանաչումը չունի այդ իմաստը:

Արդյոք ԱՄՆ նոր վարչակազմը կփոխի վերաբերմունքը հայ-թուրքական թե պատմական իրողությունների, թե ներկայիս հարաբերության եւ հեռանկարի վերաբերյալ: Արդյոք այդ հարաբերությունը նոր վարչակազմի համար այդքան կարեւոր կլինի այդպիսի ուշադրության արժանանալու համար:

Հայ-թուրքական հարաբերության, հաշտեցման հեռանկարի հարցում անկասկած առանցքային է ցեղասպանության ճանաչման խնդիրը: Թուրքիան այդ հարցում հանդես է բերում ագրեսիվ մերժողականություն: Հայաստանը համարժեք ագրեսիվ չէ ճանաչման հարցում եւ նույնիսկ հայտարարում է, որ ցեղասպանության ճանաչումը չի դիտարկում որպես հայ-թուրքական հաշտեցման նախապայման:

Բայց Անկարան աներկբայորեն նախընտրում է խոսել ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ, հայկական հարցում ակնկալելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա:

Մյուս կողմից, Անկարայի այդ պահվածքը համարժեք է թե պատմական իրողություններին, թե ներկայիս իրավիճակին: Անկարան ունի Ռուսաստանի հետ 1921 թվականի պայմանագիրը, որով Ռուսաստանի հետ կարգավորել է հայկական հարցը: Պայմանագիրը երկու երկրների միջեւ գործում է մինչ այժմ, իսկ Հայաստանն էլ որպես պետություն գործում է ավելի շատ ռուսական, քան հայկական շահի տիրույթում: Այդ պայմաններում Անկարան չի հարաբերվի մի պետության հետ, որը չի ցուցաբերում սուբյեկտություն:

Միաժամանակ, ակնհայտ է, որ Արեւմուտքը փորձում է Անկարային մղել հենց Հայաստանի հետ հարաբերության, օգտագործելով հայկական հարցն ու Անկարային ցույց տալով, որ դրա ճնշումը թուլացնելու տարբերակը Հայաստանի հետ հաշտեցումն է:

Հայ-թուրքական հաշտեցումը էապես կթուլացնի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը եւ լիովին կփոխի զարգացման եւ անվտանգության տրամաբանությունը: Միաժամանակ կարեւոր է, սակայն, որ այդ հաշտեցումը չբերի Թուրքիայի ազդեցության մեծացման: Այստեղ առկա են զսպող ներուժ պարունակող մի շարք գործոններ:

Ըստ ամենայնի, Անկարան հենց դա գիտակցելով էլ դիմադրում է հայ-թուրքական հաշտեցման արեւմտյան մոդելին, նախընտրելով հարյուր տարի առաջ Ռուսաստանի հետ պայմանավորված մոդելը:

Այդ մոդելի փոփոխությունը կախված է լինելու հայկական պետականության մոդելի փոփոխությունից: Քանի դեռ հայկական պետականությունը քրեա-օլիգարխիկ մոդելի է, այն զուրկ է լինելու միջազգային ինքնուրույն սուբյեկտությունից:

Ըստ էության, հայ-թուրքական պատմական իրողությունների լիարժեք ուսումնասիրության հարց չկա, այստեղ երեւի թե ամեն ինչ առավել քան պարզ է բոլորի համար: Այստեղ ուսումնասիրության ենթական հայկական պետականությունն է, դրա որակական փոփոխության հեռանկարները:

Եվ այդ իմաստով, պատմական իրողությունների «լիարժեք ճանաչման» մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունն իր դիվանագիտական տողատակում առնչվում է հենց Հայաստանին: Հայաստանը, որպես ժամանակակից պետություն, պետք է լիարժեք ճանաչի այն պատմական իրողությունները, որոնք հանգեցրին ցեղասպանության, հայկական տարածքների կորստի եւ այլ աղետների: Իսկ «լիարժեք ճանաչել» դրանք՝ նշանակում է անել հետեւություններ պետականության ներկայիս որակը, թե ներքին կառավարման, թե արտաքին քաղաքականության մտածողության եւ արժեհամակարգային ներկայիս հիմքերը արմատապես վերափոխելու համար:

Միայն այդպիսի, այսինքն ինքն իր շահի տեր Հայաստանի հետ Թուրքիան ստիպված կլինի հաշտվել:

lragir.am

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play