Ներկայացվել են առևտրի և սպասարկման ոլորտում 2016թ. աշխատանքներն ու 2017թ. անելիքները


Ներկայացվել են առևտրի և սպասարկման ոլորտում 2016թ. աշխատանքներն ու 2017թ. անելիքները

  • 25-01-2017 18:38:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության 2016թ. ծրագրերն ու նախանշել 2017-ի անելիքները: Քաղաքապետի տեղակալը նախ նշել է, որ առևտրի և սպասարկման ոլորտում դեռ տարիներ առաջ ձեռնարկված աշխատանքների հիմքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքար ծավալելն էր: Ըստ այդմ, ձեռքբերումներն ակնառու են, սակայն անելիք դեռ կա:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, առևտրով զբաղվելու համար բոլոր վարչական շրջաններում կառուցվել են 28 փոքր շուկաներ` սահմանված չափանիշների ապահովմամբ: Այդ համատեքստում, մեկ անգամ ևս անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրի անթույլատրելիությանը, Դավիթ Օհանյանը նշել է , որ վարչական տույժերի նպատակը բնավ էլ բյուջեն այս կերպ համալրելը չէ, այլ քաղաքացիներին օրինականության մղելը: «Մենք պարզապես ցանկանում ենք, որ բոլորն օրենքով սահմանված վայրերում և օրենքով թույլատրելի ապրանքներ վաճառեն: Եվ ուզում եմ փաստել, որ արձանագրությունների թիվը տարեցտարի նվազում է»,- նշել է Դավիթ Օհանյանը: Ի հավելումն ասվածի՝ քաղաքապետի տեղակալը հիշեցրել է, որ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ 2016թ. նույնպես գործել է գյուղմթերքի 2 տոնավաճառ: Սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների վաճառքի՝ օրենքով սահմանված պահանջներն ապահովելու նպատակով հսկողություն է իրականացվել նշված գործունեությամբ զբաղվող բոլոր օբյեկտների նկատմամբ`վերը նշված գործառույթները Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ հաստատված կետերի, ներառյալ տեղակայման վայրի և մյուս չափորոշիչների ապահովման նպատակով: Վարչության կողմից իրականացվող հաջորդ գործառույթը ոգելից խմիչքների, ծխախոտի և հանրային սննդի թույլտվության տեղական տուրքն էր, որը նախկինում միատեսակ էր բոլորի համար: 2016թ. ընդունված օրենքով այժմ արդեն տուրքը գանձվում է ըստ գործունեության զբաղեցրած տարածքի մակերեսի: Անդրադառնալով ժամը 24:00-ից հետո գործող օբյեկտներին՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքացիների բողոքների հիման վրա 44 օբյեկտների արգելվել է գործունեությունը կեսգիշերն անց: Տարվա ընթացքում սննդի անվտանգության տեսչության հետ շարունակվել է հսկողությունը պիտանության ժամկետն սպառած ապրանքների, ինչպես նաև անչափահասներին ծխախոտի և ոգելից խմիչքի վաճառքն արգելելու նպատակով: Ինչ վերաբերում է «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման, պայմանների բարելավման և այդ հատվածում վաճառքի համար թույլատրելի ապրանքների ցանկի կանոնակարգմանը. համալիր աշխատանքները տարածքի վարձակալի հետ ավարտվել են, և շուտով «Վերնիսաժը» նորովի ու բարեկարգ կներկայանա երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Ընդ որում, տարածքում նախկինում առևտրային գործունեություն ծավալող քաղաքացիները, որոնք վաճառքի համար Երևանի ավագանու որոշմամբ սահմանված կարգով այլևս տվյալ ապրանքը վաճառելու իրավունք չունեն, տեղափոխվել են քաղաքի համապատասխան այլ շուկաներ ու տարածքներ: 2017թ. կշարունակվի չգործող կրպակների ապամոնտաժումը: Հիշեցնենք, որ, ըստ դասակարգման, նախ ապամոնտաժվում են լքյալ կրպակները, այնուհետ փաստացի տնօրինվող, սակայն չգործողները, ինչպես նաև մայթերի միջնամասում տեղադրված այն կրպակները, որոնք խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play